ԿարևորՀասարակություն

Հերունու աստղադիտակը` էլի աստղերի համար, բայց արդեն երաժշտական․ երբ գիտական կենտրոնը միայն փառատոնի է ծառայում

Պարիս Հերունու ռադիոօպտիկական դիտակը և հարակից տարածքը մշակութային գործունեությամբ զբաղվող հասարակական մի կազմակերպության վարձակալությամբ տալը մտահոգել է գիտական շրջանակներին։ Հնչում են անհանգստություններ, որ գիտական կենտրոնի ճակատագիրը վտանգված է։ Ասում են՝ դիտակի ապակոնսերվացման ու վերագործարկման հստակ ծրագրեր կային, մինչդեռ Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը դադարեցրել է այդ աշխատանքների ֆինանսավորումը եւ նոր, այսպես ասած, մասնավոր պայմանագիր կնքել։

Պարիս Հերունու ռադիո-օպտիկական դիտակը և հարակից տարածքը Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը մի քանի տարով վարձակալության է տվել «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպությանը: Ահազանգողները Քարահունջ հայագիտական կենտրոնն ու Հերունու ազգային տիեզերական կենտրոն ծրագրի ղեկավար, Պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Արևիկ Սարգսյանն են։ Սարգսյանն ավելի վաղ համաձայնել է գործակցել հասարակական այդ կազմակերպության հետ, քանի որ այն պատրաստակամ է եղել օգնել Հերունու ազգային տիեզերական կենտրոնին։

Այդ նպատակով հանդիպել են, քննարկել ծրագրեր՝ այդ թվում բիզնեսի բաղադրիչով։ Բայց հիմնական ուղղությունը գիտահետազոտական էր՝ վերականգնել մեծ ռադիոդիտակը, ծառայեցնել ռադիոաստղագիտությանը՝ տիեզերական տարբեր խնդիրներ լուծելու համար՝ «Ռադիոլուրին» մանրամասնում է Արևիկ Սարգսյանը։ Բիզնես ծրագրերից էին տարածքում գիտակրթական տուրիզմի միջոցառումները։

Սակայն՝

«Սակայն անցավ ժամանակ, և մարդիկ որոշեցին ինքնուրույն գործել՝ առանց մեզ։ Ինչքանով տեղյակ եմ, մի քանի ամիս փորձել են համոզել  ինստիտուտի ղեկավարությանը, և վերջին երկու ամիսներին ներդրումներ են արդեն իրականացվում։ Կառավարման պուլտերի շենքի տանիքն են վերանորոգել, մաքրություն են անում կողքի շենքերում։ Եվ դրանից հետո կնքել են պայմանագիր։ Ի՞նչ սկզբունքով՝ դեռ չգիտենք։ Գիտենք, որ 3-5 տարի ժամկետով է։ Այդ ընթացքում իրենց թույլատրվում է ամեն ինչ անել տարածքում»։

էկոնոմիկայի նախարարությունը երկու տարի առաջ էր դիրքորոշում հայտնել՝ Հայաստանն այնքան հարուստ երկիր չէ, որ գումար չհատկացնելով՝ նման հարստություն կորցնի, ու որոշվել էր ապակոնսերվացնել դիտակը։ Հերունու զարմուհին՝ Արևիկ Սարգսյանը, Ստանդարտների և չափագրումների ինստիտուտում նշանակվեց հենց այդ նպատակով՝ կազմակերպելու աստղադիտակի վերագործարկումը։ Նախորդ տարի կազմակերպվեց 48-ժամյա դիտում։ Մշակվեց ապակոնսերվացման ռազմավարական պլան։  Բայց, ինչպես պրոֆեսորն է ասում, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։

«Եկող տարվա ծրագրի մեջ, որ պետք է նորից 45 մլն դրամ հատկացվեր՝ ըստ պահանջի, ինձ ՍՉԱՓ-ից ասացին՝ ցույց տվեք գրավոր մի հրահանգ նախարարության մակարդակով, որտեղ գրված է, որ ռադիոդիտակի վերականգնման աշխատանքների ծրագիրը, հիմնված այսինչ ծրագրի վրա, մեկնարկել է։ Չկա նման փաստաթուղթ։ Այն, ինչ կատարվեց էկոնոմիկայի նախարարության կողմից, դժվար է մեկնաբանել։ Այնուամենայնիվ, բանավոր ինչ-որ ցանկություն է»։

Պրոֆեսոր Սարգսյանը հայտարարությունից է իմացել, որ դիտակի տարածքում փառատոն պիտի անցկացվի։ Դրանից երկու-երեք ամիս առաջ նրա մուտքը տարածք արգելվել է՝ ասում է։ Գրավոր թույլտվություններով են փորձել մուտք գործել, սակայն ապարդյուն։ Համառ պնդումներից հետո է ստացվել մտնել դիտակի տարածք։ «Մտա ու տեսա՝ բուռն գործունեություն է ծավալվել»,-պատմում է։

