
Ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել հայ-ադրբեջանական սահմանի երեք հատվածներում անցակետեր տեղադրելու մասին նախագիծը։ Դրանք նախատեսվում են Հայաստանի երեք՝ Արարատի, Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերումշ։ Պետական եկամուտների կոմիտեն էլ նախագծեր է մշակել, համաձայն որոնց՝ նշված անցակետերում կսահմանվեն մաքսային հսկողության գոտիներ և կստեղծվեն մաքսակետեր։ Թե մաքսային ինչ կարգավորումներ են գործելու, նախագիծը չի հստակեցնում։
Արարատի, Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի սահմանային հատվածներում հայ-ադրբեջանական անցակետեր կտեղադրվեն։ Ազգային անվտանգության ծառայության մշակած նախագծով առաջարկվում է անցակետեր տեղադրել ավտոմոբիլային ճանապարհներին․ Գեղարքունիքի մարզում՝ Սոթք համայնքից դեպի Մ11 մայրուղի, Արարատի մարզում՝ Երասխից դեպի Սադարակ և Սյունիքի մարզում՝ Քարահունջ համայնքից 7,5 կմ հարավ , Մ2 մայրուղու վրա։ Մինչև նախագիծը շրջանառության մեջ դնելը Հայաստանի վարչապետը կառավարության նիստում հայտարարել էր ՝ Հայաստանը պատրաստ է ապահովել իր տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը օրենսդրությամբ սահմանված կարգով ։ Փաշինյանը հանձնարարականներ էր տվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ նախապատրաստելու ընթացակարգերը.
«Մենք այս ընթացքում ամեն օր էլ պատրաստ ենք ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի միջև կապը: Մենք պատրաստ ենք, այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Մենք այսօր էլ ասում ենք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջևան: Հենց այսօր»։
Հայ փորձագետները կարծում են, որ Հայաստանն այս առաջարկով փորձում է ցույց տալ այն տրամաբանությունը, որն ընդունելի է համարում ապաշրջափակման գործընթացում ։ Այլ հարց է, թե որքանով է այդ տրամաբանությունն ընդունելի Ադրբեջանը համար ՝ասում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը.
«Կան տարբեր կարծիքներ․ որոշ մարդիկ նշում են, որ միգուցե համաձայն է։ Բայց իմ կարծիքով Ադրբեջանն այս պահին օգտագործում է այն հնարավորությունների պատուհանը, որը ստեղծվել է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով և ուժային գործիքակազմի կիրառման միջոցով Հայաստանից փորձում է մաքսիմալ զիջումներ կորզել։ Սա լավ երևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացներում, երբ Ադրբեջանը, մեծ հաշվով, հայկական կողմի հետ խոսում է վերջնագրերով․ դնում է վերջնագիր, եթե այն չի կատարվում, դիմում է ռազմական գործողությունների։ Կարծում եմ, որ առաջիկա ամիսներին բանակցային գործընթացում բոլոր հարցերը՝ այս հարցը ևս, այս տրամաբանության մեջ են լինելու»։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը վերաբերում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակմանը: Մասնավորապես ամրագրվում է, որ Հայաստանի պիտի երաշխավորի տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև` երկու ուղղություններով ապահովելով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը: Նշվում է, որ տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնելու են ՌԴ Սահմանապահ ծառայության մարմինները.
«Ամենայն հավանականությամբ, փոխադարձության սկզբունք չի գործելու․այսինքն՝ բացառվում է այն իրավիճակը, որ հայկական բեռնատարներին կամ ավտոմեքենաներին Ադրբեջանի տարածքով ինչ–որ կոնվոյ ուղեկցի՝ լինի ռուսական, թե ադրբեջանական։ Ես այդ իրավիճակը բացառում եմ։ Միջանցքային ինչ–որ տրամաբանություն արդեն իսկ գոյություն ունի, եթե նույնիսկ ապաշրջափակումը այլ տրամաբանությամբ է տեղի ունենում»։
Քարտեզագիր Շահեն Շահինյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է՝ առաջարկվող անցակետերն, ըստ էության, աշխարհագրական նշանակություն չունեն․սահմանային կետեր են, որոնք երեք ուղղությամբ կապ են ապահովելու Ադրբեջանի հետ։ Դրանք գործելու են այն սկզբունքներով, որոնցով գործում են հայ-վրացական ու հայ-իրանական անցակետերը՝ ասում է մասնագետը, կարծում է երեքից մեկը՝ Արարատի մարզում նախատեսվածը, առավել կարևոր նշանակություն է ունենալու, քան մյուսները.
