
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Ամանորյա տոնական սեղանները տարեց տարի հեռանում են մեր ավանդականից, ու դա պատահակն չէ: Մեր այժմ հնարավորություն ունենք հաճախակի համտեսելու նաև այլազգիների ազգային ուտեստները, ուստի դրանք կամաց-կամաց հայտնվում են հայկական օջախներում, և այսօր նաեւ ծովային կենդանիները, բազմատեսակ անհայտ մրգերն ու խմորեղենները, այս տարի նաև կոկորդիլոսը դառնում են հայկական հյուրասիրության բաղկացուցիչ մասը:
Մեր նախնիներն ունեցել են 3 ամանոր, որի ժամանակ սեղանները զարդարել են մառանի ուտեստներով, ասում է «Հայ խոհարարական ավանդույթների պահպանում և զարգացում» հկ նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Մարտի 21-ին նշված Նավասարդը, Մամուլյանի ձևակերպմամբ, ամենաբնական Նոր տարին է եղել: «Ամենակարևոր ուտեստները դրանք քաշիկան են։ Սա հարիսայի տարատեսակ է։ Նույն բաղադրությունն է, միայն տարբեր է պատրաստման եղանակը: Նույն միսն ու ձավարն է, սակայն առանց հարվելու է պատրաստվում, որպեսզի գալիք տարին խառնակ և պատերազմներ չլինեն»։
Այս կերակուրը պահպանվել է Ջավախքում, Շիրակի և Սյունիքի մարզերում: Ըստ խոհարարի` սեղանները պետք է զարդարված լինեն իմաստավորված ուտեստներով: Օրինակ՝ հնում սովորություն կար Ամանորին սեղանները զարդարել նաև տարեհացով, որի մեջ տեղադրվում էր մետաղադրամ: Հացը բաժանում էին տան անդամների քանակով, և ում ընկներ մետաղադրամը, նրա համար էլ տարին կլիներ հաջողություններով լի: Սակայն սեղաններն ունեցել են նաև հետաքրքիր ձևավորումներ:
Եթե նախկինում նախապատրաստական աշխատանքները արարողակարգերով էին ուղեկցվում, ապա հիմա սեղանները զարդարվում են «ծուլաբար»՝ ինչպես արագ կստացվի: Մամուլյանի խոսքով` ձևն առաջ է անցել բովանդակությունից: Այժմ սեղաններ կան զարդարվում են նայելու համար, ճաշակելիք գրեթե ոչինչ չկա: Գերմանական ծագում ունեցող խոզի ազդրը, որն Ամանորին գրեթե բոլոր հայկական սեղաններից անպակաս է, այսօր հարմար է տանտիրուհիների համար:
Այնինչ հնում սեղաններին դրվել է ամիջ` ձավարով, թթու պտուղներով լցոնված հնդկահավ կամ թռչնամիս: Իսկ աղցաններին անդրադառնալով` նշեց, որ դրանք նախատեսված են համտեսելու և քաղց զգալու համար։
Խոհարարը խորհուրդ է տալիս աղցանները չհամեմել մայոնեզով, կարելի է բավարարվել մեկ- երկու տեսակի աղցաններով, այն էլ պատրաստված վայրի ուտելի բույսերից` համեմված ձեթով, կիտրոնի հյութով, մրգային պաստեղով:




