ԿարևորՏնտեսական

Տնտեսական երկնիշ աճ՝ աղքատության երկնիշ աճի հեռանկարով

2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը գրանցել է աննախադեպ և հետխորհդրային երկրների շրջանում ռեկորդային տնտեսական աճ․ այս մասին իր հերթական հետազոտության մեջ նշել է «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ը։ Երկրի տնտեսական ակտիվությունն աճել է 10,5 տոկոսով։

Ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը հիշեցնում է՝ նախորդ տարեվերջին և այս տարեսկզբին միջազգային խոշոր կառույցները՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկը, Եվրասիական զարգացման բանկը Հայաստանի համար տնտեսական անհամեմատ ավելի ցածր ակտիվություն էին կանխատեսել։

Համախառն ներքին արդյունքի ցուցանիշն էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,5 տոկոսով։ Չնայած այս ակտիվությանը՝ փորձագիտական համայնքը կարծում է, որ պարադոքսներն ու անորոշությունն ավելի շատ են, քան դրական միտումները։ Աշոտ Սարաֆյանն է մանրամասնում․

«Մենք գործ ունենք մի սպեցիֆիկ իրավիճակի հետ, երբ առևտրատնտեսական զարգացումը իր հետ ծնել է նաև զուգահեռ ընթացող պրոցեսսներ և դրանցից ամենադրամատիկը աղքատության աճն է։ Այո, ճիշտ է, որ մենք տարվա վերջում ունենալու ենք ծայրահեղ աղքատության որոշ կրճատում, բայց միաժամանակ Համաշխարհային բանկը և մյուս վարկանշային կազմակերպությունները ահազանգում են, որ մենք երկնիշ տնտեսական աճի կողքին տարվա վերջում ունենալու ենք երկնիշ աղքատության աճ, և այդ աճը տարվա սկզբի 27 տոկոսի փոխարեն տարվա վերջում կարող է հասնել ընդհուպ 42 տոկոսի»։

«Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի անդամ Թաթուլ Մանասերյանը նշում է, որ տնտեսական աճը պետք է էական ազդեցություն ունենա բնակչության եկամուտների ավելացման, գնողունակության բարձրացման, ընդհանուր բարեկեցության մակարդակի վրա և նպաստի աղքատության կրճատմանը։ Սակայն տնտեսագետների խոսքով՝ այժմ Հայաստանում հակառակ գործընթացն է տեղի ունենում։ Ակումբի անդամներից Աշտո Թավադյանն էլ շեշտում է երկնիշ ցուցանիշի գայթակղությանը տրվելով անգործության չմատնվելու անհրաժեշտությունը․

«Եթե մենք մեր տնտեսական խնդիրները չկարողանանք լուծել և մշտապես կախված լինենք արտաքին գործոններից, այդ թվում՝ ԵԱՏՄ-ից, ապա մեր տնտեսական փոքրիկ նավակը անընդհատ կարող է շատ ուժեղ ճոճվել»։

Խմբի անդամները, սակայն,  կարևորում են ԵԱՏՄ համագործակցությունը՝ համարելով այն մեր երկրի համար տնտեսական թթվածին։

Աշոտ Սարաֆյան․ «Մենք արձանագրում ենք, որ ԵԱՏՄ առևտրական շուկան ամենանպաստավորն է Հայաստանի պատրաստի արտադրանքի ավելացման համար։ Ընդ որում՝ վերջին 3 տարվա ընթացքում (չհաշված պանդեմիայի մեկ տարին) Հայաստանի համար ԵԱՏՄ տարածքի դերը գնալով մեծացել է։ Եթե նախապանդեմիկ շրջանում այդ տարածքին բաժին էր ընկնում մեր արտահանման և ներկրման ծավալի շուրջ 27, իսկ դրանից առաջ՝ 25 տոկոսը, ապա այս տարվա ցուցանիշով այն արդեն կազմում է մոտ 30 տոկոսը»։

Տնտեսական աճի հարցում նպաստ է ունեցել նաև աշխարհաքաղաքական իրավիճակը։ Ռուս-ուկրաինական պատերազմի  ընթացքում, տարբեր գնահատականներով, Հայաստան է տեղափոխվել ՌԴ 120 000-200 000 քաղաքացի, ինչն էական ազդեցություն է ունեցել ապրանքաշրջանառության և սպասարկման ոլորտի զարգացման վրա։

«Հայաստանի պատրաստի արտադրանքի աճի արտահանումը Ռուսասատն վերջին 2 տարում կանոնավոր մեծացման միտում ունի․ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը այս ձևերն է ընդունել, և մերոնք կողմնորոշված են այն մթերքների և նյութերի պատրաստման վրա, որոնք Ռուսաստանը դադարել է ներկրել արտասահմանից»։

Տնտեսագետները կարևորում են  նաև տուրիզմի զարգացումը։ Այս տարվա առաջին կիսամյակում այն աճ է գրանցել՝ հասնելով 580 միլիոն դրամ շրջանառության։ Ցուցանիշը դեռ հեռու է նախապանդեմիկ՝ 2019-ի ցուցնիշից, որը գերազանցում էր 700 միլիոնը։ Փորձագիտական համայնքն, այնուամենայնիվ,  ահազանգում է աղքատության ահագնացող վտանգի, տնտեսական աճի կարճաժամկետ լինելու մասին և հորդորում քայլեր ձեռնարկել, միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնում օգնել, որ երկնիշ աճն ավելի մեծ հուսահատության չվերածվի։

Կարդացեք նաև

Back to top button