
Օգոստոսի 23-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզների տնօրենների և ներկայացուցիչների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ` հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման թեմայով։

Հանդիպմանը մասնակցել են ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը, Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Լիլիթ Ղարիբյանը, Երևանի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի պետ Կարեն Կարապետյանը։

Աշխատանքային հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկելՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ա․ Պապիկյանը։ Նա նշել է, որ հրդեհային անվտանգության տեսանկյունից Տեսչական մարմինը կարևորում է նախակրթական հաստատություններում հրդեհային անվտանգության նորմերի խստիվ պահպանումը։

Նշվել է, որ ՔՏՀԱ տեսչական մարմինն այս տարի հրդեհատեխնիկական հետազոտություններ էր կատարել մայրաքաղաքի մոտ չորս տասնյակ նախակրթարաններում։ Դրանց արդյունքները ներկայացրեց ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի պետ Կ․ Կարապետյանը։ Նա ընդգծել է, որ Տեսչական մարմնի համար առաջնահերթ է նախակրթարանների շենքերի հրդեհային անվտանգության վիճակի մոնիթորինգը, դրանց անվտանգության բարձրացմանն ուղղված կանխարգելիչ քայլերի ձեռնարկումը։




