
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ-մկրտարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է հոգեհանգստյան արարողություն օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար։
Եկեղեցաց դասը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք են բարձրացրել զոհվածների հոգիների հանգստության և տուժածների շուտափույթ ապաքինման համար։
16 զոհված, 10 փրկված մարդ և դեռ չգտնված մարմիններ։ Լռության րոպե ու աղոթք։ Աղոթք՝ հոգիների հանգստության համար։ Աղոթք՝ շուտափույթ ապաքինման համար։ Հայաստանում դրոշներն իջեցված են, իսկ Արարատյան հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ տերունական աղոթք է հնչում։ Հոգևոր դասն ու հավատացյալներն աղոթում են «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների և տուժածների շուտափույթ ապաքինման համար։
Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում հոգեհանգստյան կարգը կատարում է Տեր Շահե քահանա Հայրապետյանը։ Պատարագիչ քահանան աղոթք է բաձրացնում առ Աստված:

Հընթացս հոգեհանգստյան կարգի՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը ներկաներին հորդորում է աջակցել միմյանց այս ծանր ու դժվարին փորձությունը հաղթահարելու համար։
«Իսկ մենք մնանք միշտ նրանց համար աղոթող, քանի որ նրանք այլևս ոչ մի բանի կարիք չունեն, բացի մեր աղոթքներից։ Թող արդարների հիշատակը հավերժ լինի, խունկ և աղոթք նրանց հիշատակին»։
Արդեն հոգեհանգստյան կարգից հետո լրագրողների հետ զրույցում Տեր Շահե քահանա Հայրապետյանը փոխանցում է եկեղեցու հայրերի խոսքը։ «Եկեղեցու հայրերը երբ խոսում են մահվան մասին, երեք դեպք են նշում։ Առաջինը հիվանդություն, երկրորդը՝ ծերունական և երրորդը՝ դիպված։ Ցավոք սրտի՝ մենք դիպվածին ենք հանդիպել․ կուզեի, որ մեր միասնական աղոթքները նպաստեին նրանց հոգիների փրկությանը»։
Սուրմալուի դեպքերի հետ կապված՝ հայաստանյայց առաքելական եկեղեցական դասը ստանում է ցավակցական հեռագրեր։ Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանը, ցավակցություն հայտնելով Գարեգին Բ Ամենայն ՀայոցԿաթողիկոսին, տեղեկացրել է, որ Ստամբուլում օգոստոսի 21-ին իր նախագահությամբ ևս կանցկացվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առևտրի կենտրոնի զոհերի հիշատակին և աղոթք՝ վիրավորների շուտափույթ ապաքինման համար:




