ԿարևորՀասարակություն

Նոր երթուղու գործարկումից հետո կունենա՞նք գազ, էլեկտրականություն ու կապ

Վիկտորյա Սարգսյան
Արցախի Հանրային ռադիո

Ըստ պաշտոնական տեղեկատվության առաջիկա օրերին Ստեփանակերտ-Գորիս գործող մայրուղին անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, փոխարենն այդ կապն ապահովելու է նոր երթուղին։

Արցախը սնուցող ենթակառուցվածքները ճանապարհի գործող հատվածից նոր երթուղի տեղափոխելու համար արդեն իսկ մեկնարկել են տարաբնույթ աշխատանքներ՝ «Արցախ» լրատվականին հայտնել են ՏԿԵ նախարարությունից:

Որքա՞ն է տևելու ենթակառուցվածքների տեղափոխման գործընթացը։

Ինչպե՞ս է կարգավորվելու ենթակառուցվածքների խնդիրը երթուղին փոխելուց հետո։

Ի վերջո, դրանից հետո մենք կունենա՞նք գազ, էլեկտրականություն և կապ:

Այս հարցերի պատասխաններն իմանալու համար Հանրային ռադիոն գրավոր հարցում է ուղարկել ԱՀ նախագահի աշխատակազմ։ Ինչպես Հանրային ռադիոյին հայտնեցին ԱՀ նախագահի աշխատակազմից՝ Արցախի Հանրապետությունը սնուցող ենթակառուցվածքները կշարունակեն գործել՝ համաձայն Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների։

«Ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ կերաշխավորեն Ադրբեջանի վերահսկողության ներքո ենթակառուցվածքների անխափան աշխատանքը»։

Որքան կտևի ենթակառուցվածքների տեղափոխումը՝ դժվար է ասել: Օրինակ, գազատար խողովակների տեղափոխումը մեկնարկելու է միջանցքի նոր երթուղու պատրաստ լինելուց հետո միայն: Իսկ թե որքան անխափան կարող են գործել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ենթակառուցվածքները, գիտենք սեփական փորձից: Ներկայումս էլ գործող ենթակառուցվածքների մի մասը Շուշիի հատվածում անցնում է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքով: Այս ընթացքում ադրբեջանցիները տասնյակ անգամ խնդիրներ են հարուցել թե գազի և թե էլեկտրականության մատակարարման համար: Ինչ արժե միայն այս տարվա մարտ ամսվա «գազային ճգնաժամը»:

Բայց ավելին, քան ռուսական խաղաղապահ զորակազմի հավաստիացումները ենթակառուցվածքների անխափան գործունեության մասին, այս պահին մենք չունենք:

Back to top button