
Արցախի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը Երևանում, որի մասին նախապես հայտարարվել էր, դեռ չի կայացել։ Նախօրեին անգամ հրապարակվել էր Ստեփանակերտից Երևան մեկնող պաշտոնյաների ցանկը։ Նրանք Երևանում նախատեսում էին քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և Պրահայի հայտարարության արդյունքները։ Այս պահի դրությամբ կողմերը ոչ հերքում, ոչ էլ հաստատում են հանդիպման հավանականությունը։
Բրյուսելյան հարթակի առաջարկներից Արցախում ամենևին ոգևորված չեն։ Այդ փաստաթղթում Արցախի հետագա ճակատագրին և կարգավիճակին առնչվող որևէ կետ նախատեսված չէ։ Արևմտյան միջնորդները դրա համար նախատեսել են առանձին ձևաչափ՝ Ստեփանակերտ–Բաքու ուղիղ երկխոսությամբ։ Վերջին շրջանում առաջարկված բոլոր փաստաթղթերից արցախյան կողմի համար առավել ընդունելի են ՌԴ առաջարկները, որտեղ կետերից մեկով ճիշտ է՝ անորոշ ժամանակով հետաձգված, բայց ամեն դեպքում առանձնացված է ԼՂ կարգավիճակի հարցը։
Այս մոտեցումները «Ռադիոլուր»–ին փոխանցեց Արցախի Աժ «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։ Արցախի խորհրդարանական պատվիրակությունը Երևանում էր մոտ 15 օր առաջ, այդ ժամանակ են փոխանցել իրենց մոտեցումները։ Նախօրեին նախատեսված հանդիպման պատվիրակության կազմում Հարությունյանը ընդգրկված չէր, հետևաբար տեղեկություններ չունի նախատեսված այդ հանդիպումներից։
«Կան, բայց տեղեկություններ չկան»։
Այս հարցի առնչությամբ հստակեցումներ չեն անում ոչ Երևանում, ոչ Ստեփանակերտում։ Արցախի խորհրդարանական մեծամասնության ղեկավար Արթուր Հարությունյանի ներկայացմամբ՝ Արցախում պատրաստ են Ադրբեջանի հետ երկխոսության, բայց հստակեցնում են, թե ինչ պայմաններում կարող է տեղի ունենալ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսությունը։
«Արցախը լիիրավ կողմ պետք է ճանաչվի՝ և՛ հակամրտության, և՛ բանակցությունների կողմ։ Այդ դեպքում մենք կարող ենք լինել անմիջապես շփումների մեջ։ Մենք պետք է լիիրավ կողմ հանդիսանանք և միջազգային հանրության կողմից ընդունված, նաև ՄԽ համանախագահության ձևաչափով ընդունված, որպեսզի կարողանանք հանդես գալ որպես բանակցող կողմ»։
Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի կարծիքով՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության «հում» առաջարկը անարդյունավետ կլինի նաև կողմերի՝ տրամագծորեն հակառակ դիրքորոշումների պատճառով։
«Քաղաքական երկխոսություն Ադրբեջանը հրաժարվում է վարել։ Եթե խոսակցությունը ինչ–որ կենցաղային խնդիրների մասին է՝ այնտեղ շինարարություն է իրականացվում և այլ գործընթացներ, ապա այսպես, թե այնպես այդ խողովակները որոշակիորեն կարող են աշխատել։ Բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանը բացառում է որևէ կարգավիճակ Արցախի համար, Արցախն էլ բացառում է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Այս պարագայում, խոսակցության մասին, որտեղ չկա հստակ միջնորդական մեխանիզմ, քննարկում և գործիքակազմ, չի կարող դա որևէ արդյունք տալ»։
Թեև Արցախում ձևակերպել են Բաքվի հետ երկխոսելու պահանջը, բայց այնտեղ էլ են գիտակցում, որ Ադրբեջանը չի համաձայնի Ստեփանակերտին ընկալել որպես հակամարտության կողմ, առանվել ևս երբ Ալիևը պարբերաբար պնդում է, թե լուծել է հակամարտությունը։
Այսպիսի պայմաններում ինչի՞ մասին կարող են երկխոսել Ստեփանակերտն ու Բաքուն։ Միախառնված գործընթացների արդյունքները վերլուծելով արցախցի պատգամավոր Արթուր Հարությունյանը առանձնացնում է հետևյալ դրույթները․ Պրահայի քառակողմ հանդիպման հայտարարությունը, Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը, մինչ այդ՝ Հայաստանին Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի 5 դրույթները, որևէ կերպ չեն առնչվում Արցախի ինքնորոշման իրավունքին։ ԽՍՀՄ փլուզման հիմքերը և միջազգային տարբեր փաստաթղթերը հիմք են տալիս Արցախին պնդելու, որ Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապ չունի։
«Որովհետև այդ երկու հանրապետությունները ստեղծվել են ԽՍՀՄ փլուզման ժամանակ 1991–ի ապրիլին ընդունված ԽՍՀՄ օրենսդրության համաձայն, որտեղ նշվում է, որ միավորները, այդ թվում՝ ինքնավար մարզերը, իրավունք ունեն իրնորոշման իրավունքի հիման վրա առանձնանալ և ստեղծել առանձին պետություն, ինչը մենք 1991 թվականին արել ենք։ Բոլոր միջազգային իրավանորմերով Արցախի Հանրապետությունը ստեղծվել է նույն իրավազորությամբ, ինչպես Ադրբեջանի Հանրապետությունը։ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից նաև այդ սկզբունքը ընդունվեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքը ավելի բարձր է, քան՝ տարածքային ամբողջականությունը։ Տվյալ դեպքում եթե Կոսովոյի օրինակը վերցնենք, հենց նույն իրավիճակն է»։
Պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանը նաև պատմական այլ փաստաթղթեր է մեջբերում, որոնք հիմնավորում են, որ թե 1918–20 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության, թե 1921 թվականի խոորհրդային խնդրահարույց որոշումներով Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի մաս։
«Եթե Ադրբեջանը 1991 թվականի օգոստոսի 30-ին հռչակեց անկխություն, Արցախը հռչակել է սեպտեմբերի 2–ին և հետո հանրաքվեով ամրագրել է դա։ Բոլոր իրավական մեխանզիմներն առկա են։ Վերջերս կարծիք հանդիպեցի և, կարծում եմ, դա վատ առաջարկ չէ, որ միգուցե պետք է դիմել միջազգային դատարան այդ ամբողջ փաստաթղթային հենքով։ Թող միջզգային դատարանը վճիռ կայացնի այս առումով։ Հակառակ դեպքում մեխանիզմներն ընդհանրապես չեն աշխատում։ Ցանկացած կարգավիճակով Ադրբեջանի կազմում լինելը նշանակում է հայ բնակչության բնաջնջում կամ արտաքսում, ուրիշ տարբերակ այնտեղ լինել չի կարող»։
Արցախում ենթադրում են և դա «Ռադիոլուր»-ին փոխանցում է Արցախի խորհրդարանի ամենամեծ խմբակցության ղեկավարը, որ եթե խաղաղության պայմանագրի նախագծում ներառված 5 կետերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հստակ նշում չկա, ապա, ստացվում է, որ երկու գործընթացները տարանջատվում են:




