ԿարևորՀասարակություն

Վանաձորի իշխանությունները դատարան են դիմել նախկին քաղաքապետի դեմ ու չեն ներկայացել դատին

Դեռ անցյալ տարի դատարանն ապացուցված էր համարել, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր պաշտոնավարման տարիներին ծառայության շահերին հակառակ գործելու, կեղծիքներ կատարելու և համայնքային գույքն իր բարեկամների անունով ապօրինի օտարելու հետևանքով համայնքին պատճառել է շուրջ 61 մլն. դրամի վնաս: Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը դիմել է դատարան՝ վնասի փոխհատուցման պահանջով: Նախնական դատական նիստին, սակայն, հայցվոր կողմ Վանաձորի համայնքապետարանից ոչ ոք չի ներկայացել։

Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը նշանակումից օրեր անց դիմել էր դատարան՝ համայնքին պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։ Խոսքն այն վնասների մասին է, որ համայնքը կրել է նախկին ղեկավար Սամվել Դարբինյանի պաշտոնավարման օրոք: Չնայած 2021 թ.-ին դատարանը գտել էր, որ նախկին քաղաքապետին պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է ու դադարեցրել քրեական հետապնդումը, այդուհանդերձ,Վանաձորի համայնքապետարանը որոշել է օգտվել իր իրավունքից և դատական կարգով փոխհատուցում պահանջել:

Օգոստոսի 23-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում հրավիրված նախնական դատական նիստը նախագահում էր դատավոր Նանե Սահակյանը: Ուշագրավ է, որ նիստին ներկա չէր Վանաձորի համայնքային իշխանությունների ներկայացուցիչը: Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի փաստաբան Հարություն Հարությունյանն ասաց, որ իր պաշտպանյալն անմեղ է, հայցն էլ՝ անհիմն:

«Նոր կարգավորումներ են սահմանվել, որով վաղեմության ժամկետով կարճման պարտադիր նախապայման օրենսդիրը դիտել է ամբաստանյալի կողմից մեղքի ընդունումը, այսինքն՝ առանց մեղքն ընդունելու նոր օրենսգրքի տրամաբանությունը բացառում է վաղեմության ժամկետով կարճումը, այնինչ նախկին կարգավորումով, որի ընթացքում քննարկվել է իմ վստահորդին առաջադրված մեղադրանքը, նման պահանջ չի եղել, հետևաբար քրեական պատասխանատվություն դրա համար չի կարող վրա հասնել»:

Վանաձորի համայնքապետարանից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Իրավաբանական բաժնի պետ Արեն Եղիազարյանը տեղում չէր: Ավելի ուշ, «Ռադիոլուր»-ին առանց հստակ պատասխանելու՝ Վանաձորի համայնքապետարանը պատշաճ ծանուցվե՞լ է դատական նիստի մասին, թե ոչ, անջատեց հեռախոսը:

Ի՞նչ գնահատումներով է գոյացել հայցվող շուրջ 61 մլն. դրամը, եթե 10 տարի առաջ՝ ենթադրյալ գործողությունների ժամանակ և ներկայում գույքի կադաստրային արժեքներ են փոխվել՝ Դարբինյանի պաշտպան Հարությունյանն է ասում: Տարածքների գնահատման փորձաքննությունն այդպես էլ չի ավարտվել, արդյունքը ոչ ոք չի տեսել, բայց հայցում նույն գումարն է նշված: Եթե այդ օտարումները մանրամասն ուսումնասիրվեն, կպարզվի, որ Դարբինյանը ոչ միայն գործել է օրենքի շրջանակում, այլև ավել գումար է մուտքագրել բյուջե՝ պնդում է փաստաբանը:

«Քանի անձի մասով չկա մեղադրական դատավճիռ, ինքն անմեղ է: Հետևաբար, այդ ակտով ամրագրված ենթադրյալ խախտումները չեն կարող իրավաչափ համարվել: Ներկայացվել է 61 մլն. դրամ բռնագանձելու պահանջ. ի՞նչ թվերի ամփոփման արդյունքում են այդ թվերը ձևավորվել»:

Ըստ մեղադրանքի՝  ենթադրյալ վնասը պատճառվել է 5 միավոր գույք օտարելու հետևանքով։ Դրանցից  2-ը՝ Վանաձորի քաղաքապետարանին ու Լոռու մարզպետարանին հարակից կասկադաձև շատրվանները, հանրապետական նշանակության «Հայքի հրապարակ» հուշարձանի մաս են։ Աղմկահարույց օտարումների փաստերը «ջրի երես հանած» «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է՝ տարիներով այդ տարածքները վերածվել են աղբակույտերի: Սրճարան կառուցելու փորձերը ձախողվել են, իսկ հուշարձանի տեսքն աղավաղվել մետաղական կոնստրուկցիաներով ու բետոնե պատնեշներով: Համայնքին հասցված վնասն ու շատրվանների նախկին տեսքը պետք է վերականագնվի: Իրավապաշտպանը տարօրինակ է համարում, որ նախկին քաղաքապետի պաշտպանը կոռուպցիոն մեխանիզմ չի տեսնում օտարումների այս շղթայում: Գևորգ Քոթանջյան.

«Վարձակալություն է եղել, և վարձակալության հիմքով եղել է օտարում մեկն իր որդուն, մյուսը՝ հորեղբոր թոռանը: Չի եղել մրցակցություն: Ես կասկած ունեմ, որ եղել է նախապես մշակված ծրագիր, որով յուրացվել են այդ տարածքները»:

2021-ի հոկտեմբերի 22-ին դատարանը կայացրել էր ոչ արդարացնող հիմքով որոշում, որով էլ դադարեցվել էր Դարբինյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Դարբինյանը չի ընդունում իրեն մեղսագրված արարքները, մինչդեռ Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն իր ասուլիսում հայտարարել էր, որ ոչ արդարացման վճռով դատարանն ապացուցված է համարել 1999-2016 թթ.-ին Վանաձորը ղեկավարած Սամվել Դարբինյանի կողմից 2000-ականներին ծառայության շահերին հակառակ գործելու, կեղծիքներ կատարելու ու համայնքային գույքն իր բարեկամների անունով ապօրինի օտարելու փաստը: Դատախազը դատարանի որոշումն ուղարկել էր Վանաձորի համայնքապետին, Լոռու մարզպետին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ համայնքին պատճառված վնասի փոխհատուցման իրավական գործընթաց սկսելու նպատակով և խոստացել անձամբ վերահսկել գործի ընթացքը:

Վանաձորի նախկին քաղաքապետի հետ կապված քրեական գործերն այսքանով չեն ավարտվում: Ընթացքի մեջ է նաև Վանաձորի «Հորովել» համույթի նախկին երկհարկանի շենքի հետ կապված քրեական գործը, ըստ որի՝ Դարբինյանը քաղաքի կենտրոնում գտնվող շինությունը կադաստրայինից անհամեմատ էժան գնով, ուղղակի վաճառքի ձևով օտարել է իր քրոջ փեսային։ Կա նաև ավագանու որոշում այս մասին: Մինչ իրավապահները 2 տարուց ավելի գործ են քննում, Դարբինյանը շենքը բարեհաջող վերակառուցել ու վերածել է մանրամեծածախ առևտրի կենտրոնի: Դարբինյանի գործով հաջորդ նիստը հոկտեմբերի 20-ին է:

Back to top button