Սիսիանում՝ 7, Քաջարանում 3 ուժ կմասնակցի ավագանու ընտրություններին
Սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզի երկու համայնքներում՝ Սիսիանում և Քաջարանում, ընտրություններ են․ սյունեցիները համամասնական ընտրակարգով ավագանու անդամներ և այդ կերպ նաև համայնքի ղեկավար են ընտրելու։ Քաջարանում նախընտրական պայքարին մասնակցելու հայտ է ներկայացրել 3, Սիսիանում՝ 7 ուժ։
Սյունիքի մարզի Սիսիան ու Քաջարան համայնքներում սեպտեմբերի 25-ին կանցկացվեն համայնքի ավագանու հերթական ընտրություններ։ Օգոստոսի 21-ը կուսակցությունների ու դաշինքների առաջադրման վերջնաժամկետն էր։ Քաջարանում կպայքարի 3 ուժ։ Համայնքի գործող ղեկավար Մանվել Փարամազյանը, որը նախկինում «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ էր, այս տարվա մայիսին լքել է կուսակցությունը։ Նա գլխավորելու է «Արդարություն» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություններից կազմված «Դեպի միասնություն» դաշինքը։
«Հանրապետություն» կուսակցության ցուցակում առաջինը Քաջարանի նախկին քաղաքապետ Վարդան Գևորգյանն է։ «Ռադիոլուրի» հարցերին խոստացավ պատասխանել որպես թեկնածու գրանցվելուց հետո, բայց նշեց, որ նախընտրական պայքարում իրական ընդդիմադիրն իր ներկայացրած ուժն է։ Կառավարող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին հորիզոնականում գործարար Արմեն Առաքելյանն է։
Ի տարբերություն Քաջարանի՝ Սիսիանում ավելի թեժ ընտրապայքար է սպասվում․ ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 7 քաղաքական ուժ։ «Համերաշխություն» ու «Վերածնվող Հայաստան» կուսակցություններից կազմված «Աշխատանք և արդարություն» դաշինքի ցուցակը գլխավորում է գյուղատնտեսությամբ զբաղվող Հայկ Առաքելյանը։ Մեր հարցերին թեկնածուն չպատասխանեց՝ վկայակոչելով իր զբաղվածությունը։
«Հարմար չի էլի, մի քիչ զբաղված եմ, չեմ կարող խոսել»։
Ընդդիմադիր նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի ղեկավարած «Մեկ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է Սիսիանի ավագանու նախկին անդամ Մարտին Հարությունյանը, Հայ Հեղափոխական դաշնակցությանը՝ գեղանկարիչ Աշոտ Ավագյանը։ Սիսիան համայնքը ղեկավարելու հայտ ներկայացրած «Արդարություն» և «Քաղաքացու որոշում» կուսակցությունների ձևավորած «Զարգացող համայնք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորում է Մհեր Ազոյանը։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակում առաջինը Արա Զաքարյանն է։ Նա, ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, պիտի լիներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն։ «Ռադիոլուրի» հետ զրույցում թեկնածուն այդ լուրերը չմեկնաբանեց, ասաց միայն, որ բայց իր շանսերը բարձր է գնահատում։
«Իմ շանսերը շատ բարձր եմ գնահատում։ Ու միանշանակ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի»։
Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը գլխավորում է իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակը։ Նա պաշտոնակատար է նշանակվել Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանի՝ պատգամավոր ընտրվելուց հետո։ Վերջինն այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր է։ Կառավարող ուժի թեկնածուին չի վախեցնում 7 ուժերի միջև սպասվող նախընտրական պայքարը։ Արմեն Հակոբջանյան
«Քանի հոգի ուզում են դնեն, միևնույն է, իմ հաղթանակը անխուսափելի է, ես հավաքելու եմ 50+1 ձայն։ Պայքար է, մարդիկ ոնց ուզում պայքարում են, դա պիտի լինի օրենքի սահմանում»։
Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցության ցուցակը գլխավորում է շախմատի ուսուցիչ Սևակ Մուսաթյանը։ Առաջադրվելուց առաջ աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Ասում է՝ իր ցանկությամբ։
«Չէ, չէ, ինձ չեն կարող ստիպել։ Իմ ցանկությամբ դպրոցներից դուրս եմ եկել, դիմումները գրել եմ համենայնդեպս»։
Սևակ Մուսաթյանը նույնպես իր շանսերը բարձր է գնահատում։ Նրա անունը կապում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։
Սևակ Մուսաթյան. «Ուղղակի մենք հեղափոխության կողմնակիցներ ենք։ Այնպես չէ, որ հեղափոխությունը միայն ՔՊ–ն է արել, կամ հեղափոխությունը իրենց լեգիտիմ իրավունքն է։ Շատ ուժեր կան, որ կանգնած են հեղափոխության ակունքներում»։
Թեկնածուների գրանցման համար, ըստ ժամանակացույցի, 5 օր է նախատեսված։ ԿԸՀ-ն այդ ընթացքում կստուգի առաջադրված ուժերի և նրանց թեկնածուների համապատասխանությունը օրենսդրության պահանջներին։ Չի բացառվում, որ առաջադրված ուժերից ոմանք լքեն ընտրապայքարը։