
Ֆանաջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը նշում է գործունեության 75 ամյակը։ Հոկտեմբերի 8-ին այստեղ նոր պալեատիվ ծառայության կենտրոն է բացվել։ Քաղցկեղ ունեցող անձինք պետք է հնարավորություն ունենան բուժման ամբողջ կուրսն անցնել Հայաստանում, իսկ եթե բուժումն այլևս հնարավոր չէ, պետք է արժանապատիվ խնամք ստանան։ Այս նպատակով շահագործման են հանձնվել 30 սենյակներ, որոնք հիվանդի համար ստեղծելու են հոգեբանական ու ֆիզիկական լավագույն պայմանները։
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում նոր կարմիր ժապավեն են կտրում․ բացվում է անբուժելի հիվանդների համար արժանապատիվ խնամք ապահովող պալեատիվ ծառայության նոր կենտրոնը։ Ստեղծվել է 30 սենյակ, բոլորը՝ դեպի բակ նայող պատուհաններով, կանաչ միջավայրով և ջրի հանգստացնող ձայնով։ Կենտրոնում ասում են, որ հիվանդը կյանքի վերջին օրերը պետք է կարողանա անցկացնել բժիշկների հսկողության տակ, սակայն ոչ հիվանդանոցին հատուկ սառը պայմանների։ Պալեատիվ օգնության կլինիկայի ղեկավար Հրանտ Կարապետյան․
«Մոտավոր շահառուները, եթե հիվանդների ընտանիքներին էլ ենք հաշվում, 80-100 հազար են ամեն տարի։ Հայաստանի կարիքները 150 մահճակալ է, մենք կարողացել ենք ընդամենը 30 մահճակալի բացում անել այսօր, բայց պլաններ ունենք իրականացնել քայլեր, որոնցով կբավարարենք պահանջարկը»։

Սա տարածաշրջանում եզակի կենտրոն է։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասում է, որ քաղցկեղ ունեցող մարդկանց բուժման ողջ ցիկլը ապահովելը առաջնային խնդիր է Հայաստանում։ Իրականացվում է հիվանդության կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, բուժումը։ Սակայն, նախարարի կարծիքով, ոչ պակաս կարևոր է նաև ամոքիչ բժշկական օգնություն տրամադրելը։
«Դա ևս շատ կարևոր մաս է պացիենտակենտրոն բժշկական համակարգ ունենալու տեսանկյունից, մարդկային պայմաններ ստեղծել թե՛ հարազատների, թե՛ պացիենտների համար, այդ դժվար ընթացքն էլ անցնել հոգածության, խնամքի, ճիշտ բժշկական օգնության շրջանակներում։ Այս պահին էլ մենք իրականացնում ենք պալեատիվ բժշկական օգնություն թե՛ ամբուլատոր՝ տնային պայմաններում, թե՛ երբեմն բժշկական կենտրոնում։ Բայց մեր նպատակն էր ունենալ առանձնացված, նոր չափորոշիչներին համապատասխան, գեղեցիկ, մարդկայինն պայմաններ»։

Ուռուցքաբանական ազգայի կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանն ասում է, որ Հայաստանում քաղցկեղ ունեցողների 70-80 տոկոսը բուժվում են այս կենտրոնում՝ վճարովի հիմունքներով կամ պետպատվերի շրջանակում։ Նոր բաժանմունքում ևս նախատեսվում է վճարման այդ երկու տարբերակը։ Տնօրենի խոսքով՝ կենտրոնը զարգացած երկրների հետ մրցակցելու հավակնություններ ունի․
«Մենք նպատակադրվել ենք առաջիկա 2 տարիների ընթացքում դառնալ զարգացած երկրներում հայտնի ուռուցքաբանական կլինիկաներին հավասար մրցակից։ Իրականում սրանք զուտ խոսքեր կամ տեսլական չեն. վերջին 3 տարում բուժհիմնարկում կատարվել են մեծածավալ աշխատանքներ թե՛ կենցաղի, թե՛ սարքավորումների և թե՛ նոր մասնագետների ու ծառայությունների ուղղությամբ»։
Պալեատիվ ծառայության կենտրոնի բացմանը զուգահեռ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը նշում է ստեղծման 75 ամյակը։ Կենտրոն այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ կենտրոնի և ողջ առողջապահական համակարգի համար պետք է առաջնային լինի ոչ միայն հիվանդությունների բուժումը, այլ դրանց վաղ ախտորոշումն ու կանխումը։

«Ուռուցքաբանության ազգային կենտրոնն, իհարկե, մեր երկրի կարևորագույն առողջապահական ինստիտուտներից, հաստատություներից մեկն է: Եվ մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ, իսկապես, ուռուցք ունենալը դատավճիռ չէ: Հատկապես ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման այս տեմպի մեջ քաղցկեղը սկսվում է դասվել սովորական հիվանդությունների շարքին: Ես ուրախ եմ, որ մենք կարողանում ենք քայլ առ քայլ հասնել նրան, որ Հայաստանում ևս այդ ընկալումը հաստատվի»:
Վարչապետի խոսքով՝ առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ ամաչելու առիթ չի եղել, սակայն նման հաստատությունների զարգացումը ոլորտը նոր մակարդակի վրա կդնի։ Վարչապետն ասում է, որ առկա խնդիրները միայն շենքային՝ ենթակառուցվածքային են, իսկ գիտամասնագիտական ոլորտում հաջողություններն իսկապես մեծ են։ Փաշինյանը տեղեկացնում է, որ կառավարությունը Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցչի հետ կապված շատ կարևոր որոշում կայացնելու շեմին է։ Դա պետք է օգնի, որ ուռուցքները վաղ հայտնաբերվեն ու հնարավորություն տա պատշաճ մակարդակով խնդիրը լուծել:




