
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Նազարբաևի հայտարարությունը ձևական, ինչպես ասում են, գալչկայի համար արված հայտարարություն է:Եթե Ղազախստանը, այնուամենայնիվ, ավելի սկզբունքային մոտեցում ցուցաբերի Հայաստան-Արցախ մաքսային սահմանի հարցում, և դա իսկապես խոչընդոտ հանդիսանա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին, ապա կա կարմիր գիծ, որից այն կողմ Հայաստանը երբեք չի անցնի և այդ գիծը Արացխին վերաբերող հարցն է»,- այսօր հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ արձագանքելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի երեկվա հայտարարությանը։
«Ինչպես Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի հաստատումը, այնպես էլ Նազարբաևի հայտարարությունը կանխատեսելի էր»,- այսօր նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Նազարբաևի հայտարարությանը: Հիշեցնենեք՝ Ղազախստանի նախագահն ասել էր, որ իր երկիրը պատրաս է ստորագել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը», բայց հատուկ կարծիքով: Վերջինը ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված մաքսային սահմանների վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել:
Փորձագետները վաղուց էին խոսում, որ Ղազախստանը երբեք չի համաձայնի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը Արցախի հետ միասին: Այս իրավիճակում կանխատեսվում էր երկու ճանապարհ. կամ Հայաստանը համաձայնում է Արցախի հետ սահմանին մաքսակետ տեղակայելու պահանջին, կամ հրաժարվում է Մաքսային միությանն անդամակցությունից: Ճանապարհային քարտեզի ստորագրմամբ՝ Հայաստանի անդամակցության հարցը երեկ արդեն հստակեցվեց։ Ինչ վերաբերում է Հայաստան-Արցախ մաքսային սահմանին, ապա քաղաքագետ Սերգեյ Մինասյանը դա անիրատեսական է համարում։
Նազարբաևի հայտարարությունը քաղաքագետը դիտարկում է ձևական, ինչպես ասում է, գալչկայի համար արված հայտարարություն։ Եթե Ղազախստանը, այնուամենայնիվ, ավելի սկզբունքային մոտեցում ցուցաբերի Հայաստան-Արցախ մաքսային սահմանի հարցում, և դա իսկապես խոչընդոտ հանդիսանա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, ապա, ըստ քաղաքագետի, կա կարմիր գիծ, որից այն կողմ Հայաստանը երբեք չի անցնի և այդ գիծը Արցախին վերաբերող հարցն է։
Անդրադառնալով բուռն քննարկումների թիրախում հայտնված հայ-ռուսական գազային պայմանագրին, Սերգեյ Մինասյանն ասաց, որ հեռու է այն մտքից, որ այդ պայմանագիրը ենթադրում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորուստ: Նման հայտարարությունները, ըստ նրա, չափազանցված են: Արտաքին քաղաքական հարթակում ձեռքբերումների առումով 2013- ը, ընդհանուր առմամբ, հաջողված է համարում: Նախանշված ծրագրերից գուցե ոչ բոլորն իրականացան, բայց, ինչպես նկատում է քաղաքագետը, ոչ միայն մեր մեղքով։
«Որոշ փոփոխություններով հանդերձ՝ Հայաստանը, այնուամենայնիվ, պահպանում է կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը: Այդ քաղաքականությունը կխախտվեր, եթե Հայաստանը չանդամակցեր Մաքսային միությանը»,- ասում է Սերգեյ Մինասյանը՝ չբացառելով, որ 2014-ին ասպարզում կհայտնվի Ասոցացման նոր պայմանագիր՝ գուցե ոչ այնքան հավակնոտ և ընդգրկուն, ինչպես նախորդը, բայց Եվրամիության հետ համագործակցության ոլորտում ոչ պակաս կարևոր մի փաստաթուղթ։




