ԿարևորՀասարակություն

Իրանը թույլ  չի տա սահմանների խախտում՝ արդեն օրենսդիրի մակարդակով

Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովը քննարկում է սկսել  հայ–ադրբեջանական սահմանյին իրավիճակի հարցով։ Նիստին մասնակցում է նաև հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։ Նա «Ռադիոլուրին» հայտնել է, որ այսօր նախատեսված նիստը տեղի է ունենալու՝ չնայած երկրում երեկվանից սկսված բողոքի ակցիանների։

Նախօրեին Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեն հայտնել էր, որ իրանական կողմը լրջորեն մտահոգված է հարեւան երկու երկրների սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններով։ Ջալալզադեն հրավիրել էր ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողով` քննարկելու սահմանային իրավիճակը։ Իրանցի պաշտոնյան քննարկումը կարևոր էր համարել և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին եւ ԱԳՆ-ին խնդրել էր հարցին մոտենալ ամենայն լրջությամբ։ Նիստի մեկնարկից առաջ «Ռադիոլուրին» հայտնի դարձավ, որ քննարկվելու և, ըստ ամենայնի, հավանության է արժանանալու, մեկ ամիս առաջ ԻԻՀ Ազգային Անվտնագության բարձրագույն խորհրդի կողմից ընդունված որոշումը։ Թե ինչ որոշում է՝ «Ռադիոլուրին» հիշեցրել է տարածաշարջանային փորձագետ Հարութ –Արթին Առաքելյանը․

«Իրանի Ազգային անվտանգոթյան խորհուրդը նիստ գումարեց, և որոշեց, եթե երրորդ կողմը գալիս է և միջամտում է Իրանի հարևանների և տարածաշրջանի գեոպոլիտիկ սահմանների խախտմանը, ապա Իրանն իրավունք ունի միջամտել։ Այսօր գումարվում է Մեջլիսի արտաքին հարաբերությունների և ազգային անվտանգության հանձնաժողովի նիստը,  այդ որոշումը խորհրդարանի միջոցով հաստատելու համար։ Դա ենթադրում է, որ եթե Իրանի անվտանգությունը խաթարվի, Իրանը իրավունք կունենա արդեն օրենքով քայլեր ձեռնարկել»։

Ավելի վաղ  իրանագետ Էմմա Բեգիջանյանը, խոսելով նիստ հրավիրելու որոշման մասին, ասել էր, որ խորհրդարանում սպասվում է Իրանի հոգեւոր առաջնորդի ու նախագահի հայտարարությունների ամրագրումը օրեսդրական մակարդակով․

«Քանի որ խորհրդարանի մեծամասնությունը պաշտպանում է թե՛ առաջնորդի, թե՛ նախագահի տեսակետերը, ապա դրանք կամրագրվեն նաեւ փաստաթղթերով։ Նիստից հետո անպայման որոշում կլինի՝ օրինագի՞ծ, թե՞ հայտարարություն,  պարզ չէ, բայց  ամեն դեպքում սա խորհրդարանի հաստատումն է լինելու»։

Հուլիսի 20–ին Թեհրանում էին Ռուսաստանի, Թուրքիայի նախագահները։ Առաջնորդները հանդիպել էին Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի հետ, որն ասել էր․ «Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանն արգելափակելու քաղաքականություն տարվի, իսլամական հանրապետությունը դեմ կլինի նման որոշմանը: Այդ սահմանը հաղորդակցության ուղի է արդեն հազար տարի»: Շանհայի կազմակերպության գագաթնաժողովին նույն շեշտադրմամբ խոսել էր երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ «Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ պետք է հարգանք դրսևորվի երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ», – ասել էր Իրանի նախագահը։  

Այս քննարկումներին զուգահեռ  երեկվանից բողոքի ակցիաններ են սկսվել Իրանի որոշ շրջաններում։ Մասնավորապես, Թավրիզում և այլ քաղաքներում հիջաբի պարտադիր կրման դեմ բողոքի ակցիաների ֆոնին տեղի են ունենում հակակառավարական ցույցեր։ «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին ասում է որ, որ պանթուրքիստները, օգտագործելով  Իրանում բողոքի տրամադրությունները,  ազգայնական պահանջներ են բարձրացնում․

«Հակակառավարական ցույցեր են տեղի ունենում։ Հակաիրանական, ընդդիմադիր, պանթուրքական ուժերն են ակտիվացել։ Նրանք ակտիվանում են ցանկացած բողոքի ժամանակ, և փորձում են անվստահության խնդիր բարձրացնել»։

Տարածաշրջանային վերլուծաբան Հարութ Արթին Առաքելյանը հետևում է, թե ինչպես են ադրբեջանական լրատվամիջոցները լուսաբանում Թավրիզի իրադարձությունները։ Ըստ փորձագետի՝ մամուլը անջատողականներին հայրենակիցներ է անվանում, որը թույլ է տալիս ենթադրել, որ սադրանքի հետևում Անկարայի և Բաքվի համապատասխան կենտրոններն են։

Back to top button