
Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Արտաքին գործերի նախարարության հարևանությամբ՝ խստորեն բողոքելու Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիայի դեմ։ Ցուցարարները կրել են կարգախոսներ՝ «Կանգնեցե՛ք Ալիևին. Դուրս եկեք Հայաստանից», «Պանթուրքիզմ = ֆաշիզմ», հայտնում է Ժան Էքյանը։
Մոտ քսան քաղաքական գործիչ միացել է հայերին, այդ թվում Ֆրանսիայի կառավարության նախկին խոսնակ, հանրային հաշիվների գծով նախարար պատվիրակ Գաբրիել Աթալը։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային, որն աշխարհում գրեթե միակ տերությունն էր, որը դիվանագիտորեն արձագանքեց ստեղծված իրավիճակին՝ հարցը փոխանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Ցույցին միացել է Ֆրանսիայի քրդական դեմոկրատական խորհրդի խոսնակ Բերիվան Ֆիրաթը։ Նա ասել է, որ «հայերի պայքարը ճնշված ժողովուրդների պայքարն է, դա իմ պայքարն է»։
«Այսօր ես հայ եմ. Էրդողանը վտանգ է քրդերի, հայերի, սիրիացիների, բայց նաև Ֆրանսիայի, Արևմուտքի, մեր երիտասարդության և գալիք սերունդների համար»,- հավելել է նա։

CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանը նշել է. «Այսօր Բաքուն հարձակվում է Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված ինքնիշխան տարածքի վրա: Չի կարելի հարձակվել ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքի վրա՝ առանց ՄԱԿ-ի պատասխան ստանալու։ Մենք վախենում ենք Հայաստանի, նրա անվտանգության և նրա ժողովրդի համար։ Մենք պետք է ճանապարհ գտնենք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հայության համար խաղաղություն ապահովելու համար»։




