ԿարևորՀասարակություն

Որքան վարկ ունի ՀՀ 1 քաղաքացին իր ուսերին. բանկային գործարքների թոփ-10 ռեկորդները՝ մեկ կիսամյակում

Հայաստանի բանկերը մեկ կիսամյակում ինքնառեկորդ են սահմանել միանգամից մի քանի հիմնական ցուցանիշով։ Դրսի միտումներն ազդել են հայաստանյան ֆինանսական համակարգի վրա․ քարտեր ու քարտերով գործարքներ, Հայաստան հոսած գումարներ եւ բանկերի կապիտալ․ այս ու այլ ուղղությամբ թվերը երկնիշ փոփոխություն են գրանցել։ Միաժամանակ, առանձնապես չեն բարձրացել վարկերի եւ ավանդների տոկոսադրույքները։ Բայց կան որոշ մտահոգիչ թվեր էլ․ մարդիկ ավելի շատ են պարտք վերցնում բանկերից, ընդ որում՝հենց սպառման համար, մինչդեռ արդյունաբերությանն ուղղված ներդրումային վարկերը նվազել են։

Մեր երկրում  այս պահին մարդկանց ձեռքին 2,7 մլն-ից ավելի վճարային քարտ կա․ 1 տարում դրանք ավելացել են մոտ 100 հազարով, բնականաբար, դրանցով արվող գործարքները եւս աճել են։ Դրանք՝ 40 տոկոսով։ Սա փաստում է, որ անկանխիկի անցնելու կառավարության ցանկությունը տեղից շարժվում է․ 51 %-ով անկանխիկ վճարումներն ավելացել են։ Սա երկնիշ միակ փոփոխությունը չէ։

Քարտերով գործարքները միայն երկրի ներսում չէ, որ ինքնառեկորդ են սահմանում։ Ռեկորդային մեկ այլ թիվ եւս․ Հայաստանի բանկերի տրամադրած քարտերովգործարքներն արտասահմանում ավելացել են 78%-ով, գործարքների ծավալը՝ 99%-ով: Արտասահմանյան բանկերի քարտերով գործարքները ՀՀ-ում 2022թ-ի 1-ին կիսամյակում 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 30%-ով:

Հունվար-հունիսին արտասահմանից ստացումներն ավելացել է շուրջ 922 մլն դոլարով․ աճը՝ ռեկորդային՝ 97.3%: Արտասահման կատարված փոխանցումներ՝ ծավալը  326 մլն դոլար, աճը՝  57.7%: Ֆիզիկական անձանց փոխանցումները 600 մլն դոլարից մի քիչ են պակաս։ Աճը՝ ռեկորդային՝ 155.6%: Բանկերն այսօր սպասարկում են մոտ 7 մլն  հաշիվ, ընդ որում՝ ոչ ռեզիդենտները շուրջ 20 հազար նոր հաշիվ են բացել։

Պաշտոնական վիճակագրությունն այս տարվա առաջին ամիսներին  մի շարք  «պսպղուն» թվեր է արձանագրել։ Տնտեսական ակտիվություն աճն ավելի քան 13 տոկոս է։ Ամենամեծ աճն ապահովել  են ծառայությունները՝ 27․5 տոկոս, առևտուրը՝ 12․5 տոկոս, շինարարությունը՝  13.6 տոկոս և արդյունաբերությունը՝ 7 տոկոս։

Ցուցանիշերն աճում են,  տնտեսության հիմնական ճյուղերին ուղղվող վարկերը՝ եւս։ Վարկերի ընդհանուր պատկերից պարզ է դառնում, որ մարդիկ բանկից վերցրած պարտքով ավելացրել են իրենց սպառումը՝ 0,4 տոկոսով, 10,3 տոկոսով ավելի շատ են տուն գնել հիփոթեկով, բանկերին փողի համար ավելի շատ են դիմել  գյուղատնտեսությունն ու շինարարությունը։ Եւ, այնուամենայնիվ, վարկեր ավելի շատ վերցնում են սպառողական նպատակով։  Ժամկետանց  վարկերն այս առաջին կիսամյակում  6–7 տոկոս են։ Սա վարկը ժամանակին չմարելու կամ մարել չկարողանալու պատկերն է։ Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյան․

«Սպառողական վարկերի մասնաբաժինն ընդհանուր պորտֆելում  23 տոկոս է, հիպոթեքայինը՝ 20 տոկոս, արդյունաբերությւոնը՝ 14 տոկոս, առևտուրը՝ 13 տոկոս, շինարարությունը՝ 9 տոկոս, սպասարկման ոլորտը՝ 7 տոկոս, գյուղատնտեսությունը՝ 6 տոկոս։ Առաջին կիսամյակի կտրվածքով ոչ բոլոր ճյուղերում է, որ վարկավորման ծավալներն ավելացել են։ Մենք տեսնում ենք, որ տրանսպորտի ու կապի ճյուղում պորտֆելը 203 տոկոսով է նվազել, սպասարկման ոլորտն է նվազել,  արդյունաբերության ոլորտն է նվազել՝ 22 տոկոսով»։

