
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Սոցիալաական անապահով ծանր վիճակով պայմանավորված շատ հաճախ մարդիկ հայտնվում են թրաֆիքինգի ճիրաններում և անկախ իրենց կամքից անգիտակցաբար դառնում թրաֆիքինգի զոհ: Մեծամասամբ նրանք կանայք են ու երեխաներ, քիչ չեն նաև տղամարդիկ, որոնք արտերկրում ստիպված են կատարել հարկադիր աշխատանք:
Թրաֆիքինգի երևույթները բացառելու նպատակով՝ տարբեր հասարակական կազմակերպություններ ժամանակ առ ժամանակ իրազեկում են հասարակությանը։ Ամեն անգամ զգուշացվում է արտագնա աշխատանքի մեկնելիս կամ աշխատանքային պայմանավորվածություններ ձեռք բերելիս օտարներին չհանձնել անձնագրեր և պարտադիր ունենալ անձնագրի պատճենը: Արմավիրի մարզում թրաֆիքինգի դեպքերը բացառված չեն, սակայն քիչ են բարձրաձայնվում:
Մեծամորում թրաֆիքինգի զոհը նույն ընտանիքում շահագործվող կինն էր, ընտանիքի մայրը: Դեպքին ականջալուր են լինում Մեծամորի «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության «Սուրբ Ղազար» համայնքային զարգացման և վերականգնողական կենտրոնի սոցիալական աշխատողները: Սվետա Ավետիսյանը նշում է, որ տարիներ շարունակ ազգությամբ ուկրաինուհի կինը, ով նաև բազմազավակ ընտանիքի մայր է, պարպերաբար հարկադիր աշխատանքի ու շահագորրծման է ենթարկվել իր ամուսնու կողմից:
Երեխաների մայրը չունենալով որևէ փաստաթուղթ հարազատ երկիր վերադառնալու համար շարունակել է ապրել փոքրիկ տնակում նաև ամուսնու երկրորդ կնոջ հետ միասին: Խնդրի լուծմանը միջամտել են «Սուրբ Ղազար» համայնքային զարգացման և վերականգնողական կենտրոնի սոցիալական աշխատողները` աջակցելով նրան դուրս գալ հարկադրանքից ու տեղափոխվել «Ամքորի» ապաստարան: Խորհրդային բանակում ծառայելուց հետո զորացրված զինվորի հետ տուն եկած հարսնացուն երբևէ չէր պատկերացնի, որ կարող էր զոհ դառնալ իր իսկ ստեղծած ընտանիքում: Նա չի ունեցել Հայաստանի քաղաքացիություն և մնացել էր միայն խորհրդային անձնագրով, որն էլ միտումնավոր վերացրել էր ամուսինը։
«Ամքորի» կացարանը շահագործվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ: Նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ Էլեոնորա Վիրաբյանը նշեց, որ կացարանը նախատեսված է թրաֆիքինգի զոհերի համար։
Թրաֆիքինգի զոհերի թիվն այս տարի ավելացել է հատկապես երեխաների շրջանում, որոնք մուրացկանությամբ են զբաղվում մեծերի դրդմամբ։




