
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Կառավարությունն այս տարվա նախավերջին նիստում այսօր ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու առաջարկությունն ընդունեց։ Կառավարության նիստի օրակարգում գերիշխող են եղել տնտեսական ուղղվածություն ունեցող նախագծերը: Գործոդիրը նաև որոշեց փոխհատուցել Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի ու գրող Լևոն Խեչոյանի արտերկում բուժվելու ծախսերը: Արդեն նիստից հետո արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ առաջիկա օրերին երեք-չորս աստիճանով ջերմաստիճանը կբարձրանա: Նախարարը նաև հայտարարել է, որ Երևանի քաղաքպետարանին իրենց գերատեսչությունը համապատասխան տեխնիկա տրամադրվել է, որպեսզի մայրաքաղաքի փողոցներն ու մայթերը մաքրվեն ձյունից ու սառույցներից: «Կարող էր ավելի լավ լինել»,- հայտարարել է Արմեն Երիցյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում արտակարգ իրավիճակների նախարարը մայրաքաղաքի մայթերի մաքրման աշխատանքները։
Հայաստանի կառավարությունը որոշեց, որ պլանշետների արտադրությամբ զբաղվող հայ-ամերիկյան «Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies» ընկերությունը շահագործողի կարգավիճակով գործունեություն կծավալի «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի տարածքներում գործող «Ալյանս» ազատ տնտեսական գոտում։ Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանվեց 3 տարի` երկարաձգելու հնարավորությամբ: Ընկերությունն Ազատ տնտեսական գոտում կունենա 200 քմ տարածքով գրասենյակ:
«Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս»-ի հիմնական գործունեությունը լինելու է պլանշետների հավաքումն ու ծրագրային ապահովման մշակումը: Պլանշետների բաղադրամասերը ներմուծվելու են հիմնականում Չինաստանից և Հոնկոնգից։ Ընկերության նախագահ Վահան Շաքարյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ արտադրության շրջանակում արդեն կան «Անդրոիդ» համակարգով փորձնական հավաքված պլանշետներ՝ 7.85, 9, 9.7 և 10.1 դյույմանոց էկրանով, 3G և WiFi հնարավորություններով, ինչպես նաև առաջին հայկական հեռախոսը՝ Արմֆոնը (Armphone): Որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին, իսկ արժեքը վերջիններիս գնի համեմատ կլինի էականորեն ցածր:
Ընթացիկ հաշվարկների համաձայն` յուրաքանչյուր օր հավաքվելու է 100 պլանշետ: Մեկ պլանշետի ինքնարժեքը կկազմի 135 դոլար, որը կվաճառվի 185 ԱՄՆ դոլարով: Հիշեցնենք` այս ընկերությունն էր, որ իր արտադրած առաջին հայկական պլանշետը օրեր առաջ նվիրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: ԿԳՆ Արմեն Աշոտյանը բանակցել է ընկերության ներկայացուցիչների հետ, 2016 թ, ամենայն հավանականությամբ, բոլոր առաջինդասարանցիները դպրոց կգնան հայկական պլանշետներով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկություն ունի մեկ տարի շուտ սկսել գործընթացը։ «Եթե այս որոշումից հետո իրենք կարողանան համապատասխան արտադրական ծավալները բավարերել, խնդիր չենք տեսնում»,- պատասխանեց ԿԳ նախարարը։
Կառավարությունն այսօր որոշեց Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման, ձկնորսության արգացման համալիր ծրագրի նախագծի, պետական բնապահպանական ու անկախ տնտեսական փորձաքննությունների անցակցման և Սևանի իշխանի պաշարների վերակագնման և ձկնաբուծութկան զարգացման հիմնադրամ ստեղծել։




