ԿարևորՀասարակություն

Հայերենը վրացական դպրոցներում․ առաջարկ՝ Թբիլիսիից

Վրաստանում առաջարկում են ի պատասխան Հայաստանի կառավարության՝ վրացական դպրոցներում էլ հայերենի ուսուցում կազմակերպել։ Հայաստանյան դպրոցներում վրացերենի դասավանդման մասին ՀՀ ԿԳՄՍ-ի որոշումը թեև հարևան երկրում բուռն քննարկումների առիթ է դարձել, այդուհանդերձ գաղափարը հիմնականում ողջունում են։

«Որքան լավ ճանաչենք իրար, այնքան քիչ խնդիրներ կունենաք», — ասում են «Ռադիոլուրի» զրուցակիցները։  

«Շնորհակալություն ձեզ»․ հայերենով մի խումբ վրացիներ իրենց երախտիքն են հայտնում Հայաստանի կառավարությանը՝ այս տարվանից դպրոցներում վրացերենի ուսումնասիրման որոշման համար։

Վրաստանի նախկին օմբուդսմեն Ուչա Նանուշավիլին «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ լավ կլինի նույնն անեն նաև Վրաստանում․ երկրի հայկական դպրոցներից զատ հայերենը ոչ պարտադիր սկզբունքով դասավանդել նաև վրացական դպրոցներում․  

«Գաղափարը՝ հարևան երկրներում վրացերենի և հայերենի ուսուցումը, կխորացնի մեր դարերի պատմության ունեցող բարեկամությունը։ Հիմա մեր շփման լեզուն ռուսերենն է շատ դեպքերում, մինչդեռ մինչև 19-րդ դարը միմյանց լեզուներով էինք խոսում, իրար ավելի լավ հասկանում»։

Նախկին օմբուդսմենը պատմում է՝ ապրել ու մեծացել է Հավլաբարի «իտալական բակերից» մեկում, տատիկը փայլուն տիրապետել է հայերենին, ինքն էլ՝ ավելի քան երկու հարյուր հայերեն բառ գիտի․ «օրինակ շնորհակալությունն իմ ամենասիրելի բառն է»։

Ջավախշվիլիի անվան համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս Լեյլա Ջեջելավան նկատում է՝ դա կօգնի խրթին հարցերը բացառելուն․  

«Որքան լավ ճանաչենք իրար, այնքան քիչ խնդիրներ կունենաք, դա հիմք է վրաց-հայկական հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար»։

Կովկասյան հարցերով փորձագետ Նիկա Չիտաձեն ավելացնում է՝ մեր հինավուրց ազգերն իրար պետք է ճանաչեն․  

«Հայերն ու վրացիները տարածաշրջանի հինավուրց ազգերն են, համատեղ երկար ճանապարհ են անցել։ Մենք տարբեր թշնամիներ ենք ունեցել, ժամանակ է եղել, երբ միասնական զորքով ենք հանդես եկել, կարողացել ենք պահպանել մեր մշակույթը, լեզուն, կրոնը, դարավոր խաղաղ համակեցությունը, որն ուսանելի է ոչ միայն մեր եկող սերունդների, այլ համայն մարդկության համար»։

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը օրերս հայտնեց, որ այս տարվանից Հայաստանի որոշ դպրոցներում կուսումնասիրվի վրացերենը:

Նախարարը չի հստակեցրել, թե որ դպրոցներում կուսումնասիրվի վրացերենը, սակայն վստահեցրել է, որ պատրաստ են սկսել այդ գործընթացը: «Սահմանամերձ և ոչ սահմանամերձ դպրոցներում կուսումնասիրվի վրաց լեզուն»,- ասել էր նա։

Back to top button