
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հինգ տարիների ընթացքում ուսումնասիրելով ադրբեջանական կայքերը, մանկական և ուսումնական գրականությունը՝ «Այլատյացության կանխման նախաձեռնություն» ՀԿ ղեկավար Արմինե Ադիբեկյանը և քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Էլիբեգովան որոշել են կուտակված արխիվի հիման վրա, ՀՀ Նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ, հրատարակել Ադրբեջանում հայատյացության դրսևորումների վերաբերյալ ձեռնարկ, որն այսօր արդեն դրվեց ընթերցողի սեղանին:
Հեղինակները փորձում են ապացուցել, որ երկու ժողովուրդների միջև վաղ թե ուշ խաղաղություն կհաստատվի, սակայն թե ինչ հասարակական մթնոլորտում, դա արդեն ցույց է տալիս նրանց կազմած գիրքը: «ՄԵնք անընդունելի ենք համարում, որ մանկական և ուսումնական գրականության մեջ հայերը ներկայացվում են որպես հրեշներ, որտեղ վիրավորանքներ, նվաստացուցիչ որակավորումներ են հնչում հայերի նկատմամբ և այդ երեխաները ձևավորվում են այդ վերաբերմունքի մեջ: Եվ եթե հրաշք անգամ տեղի ունենա և ստորագրվի խաղաղ պայմանագիր, մենք առերես ենք դուրս գալու մի հասարակության հետ, որը լցված է խորը ատելությամբ»,- ասում է գրքի համահեղինակներից Արմինե Ադիբեկյանը։
Ձեռնարկն ունի 19 գլուխ։ Հաճախ է ադրբեջանական քարոզչամեքենան տարածում, որ Ադրբեջանում ապրում են 30.000 հայեր, որոնց իրավունքները ոտնահարված չեն և ապրում են բարի դրացիական պայմաններում, սակայն գրքում ներկայացված «Հայերը Բաքվում»գլուխը, ըստ գրքի հեղինակ, քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Էլիբեգովայի, փաստերով հերքում է նրանց քարոզչությունը:
Ներկայացված է նաև, թե ինչպես են արգելում հայերին իրենց երեխաներին կնքել հայկական անուններով: Ադրբեջանում գործում է հայկական անունների սև ցուցակ: Հեղինակների համար ամենահետաքրքիր գլուխներից է Ռամիլ Սաֆարով և Աքրամ Այլիսլի հակադրությունը։
2000 տպաքանակով ռուսերեն գիրքը հաջորդ տարի նախատեսվում է հրատարակել նաեւ անգլերենով, իսկ հետո արդեն հայերենով: Գիրքը ուսումնական գրականություն չէ, նախատեսված է մասնագետների համար:




