
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Գազային համաձայնագրերի հարցն այսօր քննարկվել է Մեդիա կենտրոնում: Հայաստանի ստանձնած պարտավորությունները մտահոգիչ են, հատկապես, որ դրանք ուժի մեջ են մնալու մինչև 2044 թվականը և փաստորեն 30 տարի Հայաստանը կախված է լինելու «Գազպրոմից», մտահոգություն են հայտնել դաշնակցական Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը և ՀԱԿ-ից Վահագն Խաչատրյանը:
Հայաստանը կարող է էժան գազ ներկրելու մասին միայն ցանկություն հայտնել, քանի որ ներկրողն այլևս 100 տոկոսով ռուսական ՙԳազպրոմ՚ ընկերությունն է, նշեց ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը, ում հաշվարկներով՝ հայ բնակիչը ամենաթանկն է վճարում ռուսական գազի համար և կարևոր չէ որ Ռուսաստանը սահմանին էժան գին է սահմանել, դա որևէ կերպ հայ բնակչին օգուտ չի տալիս:
Բնակչին հասնող գազի գինը Հայաստանում թանկ է նաև մեր մյուս հարևաններից ու ՄՄ անդամ մյուս երկրներից, ավելացրեց նա: Դաշնակցական Արծվիկ Մինասյանն էլ նշեց, թե պետք չէ թյուր կարծիք ունենալ, թե Հայաստանի կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը ռուսական «Գազպրոմին» հանձնելու առուվաճառքի պայմանագիրը Հայաստանի պարտքի պատճառով է կնքվել: Եվ պետք չէ մտածել նաև, թե պայմանագիրը ՄՄ միանալու համար է կնքվել: «Հայաստանի շահ դուք այստեղ չեք գտնի: Բացի դա՝ վերցրեք «Գազպրոմի» ամփոփ հաշվետվությունները, նայեք 2010,11,12- թ.երը, այնտեղ չեք գտնի այսպիսի պարտք»,- ասում է Արծվիկ Մինասյանը։
300 մլն դոլար պարտք չի եղել, համոզված պնդեց Արծվիկ Մինասյանը՝ կարծիք հայտնելով, որ դա մի քանի խմբերի յուրացված գումար է, որը պետք է փակեն ՀՀ քաղաքացիները։




