ԿարևորՀասարակություն

Ուր են տանում առևտրի կենտրոնների ելքերը

Հայաստանում առևտրի խոշոր կենտրոնների մեծ մասը՝ ավելի քան 90 տոկոսը, պատրաստ չէ հրդեհի։ «Ռադիոլուրի» հարցմանն ի պատասխան՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ամիսներ առաջ հայտնել էին, որ վերջին 3 տարվա ստուգումների և ստուգայցերի ընթացքում առևտրի 114 խոշոր կենտրոնից միայն 17-ում խախտումներ չեն գրանցել։ Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունն ու հրդեհը ևս մեկ անգամ ապացուցեցին՝ ամենաբազմամարդ կենտրոնները հակահրդեհային բազմազան խնդիրներ ունեն։

«Քաղաքակիրթ երկրներում այսպիսի մեծ տոնավաճառներ քաղաքի ներսում չեն արվում։ Ես համոզված եմ՝ ոչ մի տաղավար կամ խանութ անվտանգության որևէ համակարգ չունի։ Ոչ մի տեղ նշված չի ՝ խնդիրների դեպքում ինչպես պետք է հաճախորդները կամ աշխատակիցները տարհանվեն։ Սա ելքի մոտ է, եթե հիմա խորանանք՝ միանգամից խառնվում է»։

Սպառողների իրավապաշտպան Կարեն Չիլինգարյանի հետ քայլում ենք Մալաթիա տոնավաճառում։ Առևտրի հսկայական կենտրոն, որտեղ դժվար չէ մոլորվել նույնիսկ պարզապես տեղաշարժվելիս։ Որևէ արտակարգ իրավիճակ լինի, սա լաբիրինթոս կարող է դառնալ՝ նկատում է զրուցակիցս։

«Եկեք աջ գնանք, եթե նույնիսկ այստեղով խորանանք, կտեսնենք, որ խնդիր է առաջանում, մոտենում ես ցանկացած տաղավարի, ներսում շոգից չգիտեն՝ ինչ անեն ։ Նորմալ քաղաքակիրթ պայմաններ չկան այս տոնավաճառում։ Պիտի մյուս կողմ գնանք հիմա, արևն այն կողմից է, հարավ է։ Պիտի գնանք ինչ-որ մի տեղից պիտի դուրս գանք։ Գնանք՝ ընթացքում կերևա։ Այս ուղղությամբ ավելի ենք խորանում՝ լաբիրինթոս է։ Պատկերացրեք՝ մարդիկ ինչպես պետք է այս նեղ պայմաններում ելքը գտնեն»։

Մալաթիայի տոնավաճառն ամենառիսկայիններից է՝ հաստատում են քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։ Բայց այն չի զիջում Խորենացու ոսկու շուկային, Առինջ մոլին, Գնունու շուկային և բազմաթիվ այլ առևտրի խոշոր կենտրոնների։ ՀՀ-ում մոտ 8000 բարձր ռիսկայնության օբյեկտ կա։ Միայն 2021-ի ստուգումներով 396 օբյեկտից 241-ին կարգադրագիր է տրվել, իսկ խախտումները հիմնականում նույնն են՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց տեսչական մարմնի հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի վերահսկողության բաժնի փորձագետ Արմեն Հովակիմյանը։

«Երևի դուք էլ եք այցելել Մալաթիայի շուկա, Գնունի, Փեթակ, բոլոր տեղերում էլ նույն անմխիթար վիճակն է հրդեհային անվտանգության պայմանների պահպանման։ Բոլորին էլ երկար ժամկետ է տրվել։ Որքանով տեղյակ եմ՝ հաջորդ ամիս Փեթակի վերստուգումն է»։

Հակահրդեհային ինքնաշխատ համակարգ, հրդեհի ազդանշանի համակարգ, կրակմարիչներ, հրդեհաշիջման համակարգեր, հիդրանտներ, դեպի դուրս բացվող դռներ, տարհանման պլան և այլն․ սրանք հակահրդեհային նորմերի շատ փոքր մասն են, սակայն, ըստ ոլորտը վերահսկող տեսչական մարմնի, մեր երկրի 114 խոշոր առևտրի կենտրոններից խախտումներ չկան ընդամենը շուրջ 10 տոկոսում։

«Տարհանման ժամանակ տարհանման նորմը տարհանման պլանն է, որը պետք է փակցված լինի հնարավորինս տեսանելի վայրերում։ Բայց տարհանման համար նախատեսվում է երկու շատ կարևոր միջոցառում։ Տարհանման ուղիչներին փակցվում են վթարային լույսեր և ելքցուցանակներ, որոնք ցույց են տալիս տարհանման ուղին։ Տարհանման ելք-ցուցանակները և վթարային լույսերը սովորական ժամանակ տեսանելի չեն, աչք ծակող չեն որպես այդպիսին։ Իրենք իրենց ներսում ունեն մարտկոց, տեղանքում լույսի վթարի կամ ծխապատման ժամանակ ավտոմատ միանում են, ցույց են տալիս ճանապարհը, որտեղով մարտիկ պետք է դուրս գան»։

Առևտրային տարածքներն առնվազն երկու տարհանման ուղղություն պետք է ունենան՝ ելք, աստիճանավանդակ։ Եվ կարևոր է, որ ելքերը լինեն տարբեր ուղղություններով, որ եթե մեկը ծխապատվի, մյուսով կարողանան դուրս գալ։ Ի դեպ՝ խուճապի դեպքում մարդիկ անկախ իրենցից դուռը դեպի դուրս են հրում։ Բայց առևտրի կենտրոններից շատերում ելքի դռները դեպի դուրս չեն բացվում։ Սա էլ է հաճախ նկատվող խախտում։ Դրանք վերացնելու համար տնտեսվարողներին ժամանակ է տրվում ըստ հայտնաբերված խախտումների ծավալի ու դրանց վերացման բարդության։ Չվերացնելու դեպքում տուգանքը 150 հազար դրամի չափ է։ Ընթացակարգն այսպիսին է․

«Երկրորդ   անգամ տուգանվում է 150 հազար դրամի չափով։ Շրջանառվող նոր օրինագծով այդ տուգանքի չափը կբարձրացվի մինչև  500 հազար դրամ։ Դրանից հետո տվում է ընդամենը մեկ ամիս ժամանակ այդ խախտումները վերացնելու համար,որից հետո օբյեկտի շահագործումը դադարեցնելու  որոշում է կայացվում»։

Թե երբ են լինելու վերստուգումները՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի վերահսկողության բաժնի փորձագետ Արմեն Հովակիմյանն ասում է՝ կարգադրագրի և խախտումները վերացնելու ժամանակից է կախված։ Իսկ քանի դեռ խախտումները վերացված չեն, ռիսկերը մնում են բարձր՝ տնտեսվարողի բարեխղճության ու քաղաքացու զգոնության հույսին։ Հույսը նոր օրինագիծն է , որով տուգանքները կբարձրացնեն՝ հուսալով նաև խոշոր հանրային վայրերի անվտանգության հուսալիությունը բարձրացնել։

Կարդացեք նաև

Back to top button