ԿարևորՀասարակություն

Սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա

Սեպտեմբերի 1-ից նվազագույն կենսաթոշակ ստացողների, կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կբարձրանան։ Որոշումն ընդունվեց Կառավարության օգոստոսի 24-ի հերթական նիստում։

Նախագծով առաջարկվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից սահմանել`

1) աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21 000 դրամ (18 000 դրամի փոխարեն),

2) զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 20 000 դրամ (18 000 դրամի փոխարեն),

3) նվազագույն կենսաթոշակի չափը` 30 500 դրամ (28 600 դրամի փոխարեն),

4) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

ա․ առաջին խմբի հաշմանդամի համար՝ 45 000 դրամ (43000 դրամի փոխարեն),

բ․ երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 35 000 դրամ (33000 դրամի փոխարեն),

գ․ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 32 000 դրամ (30 000 դրամի փոխարեն),

5)պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 32 000 դրամ (30 000 դրամի փոխարեն)։

Արդյունքում ակնկալվում է, որ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա շուրջ 3100 դրամով կամ 7.1 տոկոսով, զինվորական կենսաթոշակները՝ 5200 դրամով կամ 6.8 տոկոսով:

Առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 30 500 դրամ (28 600 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 39000 դրամ (37 000 դրամի փոխարեն)։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց. «Մեր հաջորդ պլանն այն է, որ կենսաթոշակների հաջորդ որոշումը կկայացնենք 2023 թվականին: Բարձրացումը տեղի կունենա հուլիսի 1-ից»:

Back to top button