«Երասխի հատվածում խորհրդային տարիներին սահմանային անցակետ չի եղել, բայց Հայաստանն ու Նախիջևանը միավորող ճանապարհ եղել է։ Այս ճանապարհը կապել է սովետական հանրապետությունները ։ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում ճանապարհ եղել է, բայց՝ երկրորդական նշանակության»։
Արարատի մարզում՝ Երասխի հատվածում, ոչ միայն ավտոմոբիլային, այլ նաև երկաթուղային հաղորդակցություն է եղել՝ ասում է քարտեզագիրը։ Իսկ Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերից դեպի Ադրբեջան կապը տեղական նշանակության էր.
«Օրինակ՝ Սոթքի բնակիչը կարող էր գնալ Ադրբեջանի սահմանակից բնակավայրեր, բայց այդտեղով չէր կարող շարունակել և հասնել Բաքու կամ Մոսկվա։ Այսինքն՝ միջպետական նշանակության կապ չի եղել»։
Ադրբեջանը մի քանի կետով կարող է հատել Հայաստանի սահմանը և հասնել Նախիջևան․ Փաշինյանի այս հայտարարությանը հետևել էր թվարկումը՝ Ղազախ-Իջևան, Ղազախ-Բերդ , Վարդենիսով Սիսիան, Երասխ։ Տարբերակներ կան, ռիսկեր ևս՝ ասում է ճանապարահաշինարարների հայկական ասոցիացիայի նախագահ, «Ճանապարհ» ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Բեզոյանը։ Նրա մտահոգություններն առնչվում են Երևան-Սևան-Իջևան- Ղազախ ճանապարհին, որը Հայաստանի գլխավոր միջպետական մայրուղիներից է.
«ճանապարհը Ադրբեջանի հետ փակ է 1990-ականներից։ Տրանսպորտային այս հատվածն է, որը նախկինում Հայաստանը կապում էր Ադրբեջանի ու Վրաստանի, այժմ՝ միայն Վրաստանի հետ»։
Դրան զուգահեռ գործել է նաև այլ միջպետական ճանապարհ, որով կապ է ապահովվել Վրաստանի հետ։ Խոսքը Թուրքիայի սահման-Մարգարա-Աշտարակ-Ապարան-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման Մ3 միջպետական մայրուղու մասին է։ Դրանով Ադրբեջանի Ղազախի շրջանը կարող է կապ հաստատել Նախիջևանի հետ, բայց այդ կապը կենթադրի նաև, որ ադրբեջանական մեքենաները պետք է անցնեն Երևանով կամ շրջանցիկ ճանապարհով, որպեսզի դուրս գան Մ2 մայրուղի ՝ Երևան-Երասխ-Իրանի սահմանային հատված ու հասնեն Նախիջևան։ Մասնագետները այս ու այլ ռիսկեր են տեսնում, որոնց առանցքում անվտանգային բաղադրիչն է։
Քննարկվում էր նաև այն հարցը, թե տարանցման ժամանակ ճանապարհները փակվելու են։ Վերջին մտահոգությունը ԱԱԾ–ն հերքել է ։ Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան և հակա ռակ ուղղությամբ ավտոմոբիլային հնարավոր տարանցման ժամանակ տեղական և միջազգային նշանակություն ունեցող ճանապարհները չեն փակվելու, չի խոչընդոտվելու Հայաստանի բնակիչների ազատ տեղաշարժը՝ նշվում է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Կառույցը նաև տեղեկացնում է, որ ներկայում մշակման փուլում են ավտոմոբիլային տարանցման հավանական երթուղիներն ու կարգը։




