ԿարևորՀասարակություն

Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս ավտոմայրուղին դեռ գործում է

Սրբուհի Վանյան
Արցախի Հանրային ռադիո

Հայաստան-Արցախ կապը առնվազն մինչև օգոստոսի վերջ ապահովվելու է Լաչինի գործող միջանցքով, մինչև պատրաստ կլինի ժամանակավոր ճանապարհը, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» խմբակցությունը ղեկավարող Արթուր Հարությունյանը։

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է, Արցախի Հանրապետություն մտնող և դեպի ՀՀ ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները: Իսկ մինչ այդ մարդիկ, ովքեր այս օրերին Ստեփանակերտից Հայաստանի Հանրապետություն պիտի մեկնեն, փորձում էին ծանոթ վարորդներից տեղեկանալ իրավիճակի մասին։ Ուղևորների մի մասը նույնիսկ այն դեպքում, երբ իմացել է, որ ճանապարհն անվտանգ է, չի կարողացել հաղթահարել ներքին վախերը և հետաձգել է մեկնումը։

Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանից սովորաբար 6, 7,18 տեղանոց մեքենա է ուղևորվում։ Հատկապես հիմա, երբ ուսանողների ամառային  արձակուրդներն ավարտվում են, ու ՀՀ-ում սովորողները պատրաստվում են վերադառնալ։ Այսօր 3 մեքենա է ուղևորվել․ ուղևորների մի մասը  վերադարձրել է տոմսերը։ 

Կարենը, որ սպասում էր իր մեքենայի շարժվելու հերթին՝ այդպես էլ չմեկնեց՝ ուղևոր չհավաքելու պատճառով։ Վարորդը Երևանից է, երկու ամիս է, ինչ Երևան-Ստեփանակերտ ուղևորափոխադրումներ է իրականացնում․ պահանջարկը բարձր էր, երբ  երթուղուն միանալու առաջարկ է ստացել։ Այսօր դատարկ հետ կմենկի տուն․ մնալը շահավետ չէ, կեցության ծախսերը փակել չի կարող․   

«Ինքներդ գիտեք, որ դա անվտանգ ճանապարհ չէ։ Կորցրել ենք երկիրը, էլ ինչ կա խոսելու։ Արագ ենք անցնում, որ փորձանքի չհանդիպենք։  Բերձորում հայ բնակիչ չէր երևում,  մենակ ոստիկաններ ու ռուս խաղաղապահներ»։ 

Ավագ ենթակարգավար Իգոր Պետրոսյանը վստահեցնում է․ ճանապարհը նորմալ է, կապը վարորդների հետ մշտապես կա, նրանցից տեղեկանում են, որ որևէ խոչընդոտ ճանապարհին չի եղել, պետական համապատասխան մարմիններն աշխատում են այդ ճանապարհահատվածում․  

«Այնտեղ են ոստիկանության, արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները, ռուս խաղաղապահաները։ Մենք կապ ենք հաստատել  Երևան և Ստեփանակերտ մեկնող բոլոր վարորդների հետ, հորդորել, իրենք էլ կապ պահեն»։

Զգուշության միջոցներ, այո, ձեռնարկվում են, բայց դա ուղևորներից ոչ բոլորի մտավախություններն է ցրում։  

«Այսօրվա դրությամբ, առավոտյան, կենտրոնական ավտոկայան են ներկայացել քաղաքացիներ, որոնք վերադարձրել են իրենց տոմսերը»։

Դեպի Երևան տաքսի ծառայություններ մատուցող վարորդների համար էլ օրը հաջող չէր․ սովորաբար նրանց ուղևորները ավտոկայանի բազմատեղանոց միկրոավտոբուսների մեկնումից ավելի ուշ ժամ են ընտրում՝ ուղևորվելու համար։ Այսօր ուղևորահոսքը պասիվ է։ 50 տարվա փորձառությամբ Յուրին   Ստեփանակերտ-Գորիս ավտոբուս է վարել նաև խորհրդային տարիներին։ Հաճախորդի սպասող մյուս վարորդների հետ իրավիճակն են քննարկում․  

«Շարժ չկա, բոլորը  ոնց որ երեկ գնացել են։ Ժողովուրդը  ուզում է իմանա, թե ինչ է լինելու այսօր, երեկ գալուց հարցրել եմ, և մերոնց, և խաղաղապահներին, երկուսն էլ ասել են՝ չգիտենք»։

Վարորդներից Սլավիկն ասում է՝ կարծես թե նույն ճանապարհն է, բայց մի տեսակ դժվարացել է աշխատելը․ նախ՝ հոգեբանորեն․  

«Վիրավորական է, մենք մեր ճանապարհից շեղվում ենք, թուրքի սարքած ճանապարհով գնում․ իրենք հիմա առանց ուղեկցման են անցնում,  իրենց բարձր երաժշտությունը միացրած»։

 Նոր ճանապարհի մասին էլ կարծիքները միանշանակ չեն․ մինչև չգնանք-գանք, իհարկե, չենք կարող գնահատական տալ, ասում են զրուցակիցներս, բայց լավ՝  ոչինչ չենք լսել։ 

«Նոր ճանապարհի  մասին ոչինչ ասել չենք կարող, քանի դեռ չենք գնացել, բայց ասում են բարդ  ռելիեֆային ճանապարհ է, ձմեռը դժվար կլինի»։ 

Այսպես, հավաքված ավտոկայանի տարածքում, վարորդներն իրավիճակն են վերլուծում, խոսում նաև գլոբալ խնդիրներից, որոնք կարծես իրենց քիչ են վերաբերում, բայց կենցաղային մակարդակում վճռորոշ դեր են խաղում հենց իրենց կյանքում։ Օգոստոսի 25-ի աշխատանքային օրն ավարտվում է, Բերձորի ճանապարհի՝ «ամսի 25-ին հաձնելու» լուրը որոշակիություն է ստանում․ բայց առջևում մյուս ամսաթվերն են․ մեկը մեկից անորոշ։

Back to top button