ԿարևորՀասարակություն

ՄԻԵԴ-ը չհասցրեց պաշտպանել հայ գերու կյանքի իրավունքը

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկով տարածված տեսանյութից հարազատները ճանաչել էին ժամկետային զինծառայող 20-ամյա Դավիթ Գիշյանին։ Ուսից վիրավորված զինվորը գերության մեջ էր։ Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի՝ Հայաստանին հանձնած 32 հայ զինծառայողի մարմինների թվում էր նաև Գիշյանինը։ Նա սպանվել էր գերության մեջ։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի  գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը «Ռադիոլուր»-ին փոխանցում է՝ այս դեպքի մասին տեղեկացրել են Եվրոպական դատարանին, Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել․

«Գերու սպանություն է եղել, մենք տեսնայութում տեսնում ենք, որ նա կենդանի է, իրեն օգնություն են ցուցաբերում, ու տվյալ իրավիճակում իրեն վերադարձնում են զոհերի հետ։ Դրա համար արդեն մեր պահանջը փոխվեց։ Քանի որ մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, ամեն ինչ սպասում ենք՝ ոչ մարդկային վերաբերմունք, խոշտանգումներ, նվաստացուցիչ վերաբերմունք հայի նկատմամբ, այս ամեն ինչը արդեն ռասիստական հողի վրա է»։

Դեռ սեպտեմբերի 13-ին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի  գրասենյակը  նույնականացված անձի՝ Դավիթ Գիշյանի մասին դիմում էր ներկայացրել։ Ադրբեջանը մինչև սեպտեմբերի 22-ը պետք է Եվրոպական դատարանին Դավիթի և մյուս գերիների մասին տեղեկություն փոխանցեր․

«Պետք է Եվրոպական դատարանին տեղեկություններ հաղորդվեն գերիների գտնվելու վայրի մասին, բժշկական տեղեկանքներ ուղարկվեն, եթե այդպիսիք կան, կյանքի իրավունք ապահովելու մասին բոլոր տվյալները, մի խոսքով՝ այն ամենը, ինչ մտնում է Եվրոպական դատարանի պահանջների մեջ նման իրավիճակներում, մինչև ամսի 22-ը պատասխանի էր սպասում Եվրոդատարանը»։

ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը պարզաբանում է գերու սպանությունից հետո սրված պահանջի էությունը․

«Գերիների վերադարձը, հայրենադարձումը, ազատ արձակումը։ Այո, մենք հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ մեր դիմումներում այդ պահանջը ներակայացնում ենք, որ անհապաղ նրանց հայրենադարձեք, որովհետ նրանց կյանքին վտանգ է սպառնում, կամ սպառնում է վտանգ կոնվենցիայի 3-րդ հոդվածքով պաշտպանվող իրավունքի նկատմամբ՝ խաշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի նկատմամբ, կամ խտրականությունից զերծ մնալու իրավունքի խախտում է սպասվում շատ ռեալ և Եվրոպական դատարանի հայցադիմումները դիվանագիտական ձևակերպումների մեջ հենց մեծ հաշվով դա էլ պարունակում են՝ հետ վերադարձնել»։

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ դեռևս վաղ է հստակ նշել՝ քանի հայ գերի կա ադրբեջանական կողմում, քանի որ անգամ 2020 թվականի պատերազմից հետո  թշնամու հետ գերիների քանակի հետ կապված վեճ կա։ Այնուամենայնիվ «Ռադիոլուր»-ին փոխանցած տվյալներով՝ սեպտեմբերի 13-ից հետո գերության մեջ հայտնված շուրջ 20 անձ նույնականացվել է․

«Մենք գուցե մինչև 2 տասնյակի չափ նույնականացրել ենք, բայց դրա վերաբերյալ պետք է դադարի վեճը ադրբեջանական կողմի հետ, նրանք պիտի Եվրոպական դատարանի խողովակով, միջկառավարական շփումների մակարդակով կամ կարմիր խաչի միջնորդությամբ ընդունեն, որ համարվի հաստատված գերի»։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի գրասենյակը ռազմագերու սպանության և մյուս գերիների անվտանգության մասին դիմում ուղարկում է նաև միջազգային դատական այլ ատյան․

«Տեղեկությունները ուղարկվելու են նաև ՄԱԿ-ի արդադրադատության միջազգային դատարան, այնտեղ մեր գործերը արդեն ռասիստական հողի վրա են՝ պատերազմական հանցագործություն, ռասիզմ, ու հետևաբար արդեն էդ հողի վրա՝ գերու սպանություն»։

Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հերթական ապացույցն էլ «Տելեգրամ» սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթում չաթ բոթերի միջոցով ստեղծվող Sticker-ներն են, որոնք պատկերում են հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգված ու մասնատված մարմինների լուսանկարները։ Արման Թաթոյանի փոխանցմամբ՝ արձանագրվել է 119 լուսանկար, որը 5 օրում ունեցել է առավել, քան 20,000 ներբեռնում: Այսինքն՝ 20,000 ադրբեջանական օգտատեր ընդամենը 5 օրվա ընթացքում ներբեռնել է լուսանկարները Տելեգրամի իր հաշվին:

Մասնագիտական շրջանակներում քննարկվում է նաև Միջազգային Քրեական դատարանին դիմելու հարցը։ Սակայն դա անելու համար պարտադիր Հռոմի կանոնադրությունը Հայաստանը չի վավերացրել։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ չի էլ կարող վավերացնել։ Ասում է՝ այդ կանոնադրության ու ՀՀ Սահմանադրության մեջ հակասություն կա․

«Սահմանադրության մեջ կա դրույթ, որ արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները։ Դա նշանակում է, որ կոնկրետ դատական գործով լուծումը, օրինակ՝ քրեական գործով մեղքի մասին հարցի որոշոմը, կարող է անել միայն Հայաստանի դատարանը։ Իսկ Հռոմի կանոնադրությամբ կա մի կարևոր սկզբունք, որով միջազգային ատյանը կարող է Հայաստանի դատական ատյանի փոխարեն որոշում կայացնի, օրինակ, անձի մեղքը հաստատելու հարցում։ Ավելին՝ այնտեղ նաև դրույթ կա, որ եթե անձը դատապարտվել է Հռոմի կանոնադրությամբ նախատեսված հանցագործության համար, ապա հետագայում ազգային դատարանները չեն կարող այդ դատական ակտը փոփոխություն կատարել, օրինակ, պատժի կրման պայմանները փոխելով՝ ներում, համաներում կիրառել»։

Միջազգային դատական այս ատյանին դիմելու միակ տարբերակը Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելն է։ Սակայն մասնագետը դրա անհրաժեշտությունը չի տեսնում, շեշտելով՝ այստեղ դատական գործերը Հայաստանի համար անարդյունավետ դանդաղկոտությամբ են ընթանում։

Back to top button