Ըստ մասնագիտական դիտարկումների՝ տնային տնտեսությունների վարկային բեռը կամ պարտավորվածությունը ՀՆԱ կշռում չպետք է գերազանցի 36 տոկոսը, որպեսզի տնտեսությունը կարողանալ շնչել։ Մինչ տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալն ավելանում է, մասնագետները հաշվարկել են՝ 1 շնչի վարկային բեռ/ ՀՆԱ ցուցանիշը Հայաստանում  մոտ 30 տոկոս է։ Տնտեսագետ Տաթևիկ Առուստամյանը «Ռադիոլուր»–ի խնդրանքով մոտավոր հաշվարկել է, թե որքան է  Հայաստանի մեկ չափահաս քաղաքացու վարկային բեռը։ Հիմքում  2021թ տնային տնտեսությունների վարկերի ծավալն է։ Հաշվարկում ներառված են սպառողական ու հիպոթեքային վարկերը․

«Մոտ 120 դոլար ՀՀ չափահաս քաղաքացու ամսական վարկային բեռն է, որը նա վճարում է առևտրային բանկերին ու վարկային կազմակերպություններին։ Այսինքն՝ մեկ տարվա կտրվածքով ՀՀում չափահաս քաղաքացին մարում է մոտ 1400 դոլար վարկ»։

Բանկերի միությունն  արձանագրել է՝ չնայած ԿԲ-ն վերջին 1 տարում   բանկերին տրամադրող շրջանառու միջոցների վերաֆիանանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 8 անգամ, սակայն տոկոսադրույքներն, ըստ էության, չեն բարձրացել։ Սա՝  բանկերում կուտակված միջոցների հաշվին․

«Ընդհանրապես, աշխարհում գնաճային ճնշումների հիման վրա բնական է  տոկոսադրույքների աճի սպասել։ Դրսում դրանք բարձրացել են։ Մեզ մոտ դեռ  փոփոխություններ չկան։ Առաջին կիսամյակում մենք տեսնում ենք, որ 14 տոկոսով դրամային վարկերի, 08 տոկոսով՝ դոլարով տրամադրվող վարկերի տոկոսադրույքներն ավելացել են»։

Փորձագիտական դաշտում, սակայն, վարկերի տոոկսադրույքների բարձրացում կանխատեսում են։ Միայն թե երկարաժամկետ հատվածում։  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը հիշեցնում է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2020–ի տարեվերջին 4․25 % էր, այժմ՝ 9․5 %։

Ձեռնարկված կտրուկ քայլերով հանդերձ՝ ֆինանսական շուկայի արձագանքը դանդաղում է՝

«Տոկոսադրույքի բարձրացումը ֆինանսական շուկայում փողի գնի էական թանկացման չի հանգեցրել։ ԿԲ–ն այսպես շարունակաբար հերթական բարձրացումների է գնում, որպեսզի ի վերջո դրա մասշտաբը բավարար լինի ֆինանսական շուկայի վրա ներգործելու վրա»։

Ու էլի մի շարք բանկային ուշագրավ թվեր։ Շահույթ՝ 111 մլրդ դրամ․ թեեւ վերջին տարիներին համակարգը կայուն աճել է, բայց շահույթն էապես ցածր է եղել։ Եւ շահույթի կողքին՝ հարկեր․ բանկերը շուրջ 10%-ով ավելացրել են պետբյուջեին վճարումները։ 16  բանկ՝  2,8 մլրդ հարկ։  

Բանկերի ընդհանուր կապիտալ․ աճը 23 տոկոս՝ կազմելով 1,1 մլրդ դրամ։ Վարկային պորտֆել․ աճը՝ 44․4 տոկոս։ Բայց սրա կողքին չափազանց փոքր է ավանդների աճը․ մարդիկ իրենց գումարները բանկերին պահ են տվել ընդամենը 1,2 տոկոսով ավելի։

Հայաստանի 16 բանկում այսօր մոտ 4 մլրդ դրամի ավանդ կա, ըստ դրամ/դոլարի՝ կես/կես։ Ընդ որում՝ ռեզիդենտների ավանդները նվազել են , ոչ ռեզիդենտների նը՝ ավելացել։ Պայմանավորված է նաև դրամի արժևորմամբ՝ արտարժութային ավանդները դրամով արտահայտված նվազել են։

Back to top button