Հասարակություն

Թբիլիսիում բացվեց Երեւանյան պուրակը

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Այսօր Վրաստանի մայրաքաղաքում Թբիլիսիի ու Երևանի քաղաքապետերի մասնակցությամբ բացվել է Երևանյան պուրակը: Գիգի Ուգուլավան և Տարոն Մարգարյանը պուրակի բացումը համարել են հայ-վրացական բարեկամության խորհրդանիշ: Նրանք նաև այցելել են Հավլաբարի սուրբ Էջմիածին եկեղեցի, ծանոթացել եկեղեցուն կից գործող «Հայարտուն» կենտրոնի աշխատանքներին, շրջել մայրաքաղաքի տարբեր թաղամասերում:

«Հայ — վրացական դարավոր բարեկամությունն այսօր արձանագրում ենք նաև գործով։ Այս փոքր պուրակը երկու ազգերի բարեկամության մեծ խորհրդանիշն է։ Մենք ուզում ենք լինել այն բազմազգ երկիրը, որտեղ բոլոր ազգությունների ներկայացուցիչները կկարողանան ինքնադրսևորվել՝ պահպանել իրենց մայրենին՝ միևնույն ժամանակ լինելով Վրաստանի լիարժեք քաղաքացիներ»,- բացելով Հավլաբարում գտնվող Երևանյան պուրակը՝ ասաց Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան:

Թբիլիսիիում եւս մեկ հայկական անկյուն, որը հպարտություն է պարգևում յուրաքանչյուր հայի, մենք մեծ ավանդ ենք ունեցել այս քաղաքում և ուզում ենք, որ դա գնահատվի, ասում էին թբիլիսահայերը։

«Ռադիոլուրի» հետ զրույցում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հույս հայտնեց, որ նման միջոցառումները շարունակական են լինելու։

Թբիլիսիի քաղաքապետն այսօր առավոտյան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ շրջել է մայրաքաղաքում ու թվարկել, թե որքան ներդրում է Հայաստանից արվում Թբիլիսիում։ «Ես կարևորում եմ հատկապես բիզնեսի ու զբոսաշրջության ոլորտում մեր համագործակցությունը. շատերն են Հայաստանից Թբիլիսի ու այլ քաղաքաներ ժամանում : Այնպես որ՝ մեր բարեկամությունը, որ դարերի պատմություն ունի, շարունակվում է և լինելու է ընդմիշտ»։

Տարոն Մարգարյանն էլ իր հերթին նշեց, որ իրենք եւս ամեն ինչ անում են վրացական ներդրումներն ուղղելու դեպի Երևան։ «Այն ներդրումները, որ այսօր հայ գործարարները Թբիլիսիիում են իրականացնում, մենք էլ քննարկեցինք, որպեսզի վրացի գործարարներն էլ Երևանում ներդրումներ անեն»։

Թբիլիսին հին քաղաք է, որտեղ մինչ այսօր էլ պահպանվում են հին շենքերը, ինչն ավելի է գրավում զբոսաշրջիկներին։ Բացի այդ՝ այն ավելի «կանաչ» քաղաք է համարվում: Իսկ Երևանում ինչ է արվում այս ուղղությամբ։ «Թբիլիսին իրականում գեղեցիկ քաղաք է, բայց Երևանն էլ շատ գեղեցիկ է: Աշխարհագրական դիրքով, իհարկե, Թբիլիսին ավելի գեղեցիկ դիրքում է, բայց ես չեմ ասի, թե Երևանը զիջում է։ Երևանը նույպես գեղեցիկ է բարեկարգ ու համայն հայության մայրաքաղաքն է»,- պատասխանեց Տարոն Մարգարյանը։

Կարդացեք նաև

Back to top button