«Ոչ մի տեսակ երաժշտության դեմ չենք։ Այո, այդ տարածքում պետք է լինեն տարբեր համերգներ։ Բայց տարածքի, ռադիոդիտակի, Պարիս Հերունու ոճին ու հոգուն հարիր չէ այն, ինչ պատրաստվում են անել այդ օրերին։ Առաջնայինը գիտությունն ու տարբեր պայմանները պահպանելն է»։

Դիտակի տարածքում պետք է պահել հստակ կանոններ՝ մտահոգվում է զրուցակիցս։ Օրինակ, եթե հատուկ կոշիկներ չունես, ռադիոդիտակի մակերեսով չի կարելի քայլել՝ ձեռքով ձուլած թիթեղները չվնասելու համար։ Տարածքում լուսավորության համակարգ է կառուցվում, այնինչ դրա բարձրությունն այնքան պետք է լինի, որ չխանգարի դիտումներին։ Արևիկ Սարգսյանը Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի մոտեցումը բնորոշում է որպես գիտության, ռադիոդիտակի ապակոնսերվացման խոչընդոտ։

Իսկ ինստիտուտից հերթով անդրադառնում են զրուցակցիս մտահոգություններին, հակադարձում բոլոր «մեղադրանքներին»։ Նախ՝ «Արմատ» կազմակերպության հետ վարձակալության որևէ պայմանագիր չի կնքվել ու կնքվելու՝ «Ռադիոլուրին» տեղեկացնում է կառույցի տնօրենի տեղակալ Արմեն Ոսկանյանը։ Կնքվել է փառատոն կազմակերպելու 10-օրյա անվարձահատույց թույլտվության պայմանագիր։ Որպես պատասխան՝ կազմակերպությունը պատրաստակամ է այնտեղ իրականացնել բարեկարգման աշխատանքներ՝ էլի անհատույց։

«Այդ շրջաններում՝ Օրգովում, Բյուրականում, աշխույժ առևտուր կլինի, հյուրատները կաշխատեն։ Մենք որոշել ենք թույլ տալ էդ մարդկանց էդ տարածքում երեք օր կազմակերպել փառատոն»։

Ըստ ինստիտուտի փոխտնօրենի՝ պայմանագրում հստակ է՝ արգելվում է փառատոնի ժամանակ մտնել կամ օգտագործել որոշ տարածքներ, մասնավորապես, ռադիոաստղադիտակի և նրան հարող հարավային թունել և ազգային չափանմուշների շինությունները։

«Պայմանագրում հստակ նշված է, որ այդ տարածքներին մոտենալ, մուտք գործել ու օգտագործել այդ նպատակով կատեգորիկ արգելվում է։ Միանշանակ, վտանգավորություն չկա։ Հատուկ կետով նույնիսկ նշված է, որ մասնակիցների անվտանգությունը ևս կրում է տվյալ հասարակական կազմակերպությունը»։

Իսկ վերագործարկման ու ապակոնսերվացման մասով Արմեն Ոսկանյանը հավելում է՝ աստղադիտակի հետագա ճակատագիրը որոշելու համար 2012-ին ստեղծված մասնագիտական հանձնաժողովը գնահատել է՝ դիտակը վերագործարկելը հսկա ֆինանս է պահանջում, ինչը պետբյուջեի միջոցներով անհնար է հիմա։ Փոխտնօրենը «Ռադիոլուրի» հետ զրույցում մեջբերում է եզրակացությունից մի հատված։

«Հայաստանում ռադիոաստղագիտությամբ զբաղվող գիտական դպրոցի բացակայության հետևանքով իրատեսկան չէ Հայաստանում գիտական կամ կիրառական խնդիրներ ձևակերպելը, որով կարելի կլինի լուծել այդ սարքի օգնությամբ»։

Արևիկ Սարգսյանն էլ իր հերթին է հակադարձում․ ինքը տեղյակ է հանձնաժողովից էլ, դրա եզրակացությունից էլ։ Հանձնաժողովը կազմվեց, որովհետև 2015-ին նույն ինստիտուտը բանավոր որոշել էր դիտակը որպես թափոն ապամոնտաժել։ Հանձնաժողովը որոշեց, որ գումարներ չկան այն պահելու համար, սակայն այլ առաջարկով դիմել է Արևիկ Սարգսյանին։

«Սակայն չեն ասում վերջին կետի մասին այդ նույն եզրակացության, որտեղ գիտական կոմիտեի հանձնաժողովը հորդորում է Արևիկ Սարգսյանին որպես նախաձեռնող խմբի ղեկավար և չափագիտության ազգային ինստիտուտի ղեկավարությանը փնտրել արտասահմանից ներդրումներ, որպեսզի դիտակը դառնա գիտակրթական լուրջ օբյեկտ»։

Եւ խնդրի մեկ այլ կողմի մասին եւս․ 2006-ից Հերունու նախաձեռնությամբ Արագածի գիտական կենտրոնն իր 14 հանգույցով ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում։ Սա ենթադրում է, որ այնտեղ որևէ շինարարական աշխատանքներ կատարել չի թույլատրվում։ Հերունու ազգային տիեզերական կենտրոն ծրագրի թիմը դիմել է ԿԳՄՍ՝ այս կետը խախտելու հարցով։

Back to top button