
Ինֆեկցիոն բռնկումների իրավիճակ չունենք, բայց ավելացել են թունավորման դեպքերը։ Վերջին շրջանում ավելի շատ քաղաքացիներ են բուժհաստատություններ դիմում թունավորում հիշեցնող դեպքերով։ Հիմնականում ախտանշանները նույնն են, բայց հստակ չեն պատճառները։ Մասնագետները չեն բացառում թե ջրից, թե սննդից թունավորվելու վարկածները, նշում են, որ պատճառները կարող են նաև այլ լինել։
Բարձր ջերմություն, սրտխառնոց, փորլուծություն ու տասն օր Արմավիրի ինֆեկցիոն բաժանմունքում։ Սաթիկ Իսահակյանն ընտանիքի անդամների հետ մեկնել էր հանգստի Սևան։ Վերադառնալուց հետո ի հայտ են եկել այս ախտանշանները։ Զրուցակիս ասում է՝ սկզբում կարծել է, թե արևահարվել է, բայց վիճակն օր օրի վատացել է։
«Մտածեցի արևահարվել եմ, երկու օր այդ վիճակն էր։ Հետո սկսեցին որովայնում ցավեր։ Դիմեցի բժշկի, անմիջապես ինձ հոսպիտալացրին, հետո պարզվեց, որ ջրազրկվել եմ և ունեմ ինֆեկցիա։ Ինձ ասեցին սովորական ինֆեկցիան է, չեն կարող ասել ինչից է՝ վիրուսներ կան։ Չի հաստատվում՝ ջրի՞ց է, թե՞ սննդից»։
Արմավիրի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Հովհաննիսյանն ասում է, որ օգոստոս ամսին 13 հիվանդ են ընդունել աղիքային վարակիչ հիվանդությամբ ու դժվար է ասել, թե ինչը կարող էր դառնալ վարակի աղբյուր։ Բժշկուհին նկատում է, որ պատճառները կարող են տարբեր լինել, քանի որ այս պահին հաստատված բռնկում չկա։
«Լողավազան հաճախելն է, սննդի պահման ոչ ճիշտ պայմանները։ Ես կոնկրետ չեմ կարող ասել ու չեմ էլ կարող բացառել, որ ջրային ֆակտորը այստեղ տեղ ունի։ Բայց եթե ջուրը լիներ, ապա համատարած կլիներ։ Խնդրին այն է, որ գալիս են ընտանիքներով։ Սա հավանական է դարձնում, որ պատճառն օգտագործած սննդամթերքն է»,-ասում է բժշկուհին։
Առողջապահության նախարարության ն հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնում տեղյակ են խնդրից, ասում են պարբերաբար մշտադիտարկում են իրականացնում վարչական բոլոր շրջաններում։
Բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյան. «Վերջերս եղան բողոքներ կոնկրետ Էրեբունի վարչական շրջանի որոշ թաղամասերից, ուսումնասիրություններ կատարեցինք, ջուրը հետազոտեցինք։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մաքուր է եղել։ Թունավորումները կարող են ջրի հետ կապված լինել, բայց այս պահին դա հաստատող հստակ տվյալներ չունենք»։
Եթե նման ախտանիշեր են նկատվում, ապա ինքնաբուժությամբ պետք չէ զբաղվել՝ ասում է համաճարակաբան Արմեն Օհանյանը։
«Պետք է դադարեցնել ակտիվ գործողությունները, չփորձել ինտենսիվ ձևով ինքնաբուժությամբ զբաղվել՝ տարատեսակ հոգնաներ և այլն։ Ստամոքսի լվացման պրոցեդուրաներ են անում, որոնք պետք չի անել։ Եթե մարդը մի քանի ժամ անընդհատ փսխել է, ապա ոչինչ պետք չէ ընդունել։ Որոշ ժամանակ անց պետք է կում-կում հեղուկներ ընդունել։ Եթե ստացվում է, ապա 90 տոկոսով մեկ-երկու օրվա ընթացքում կկարգավորվի։ Իսկ եթե չի կարգավորվում, ուրեմն պետք է դիմել բժշկի»։
Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնից տեղեկացնում են, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի՝ տարվա առաջին ութ ամիսների համեմատ՝ ինֆեկցիոն բռնկումների դեպքերը նվազել են․ 8՝ 11-ի դիմաց։ Փոխարենն այս տարի ավելի շատ են թունավորմամբ բուժհաստատություններ դիմելու դեպքերը։




