
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի ոչ կոալիցիոն մեծամասնությունն այսօր հանձնաժողովի արտահերթ նիստ է հրավիրել: Այն կայացել է հանձնաժողովի 7 անդամներից 4-ի ներկայությամբ: Մասնակցել են ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստանից» Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգությունից» Թևան Պողոսյանը և ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը: Հանձնաժողովի կոալիցիոն ներկայացուցիչները ՝ Սուքիաս Ավետիսյանն ու Տաճատ Վարդապետյանը ՀՀԿ-ից և Իշխան Խաչատրյանը ՕԵԿ-ից արտահերթ նիստին չեն մասնակցել, ինչը սակայն չի խանգարել որոշումների կայացմանը: Հանձնաժողովը որոշում է կայացրել ոչ միայն դեկտեմբերի 23-ի քվեարկության ժամանակ ձայների հաշվարկման օրինականության վերաբերյալ, այլ նաև հանձնաժողովի նոր նախագահ ու քարտուղար է ընտրել։
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի այսօր ընդունած որոշման տակ կլինի հանձնաժողովի 7 անդամներից 4- ի ստորագրությունը: Կայացրած որոշումների մասին կազմված արձանագրությունը թերևս վաղը կփոխանցվի ԱԺ նախագահին: Իսկ որոշումները միանգամից երեքն են:
Դրանցից առաջինով հաշվիչ հանձնաժողովի ոչ կոալիցիոն մեծամասնությունը՝ 7 անդամներից 4-ը, ում նախաձեռնությամբ էլ հենց հրավիրվել էր արտահերթ նիստը, արձանագրում է, որ վավերական չի համարում 2013 թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ոչ էլեկտորնային եղանակով տեղի ունեցած բաց քվեարկության հրապարակված արդյունքները:
Հաշվիչ հանձնաժողովի ոչ կոալիցիոն անդամները կարծում են, որ ձայների հաշվարկի ընթացքում խախտվել են ԱԺ կանոնակարգ- օրենքի պահանջները։ «24-րդ և 61-րդ հոդվածները շատ հստակ ասում են, որ հաշվարկն իրականացնում է հանձնաժողովը : Հանձնաժողով նշանակում է կոլեգիալ մարմին, որը ձևավորվել է խորհրդարանի կողմից: Օրենքի որևէ դրույթ չի լիազորել որևէ մեկին, այս դեպքում՝ հաշվիչ հանձնաժողովի նախագահին, փոխարինել ամբողջ հանձնաժողովին»,- ասում է Արծվիկ Մինասյանը։
Հանձնաժողովի նիստին ներկա 4 անդամները միաձայն ընդունեցին այս որոշումը: Քվեարկությունից հետո Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ ոչ կոալիցիոն ուժերը մտադիր են վիճարկման գործընթացը շարունակել Սահմանադրական դատարանում: «Օրենքի խախտումով որևէ քվեարկություն չի կարող օրինական լինել: Փորձելու ենք հասնել նրան, որ հայ-ռուսական գազային համաձայնագրերը նորից հետ գան Ազգային ժողով»:
Հաշվիշ հանձնաժողովի արտահերթ նիստը հրավիրած պատգամավորներն այսօր որոշում կայացրին ոչ միայն դեկտեմբերի 23-ին կայացած քվեարկության ժամանակ ձայների հաշվարկման օրինականության վերաբերյալ, այլ նաև հանձնաժողովի նոր նախագահ ու քարտուղար ընտրեցին։
Հաշվի առնելով, որ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը չարաշահել է իր լիազորությունները ՝ հանձնաժողովի մեծամասնությունը որոշեց անվստահություն հայտնել նրան: Միաձայն հանձնաժողովի նախագահ ընտրվեց Լյուդմիլա Սարգսյանը, ով մինչ այժմ կատարում էր հանձնաժողովի քարտուղարի պարտականությունները: Հանձնաժողովի քարտուղար դարձավ «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Խաչատրյանը, ով բացակայում էր նիստից:
Ի դեպ՝ հանձնաժողովի բոլոր անդամները տեղեկացվել էին հրավիրվելիք արտահերթ նիստի մասին: Տաճատ Վարդապետյանն ու Իշխան Խաչատրյանը նշել էին, որ հարգելի պատճառով չեն կարողանա մասնակցել, իսկ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը նշել էր, որ չի մասնակցելու նիստին, քանի որ օրակարգն իր համար հստակ չէ։
Հավելենք միայն, որ հաշվիչ հանձնաժողովի այսօր ընտրված նոր կազմը աշխատանքային կարճ կենսագրություն կունենա՝ մինչև հաջորդ՝ գարնանային նստաշրջանի սկիզբը: Ըստ՝ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը ձևավորվում է յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին քառրյայի ընթացքում և իր լիազորությունները պահպանում է մինչեւ հաջորդի մեկնարկը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում վավերացրեց հայ-ռուսական միջկառավարական երեք համաձայանագրերը: Քվեարկությունը, սակայն, կազմակերպվեց առանց էլեկտորնային քարտերի, ձեռքով քվեարկելու միջոցով: Համաձայնագրերին կողմ քվեարեցին կոալիցիոն ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը:
Ոչ իշխանական ուժերը բոյկոտեցին համաձայանագրերի քվեարկությունը, իսկ ավելի ուշ հանդես եկան հայտարարությամբ, համաձայն որի՝ օրինական չեն համարում վավերացման մասին խորհրդարանի կայացրած որոշումը:




