
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Արմավիրի մարզի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում սկսել են նախկին ԽՍՀՄ Խնայբանկում մինչև 1993 թ հունիսի 10 ներդրած ավանդների փոխհատուցման նպատակով ավանդատուների հաշվառումը, որոնց ընտանիքների անապահովության միավորը զրոյից բարձր է և ընտանիքի կազմում ընդգրկված են մինչև 1924թ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք:
Արմավիրի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ծաղկանուշ Գրիգորյանը նշեց, որ տարեցներն իրենք են դիմելու սոցիալական ծառայություն հաշվառվելու նպատակով, իսկ Հայաստանի պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձանց հաշվառումն իրականացվում է համապատասխան գերատեսչություններից ներկայացված ցուցակներով:
Փոխհատուցուման նպատակով ավանդների վերաբերյալ տեղեկանքները տրվում են ՎՏԲ հայաստանյան բանկից , որտեղ ճշտվում են ավանդատուների իսկությունն ու ավանդների չափերը: Սոցիալական ծառայության Բաղրամյանի գործակալության գլխավոր մասնագետ Արմեն Ալեքսանյանը նշեց, որ ունեցած տեղեկությունների հիման վրա իրենք նախապես իրազեկում են ավանդատուներին հաշվառման համար և պահանջում անհրաժեշտ փաստաթղթերը:
Մինչ այժմ Արմավիրի մարզի 3 գործակալություններում հաշվառվել է 12 ծեր և 25 հաշմանդամ ազատամարտիկ: Գործընթացը շարունակվում է:




