Օգոստոսի 17-ից Մինաս Ավետիսյանի ծննդավայր Ջաջուռ գյուղում մեկնարկել է երիտասարդ նկարիչների պլեներ՝ «Նկարում ենք լույսը» խորագրով: 5 օր նկարիչներն ապրում և ստեղծագործում են Մինասի ծննդավայրում: Այդ օրերին ստեղծված կտավները կհանվեն վաճառքի, իսկ հասույթը կուղղվի գյուղին։ Նախաձեռնությունն «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամինն է, նպատակը՝ուշադրություն հրավիրել Ջաջուռի խնդիրների վրա և նպաստել ապագայում գյուղական տուրիզմի զարգացմանը:
Մինասի գյուղում լույս ու գույներ են. մարդկանց առօրյան լցվել է. Ջաջուռում նկարչական 5-օրյա պլեներ է: Նախաձեռնողը 2019-ին հիմնված «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամն է: «Նկարում ենք լույսը» կարգախոսը պատահական չէ՝ ասում է հիմնադրամի ղեկավար Երանուհի Սողոյանը: Անցած 2 տարիները գորշ էին, լի՝ աղետներով, տխրությամբ ու մռայլ գույներով: Թունելի վերջում լույսը տեսնելու ձգտումն է ապրեցնում:
«Մինասը համարվել է լույսի նկարիչ, ինքն ասել է՝ ես նկարում եմ լույսը: Այս 5 օրն անցկացնում ենք Մինասի ծննդավայրում և փորձում ենք լույսը նկարել։ Կարծում եմ՝ լուսավոր կտավներ են ստացվել: Մեր մասնակիցների կտավներում լույս կա հաստատ, փորձենք «լույս»-ը վաճառել, որ «լույս» բերենք գյուղին»:
Երանուհի Սողոյանի դիտարկմամբ՝ պլեները եզակի է այն առումով, որ եզրափակվելու է բարեգործությամբ: Ներգրավված 10 երիտասարդ նկարիչներին հիմնադրամը տրամադրել է 1-ական կտավ: Պատրաստի նկարները կհանվեն բարեգործական վաճառքի, հասույթը կուղղվի Ջաջուռում մշակութային որևէ խնդրի լուծմանը:
Երևանաբնակ նկարչուհի Արմինե Հովհաննիսյանը գյումրեցի ընկերների հորդորով է միացել բարի նախաձեռնությանը, նաև՝ մինասյան գույները մոտիկից ապրելու ու զգալու ոգեշնչումով: Գյուղական պատկերներ է հանձնել կտավին.
«Գյուղական տեսարան ու տատիկ՝ տան մոտ նստած։ Հետաքրքիր է, որ կտավում գույներն ինչ-որ չափ Մինասին են նմանվել, երևի այդ ոգեշնչումը, գույների զգացողությունը եկել է գյուղից: Ծրագիրը բարեգործական է, ինչը շատ ուրախալի է: Որպես նկարիչ, մենք էլ մեր լուման ունենանք բարեգործությանը: Իմացա, որ ապրելու ենք Ջաջուռում: Անգամ գյուղում շրջելով, գույներն զգալով, մարդկանց հետ շփվելով՝ ես մտովի լրիվ Մինասի կտավներում էի հայտնվում»
Հարևան Հացիկից է Հագեթան՝ Հասմիկ Թադևոսյանը: Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի 4-րդ կուրսի ուսանող է: Գյուղի ու գյուղի մարդու խնդիրները լավ իմանալով է միացել բարեգործական գաղափարին:
«Ապրելով գյուղում՝ հասկացել եմ գյուղում ապրող երեխաների դժվարությունները: Նրանք էլ են ուզում նկարչական խմբակներ հաճախել, սակայն այդ ամենը դժվար է: Ու երբ ծրագիրն է երեխաների մոտ գալիս, նրանց առօրյան փոխվում է դեպի դրականը»:
Նախաձեռնությանը Ախուրյան խոշորացված համայնքը շուրջ 800.000 դրամ է ուղղել։ Շատ են նաև անհատ բարերարները՝ ասում է Երանուհի Սողոյանը: 1 շաբաթից կտավները բարեգործական վաճառքի կհանվեն:
Շուրջ 800 բնակչով գյուղը չլուծված բազմաթիվ խնդիրներ ունի՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է Ջաջուռի վարչական ղեկավար Կոլյա Գրիգորյանը. գազիֆիկացում, ճանապարհաշինություն, ոռոգման ոչ լիարժեք համակարգ, մանկապարտեզի կառուցում: Գյուղի մշակութային ու տուրիստական կյանքն աշխուժացնելու առումով մեծ հույսեր են կապում «Արդինի»-ի նախաձեռնած նկարչական պլեների հետ:
«Երկու մտքի ենք՝ արվեստի դասարան դպրոցում կամ գրադարան: Ավելի շատ հակված ենք գրադարանին: 2000-2001 թվականներին հրդեհ եղավ, գրադարանն այրվեց»:
Նախագծի 3՝ սոցիալական, բարեգործական և զբոսաշրջային բաղադրիչները շաղկապված են: Փորձել են 5 հյուրընկալ տուն գտնել Ջաջուռում, որտեղ 5 օր 10 նկարիչ համատեղ կապրեն տան տերերի հետ: Գյուղի բնակիչներն այդկերպ գումար վաստակելու, նոր շփումներ հաստատելու հնարավորություն կունենային: Հյուրընկալ տներ գտնելը դժվար է եղել, բայց համոզված են՝ ժամանակավոր է: Մարդիկ չունեն տարրական կենցաղային պայմաններ, բնական է՝ ասում է Երանուհի Սողոյանը: Եթե անգամ 5-ից 1-ն արդեն որոշել է գյուղական տուրիզմով զբաղվել, արդեն ձեռքբերում է, որովհետև մեր նպատակը գյուղում նաև հյուրընկալ տների մշակույթն ու տուրիզմը զարգացնելն է:
Լուսանկարները ՝ «Արդինի» հիմնադրամի