Այսօր Անկախության հռչակագրի ընդունման օրն է
32 տարի առաջ` 1990 թվականի օգոստոսի 23-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որով հռչակվեց Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո` օգոստոսի 24-ին, հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի վրա, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:
Հայաստանի Անկախության հռչակագիրն ընթերցել է պատգամավոր Արամ Մանուկյանը։
Այդ փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։
«Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները»,- ասված է հռչակագրում:
Անկախության հռչակագիրը հիմնվում էր ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա։
Մոտ մեկ ամիս անց՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու մասին հանրաքվե անցկացվեց։ Անկախության քվեին «այո» ասաց Հայաստանի քաղաքացիների 94,99%-ը: