Հասարակություն

ՏՄՊՊՀ- ն խիստ նկատողություն հայտարարեց տաքսի ծառայություններին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր անբարեխիղճ վարքագիծ դրսևորելու համար խիստ նկատողություն է հայտարարել տաքսի ծառություն մատուցող 16 ընկերությունների նկատմամբ: Ավելի խիստ պատիժ չի կիրառվել՝ հաշվի առնելով երկու հանգամանք՝  նախ Երևանում գործող շուրջ հարյուր տաքսի ծառայություններից միայն տասնվեցի գործունեությունն է ուսումնասիրել հակամենաշնորհային մարմինը, և երկրորդ, որպես օրինախախտ, ընկերություններն առաջին անգամ են հայտվել  հանձնաժողովի դիտակետում:

ՏՄՊՊՀ-ն  սեփական նախաձեռնությամբ ու դժգոհությունների հիման վրա լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել նշված ոլորտում: Ուսումնաիսրել ու   պարզել են, որ   մեքենաների ներսում տեղադրված տաքսոմետրի վրա, 1 կմ գին որպես կանոն նշված է 100 դրամ, իսկ ծառայության համար նվազագույն պարտադիր վճար՝ 600 դրամ, որը ենթակա է փոփոխման՝ սկսած 6 կիլոմետրից:

Հարուցված վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ ուղևորափոխադրման ընթացքում տաքսոմետրի վրա նշված 600 դրամ նվազագույն պարտադիր վճարը փոփոխվում է՝ արդեն սկսած 2,1 կմ-ից, ինչպես օրինակ «Փինկ» տաքսի ծառայության դեպքում: Նման կերպ հանձնաժողովի մասնագետները պարզել են, որ, օրինակ, ««Տաքսի Մանանդ», «Մեծն Կայզեր», «Էդ Ընդ Էմի» և «Կապոլլո» տաքսիների դեպքում նվազագույն պարտադիր վճարը 6 կմ-ի փոխարեն փոխվում է 4,1 կմ-ից: Մի շարք դեպքերում էլ ուղևորները ընդհանրապես տեղեկացված չեն եղել տաքսի ծառայության սակագներից, քանի որ ինչպես օրինակ «Զոլոտոյ Դյուկի» դեպքում ավտոմեքենայի արտաքին մասում և սրահում սակագնի և այլ պայմանների մասին որևէ տեղեկատվություն չի նշվել: Մեքենայի ներսում առկա չի եղել նաև տաքսոմետր:

Ստացվում է, որ 1 կմ-ի համար սահմանված ուղեվարձը իրականում ոչ թե 100 դրամ է, ինչպես հայտարարվում է վերջինների կողմից, այլ՝ 120-ից 150 դրամ:  

«Տեղեկտավություն ներկայացնում ենք այցեքարտերի միջոցով»,- նշեց նիստին ներկա «Այգեձոր» տաքսի ծառայության  տնօրեն Սուրեն Մկրտչյանը: Տնտեսվարող սուբյկետը, սակայն, չունի հնարավորություն խցանումների ժամանակ հաշվիչն անջատելու և նորից միացնելու համար: Այս դեպքում երկու ցուցմունք կլինի ու որոշելու դժվարին իրավիճակ, հավելեց Մկրտչյանը:

Երևանում տաքսի ծառայություն է մատուցում շուրջ 100 ընկերություն: ՏՄՊՊՀ-ն, սակայն, միայն 16 ընկերության է ստուգել, ուստի չի բացառվում, որ մյուս ընկերությունների մոտ նույնպես նմանատիպ խախատումներ բացահայտվեն: Հաշվի առնելով այս ու նաև այն, որ օրինախախտ ընկերությունները առաջին անգամ են հայտնվում ՏՄՊՊՀ դիտակետում, որոշեց այս անգամ բավարարվել խիստ նկատողություն հայտարարելով:

Back to top button