
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Թեև Ամանորի նախաշեմին մեծանում է սննդամթերքի անվտանգության ռիսկայնությունը ու գների թակացումից ոչ պակաս մտահոգիչ է վաճառվող սննդամթերքի որակը` մասնավորապես այս օրերին, երբ զեղչի անվան տակ հրամցվում է անորակ և ժամկետանց սննդամթերք, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ամենօրյա աշխատանքում ոչինչ չի փոխվել: Ծառայությունը շարունակում է իր աշխատանքը սովորականի պես, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը։
Նրա տեղեկացմամբ` դիտարկումներ կատարում են ինչպես մինչև ապրանքի հանձնումը խանութներին, այնպես էլ խանութներում: Հիմնականում ուսումնասիրվում է կարճաժամկետ պահպանվող սննդամթերքը, մասնավորապես` աղցանները, կիսաֆաբրիկատները, կրեմային ուտեստները, կաթնամթերքը: Ամեն դեպքում՝ Դավիթ Ղուլյանը ոչինչ չի բացառում։ Հնարավոր է, որոշ խանութներում պատահի ժամկետանց սննդամթերք, հետևաբար՝ սպառողներն էլ իրենց հերթին պետք է ուշադրություն դարձնեն պիտանիության ժամկետների վրա, և սննդամթերքի արտաքին տեսքին ու թեթևակի կասկածի դեպքում անգամ խուսափել տվյալ սննդամթերքը գնելուց և դրա մասին հայտնել ծառայությանը` 434040 թեժ գծով:
Լրագրողի հարցին ի պատասխան՝ ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալը վստահեցրեց, որ վերջին շրջանում հանրապետությունում խոզերի անկումներ չեն եղել, իսկ գյուղացիների շրջանում տարածված տեղեկությունները, ըստ նրա, իրականությանը չեն համապատասխանում:
Դավիթ Ղուլյանն անդրադարձավ նաև կոկորդիլոսի վաճառքին ու հավաստիացրեց, որ այն լիովին անվտանգ է, սակայն իրենց իսկ հանգստության համար տվյալ մսամթերքը գնողները կարող են պահանջել նաև համապատասխան փաստաթուղթ, որը հավաստում է կոկորդիլոսի մսի անվտանգությունը։




