
Արցախի ԱԺ նախագահը ողջունել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների օկուպացված տարածք չայցելելը՝ հայտնում են Արցախի ԱԺ-ից:
«Իշխանությունն ու ընդդիմությունը մի ամբողջական մարմին են։ Ինչքան էլ մեզ մաշեն պատերազմներով, այս սուրբ հողում ապրել և ապրելու են մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արժանի է ուշադրության և հարգանքի։
Արցախի Հանրապետությունը ամենքիս մեջ է, և եթե յուրաքանչյուրս արժանապատիվ աշխարհատարածքը փնտրենք ու հայտնաբերենք, ոչ ոք չի կարող մեզ ստիպել ապրել իրենց պարտադրված երկրում։
Մինսկ-ի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները մերժել են Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը և դրանով շարժել Բաքվի իշխանությունների անթաքույց զայրույթը։
Ողջունելով Մինսկ-ի խմբի համանախագահ երկրների դեսպանների օկուպացված տարածք չայցելելը՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հակամարտությունը ավարտված չէ և բացառապես քաղաքական լուծում է պահանջում ԵԱՀԿ Մինսկ-ի խմբի հովանու ներքո»,- ասված է հաղորդագրությունում։
Արտաքին հարաբերությունների գծով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները անտեսել են Շուշի այցելելու՝ ադրբեջանական կառավարության հրավերը:
«Մենք դա ընկալում ենք որպես անհարգալից վերաբերմունք մեր տարածքային ամբողջականության նկատմամբ»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Շուշիում կայացած համաժողովում իր ելույթի ժամանակ ասել է Հաջիևը՝ ընդգծելով՝ «Ֆրանսիան և ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, 30 տարի չեն նպաստել հակամարտության կարգավորմանը»։




