ԿարևորՏնտեսական

Վերաբացել է 3 տարի չգործող Սիսիանի քարի գործարանը

Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի տնօրենության, ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Սիսիանի VH Stone ընկերության վերաբացման արարողությունը, hայտնում են Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատիից:

VH Stone ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին։ 2015 թվականից ընկերությունը պատկանում է ԶՊՄԿ-ին: Նախկինում շուրջ 120 աշխատատեղ ապահոված ձեռնարկությունը դադարեցրել է գործունեությունը 2019 թվականին և չէր  գործում ավելի քան 3 տարի։ Այս տարի ԶՊՄԿ-ի նոր ղեկավարությունը ռազմավարական որոշում է կայացրել գործարանը վերագործարկել՝ հաշվի առնելով ընկերության նշանակությունը Սիսիան քաղաքի համար, ինչպես նաեւ որպես ԶՊՄԿ բոլոր ձեռնարկությունների արդյունավետության բարձրացման, տնտեսական ազդեցության ընդլայնման ծրագրի մաս։

Վերագործարկման նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2022 թվականի մայիսին։ Գործարանն այս պահին ունի 40 աշխատատեղ։ Արտադրության ծավալը կազմում է ամսական 2500 քմ արտադրանք։ Գործարանը հնարավորություն ունի ընդլայնելու իր արտադրական հզորությունը մինչև 5000 քմ՝ ապահովելով մինչև 80-100 աշխատատեղ։ Աշխատողների գրեթե 100%-ը տեղացիներ են։

Գործարանի բացման արարողությանը ներկա են գտնվել  ԶՊՄԿ գլխավոր տնօրեն, Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ԶՊՄԿ ղեկավար անձնակազմը։

Բացման արարողությանը Ռոման Խուդոլին ասել է. «Այն նպատակը, որի համար մենք այսօր հավաքվել ենք այստեղ, շատ կարևոր է Սիսիան քաղաքի, այս տարածաշրջանի, մեր կոլեկտիվի և անձամբ ինձ համար։ Այսօր մենք վերաբացում ենք մի գործարան, որը տասնյակ մարդկանց աշխատանքով կապահովի։ Սա ռազմավարական որոշում է, ապահովել արդյունաբերական հզորությունների վերականգնումը եւ չապավինել միայն սոցիալական ծրագրերին։  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վերաբացում է այս գործարանը՝ հավատալով, որ արժանապատիվ աշխատանքի հնարավորություն ունենալով՝ այս տարածաշրջանի բնակչությունը կարող է կերտել իր ապագան և իր ձեռքով ու աշխատանքով զարգացնել իր քաղաքը եւ տարածաշրջանը»։

«VH Stone» քարի վերամշակման գործարանը միակ գործող արդյունաբերական ձեռնարկությունն է Սիսիանում։ Գործարանի արտադրանքն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Նախատեսվում է վերականգնել արտահանումը դեպի եվրոպական մի շարք երկրներ եւ Հարավային Կորեա։

Back to top button