Հասարակություն

Արմավիրում եւս մի ընտանիք Նոր տարին կդիմավորի սեփական բնակարանում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Արմավիր քաղաքի բնակիչ Գոհար Հովհաննիսյանը իր անչափահաս երեք տղաների հետ Նոր տարին դիմավորելու է իր սեփական բնակարանում, որի մասին  տարիներ շարունակ երազել է: Անօթևան ընտանիքի համար Ձմեռ պապի դերը ստանձնել էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Գոհար Հովհաննիսյանի ընտանիքի կացարանը 9 տարի եղել է Արմավիրի նավթի բազայի վարչական շենքի մի հատվածը:  Նոր տարվա շեմին իրականացավ մոր և երեխաների  երազանքը:

Արմավիր քաղաքի  հյուսիս- արևելյան թաղամասի 29/2 առանձնատունը 0,116 հա հողամասով արդեն Գոհար Հովհաննիսյանի սեփականությունն է, որի մասին երազել է յուրաքանչյուր տարեմուտի։ Գոհարը 3 որդի ունի. Գրիգորը 14 տարեկան է, Աբրահամը` 12, իսկ Հարությունը` 10։ Ասել է, թե 3 զինվոր, որոնք տարիներ հետո  դառնալու են մեր հայրենիքի պաշտպանները: Չունենալով բնակարան՝ նրանք Նոր տարին միշտ դիմավորել են արտասովոր պայմաններում: Առանց Նոր տարվա բացված  սեղանի, իսկ տոնածառի շուրջը պտտվելու փոխարեն բակում այրել են ավտոմեքենայի անպետք անիվներն ու շուրջը պտտվելով ուրախացել։

Երեխաներին մեծ դժվարությամբ է պահում, բայց`սեփական քրտինքով: Գոհարի աշխատանքային գործիքները բահը, քլունգը, մուրճը և մետաղյա ծանր գործիքներն են, որոնցով վաստակում օրվա հացը։ Գոհար Հովհաննիսյանը  3 երեխաների հետ ապրել է նկուղային հարկերում, իսկ վերջին 9 տարում կացարան էր ընտրել Արմավիրի նավթի բազայի վարչական շենքի ճաշարանի  մի փոքրիկ հատվածը, որը զրկված էր կոմունալ հարմարություններից:

Գոհարի բնակարանային պայմանների բարելավմանն աջակցեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով իր և բարերարների  միջոցներով Գոհարի ընտանիքին նվիրեց 4 սենյականոց  սեփական առանձնատուն: Գոհարն ու իր որդիներն արդեն որոշել է հետագա անելիքների մասին:  Առաջնեկը ավտոմեխանիկ է դառնալու, սեփական հողամասում կառուցելու է արհեստանոց և օգնելու է մորը:

Ամանօրյա նվերն արդեն պատրաստ է, սեփական բնակարանի կարմիր ժապավենն էլ կտրում է Գոհար Հովհաննիսյանի 2-րդ զավակը` Աբրահամը:  Բնակարանամուտի և ամանօրյա լավագույն բարեմաղթանքը Գոհարի ընտանիքին ուղղեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։

Տարեմուտը սեփական հարկի տակ նշելու 10-ամյա Հարությունի բարեմաղթանքի խոսքը ողջ ընտանիքի կողմից է. «Գոհանանք` երկնայինից, չդժգոհենք լույս կյանքից սրտերը մեր ջերմանան, տիրոջ սիրուց անսահման»։

Back to top button