
«Մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության շրջանակն ընդլայնելու համար, Հնդկաստանից զենք գնելու մասին մամուլում տարածված տեղեկությունների վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության հարցին ի պատասխան ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սպառազինության և ռազմական տեխնիկայի թեման այն թեման չէ, որի մասին կուզենայի հրապարակային քննարկել, բայց պետք է ասեմ, որ այդ հրապարակումները, որ եղել են հնդկական մամուլում Հայաստանի Հանրապետության կողմից չեն հերքվել, և որևէ լրացուցիչ բան այս պահին չեմ ուզում ասել: Բայց մեր հանրությունը պետք է իմանա, որ մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության շրջանակն ընդլայնելու համար: Մենք շատ ակտիվ ու ինտենսիվ այդ ուղղությամբ քայլեր ենք անում»,-ասել է Փաշինյանը:
The Economic Times-ը հայտնել էր, որ առաջիկա ամիսներին Դելին հնդկական արտադրության սպառազինության մեծ խմբաքանակ կմատակարարի Հայաստան:
Թեև Հնդկաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները Economic Times-ին խուսափել են մատնանշել մատակարարվող սպառազինության ընդհանուր արժեքը, պարբերականը կնքված գործարքի ընդհանուր ֆինանսական ծավալը գնահատում է շուրջ 244 միլիոն ամերիկյան դոլար։




