
«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով բացել առեւտրի կենտրոնը և պնդելով, որ այս դադարից տնտեսվարողներն էական վնասներ են կրում։ «Փեթակ»-ը փակ է օգոստոսի 14-ից՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի ողբերգական պայթյունի օրվանից։ Ըստ իրավապահների՝ «Սուրմալու»-ի հարակից խանութները շարունակում են փակ մնալ անվտանգային նկատառումներով։
Երկար սպասված լուրին «Փեթակ»-ի շուրջ 2500 աշխատակիցները դեռ երեկվանից էին սպասում։ Այսօր արդեն հավաքվել էին առևտրի կենտրոնի հարակից տարածքում հստակ պահանջով՝ բացել առևտրի կենտրոնը և թույլ տալ աշխատել։
«Չնայած տնօրինությունից լուր չունեինք՝ աշխատելո՞ւ է, թե՞ ոչ, որոշեցինք ինքներս գալ, հանդիպել, հասկանալ։ Քիչ առաջ ոստիկանության մի մայոր մեզ տեղեկացրեց, որ այդ հարցն այժմ քննարկվում է։ Պարզապես մենք կոնկրետ պատասխանի ենք սպասում»։
«Նույն գրենական կամ ամառային պարագաների բաժինները կորոնավիրուսի ժամանակ փակեցին, հետո պատերազմը խանգարեց, հիմա էլ այս դեպքը․․․ Հիմա այդ մարդկանց առևտուրը, սեպտեմբերի 1-ով պայմանավորված, նորից ձախողվում է։ Իրենց ապրանքը շատ է, պահեստները մեծ են, բոլորն աշխատում են վարկերով»։
«Շատ աշխատակիցներ օրավճարով են աշխատում։ Քանի որ խանութները չեն բացում, մարդիկ գումար էլ չունեն, որ վճարեն։ Վաղն այդ բիզնեսը շատ լուրջ խնդիրներ կունենա»։
Ամեն ինչ նորից տնտեսվարողի գլխին կոտրվեց՝ նկատում է «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը։ Նա ևս «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների հետ հստակ պատասխանի է սպասում։ Արդեն 8 օր առևտուր չեն անում, բայց դրանից այս մարդկանց ծախսերը չեն նվազում։ Ի վերջո, իրավունք ունեն հստակ իմանալու, թե երբ են աշխատանքի վերադառնալու՝ ասում է։
«Մարդիկ պարտավորություններ ունեն իրենց հաճախորդների, մատակարարների, բանկերի նկատմամբ։ Ինչպես գիտեք, հարկերի վճարման վերջնաժամկետն ամեն ամսվա 20-ն է, այսօր արդեն 22-ն է, այդ խնդիրները հերթով ծանրանում են տնտեսվարողի վրա»։
«Փեթակ»-ը փակ է օգոստոսի 14-ից՝ հարեւանությամբ գտնվող «Սուրմալու» առեւտրի կենտրոնի ողբերգական պայթյունի օրվանից։ Ըստ իրավապահների՝ հարակից խանութները փակ են անվտանգության նկատառումներով։ Ավելի վաղ «Ռադիոլուրի» հետ զրույցում քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնց հայտնել էին, որ Հայաստանում շուրջ 8000 բարձր ռիսկայնության օբյեկտ կա, որոնց շարքում «Փեթակ»-ը, ըստ տեսչական մարմնի հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի վերահսկողության բաժնի փորձագետ Արմեն Հովակիմյանի, ամենառիսկայիններից է։
«Երևի դուք էլ եք այցելել Մալաթիայի շուկա, Գնունի, Փեթակ, բոլոր տեղերում էլ նույն անմխիթար վիճակն է հրդեհային անվտանգության պայմանների պահպանման։ Բոլորին էլ երկար ժամկետ է տրվել։ Որքանով տեղյակ եմ՝ հաջորդ ամիս Փեթակի վերստուգումն է»։

Հակահրդեհային ինքնաշխատ համակարգ, հրդեհի ազդանշանի համակարգ, կրակմարիչներ, հրդեհաշիջման համակարգեր, հիդրանտներ, դեպի դուրս բացվող դռներ, տարհանման պլան և այլն․ սրանք հակահրդեհային նորմերի շատ փոքր մասն են, սակայն ըստ ոլորտը վերահսկող տեսչական մարմնի՝ խախտումներ չկան մեր երկրի 114 խոշոր առևտրի կենտրոններից մոտ մեկ տասնյակում կամ շուրջ 10 տոկոսում միայն։ «Փեթակ»-ում այս գնահատականները չեն կիսում։ Անվտանգության բոլոր նորմերն իրենց մոտ պահպանված են՝ կարծում են։
«Նման բանի մասին մենք տեղյակ չենք։ Մենք գիտենք, որ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Կրակմարիչներ կան»։
«Դե հարյուրտոկոսանոց ոչ մի բան չի կարող լինել, բայց հաստատ անվտանգ է Սուրմալուից»։
«Եթե խուճապ լինի, ամեն տեղից էլ ելքեր ու մուտքեր ունենք։ Խուճապ որ լինի, բոլոր սուպերմարկետներում էլ խուճապ կլինի, այդ առումով բոլորն էլ վտանգավոր են»։
«2004 թվականից ես «Փեթակ»-ում եմ աշխատում, վերջին 4-5 տարվա մեջ շատ մեծ փոփոխություններ են եղել։ Հոսանքի լարեն են առանձնացվել, ջրամատակարարումն ամբողջ ցանցով կազմակերպվել է, փայտը վերացրել են կտուրներից, մուտքերն ազատել են»։
«Անցյալ տարվա Սուրմալուի հրդեհից հետո մեզ մոտ ստուգումներ եղան, դրանից հետո ահագին մեծ գործ է արվել»։
Աշխատակիցները պատմում են, որ վերջին մեկ տարում էական փոփոխություններ են կատարվել «Փեթակ»-ում։ Ի դեպ՝ տեսչականի ստուգումներն էլ անցյալ տարի են եղել, ըստ էության՝ բարեկարգման աշխատանքները հաջորդել են հենց դրանց։ Ինչ վերաբերում է աշխատակիցների պահանջին, ապա նրանց օրվա առաջին կեսին խոստացել էին 1-2 ժամվա ընթացքում հստակ պատասխան տալ, բայց օրվա վերջին աշխատակիցներից տեղեկացանք, որ երբ են վերադառնալու աշխատանքի հարցը դեռևս անպատասխան է։




