ԿարևորՄշակույթ

Քայլարշավ՝ Մարսելից մինչև Երևան. համերգներ՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Հունաստանում և Հայաստանում

Իտալիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ օգոստոսի սկզբին Իտալայի մի շարք քաղաքներում (Վենետիկ, Միլան՝ 2 համերգ, Հռոմ) «Ճանապարհ՝ հիշատակի ուղի» ծրագիրի շրջանակում «Ճանապարհ» եռյակի կողմից տրվել են Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված մի շարք համերգներ։

Այս ծրագիրը մշակութային-սպորտային միջոցառում է՝ կազմակերպված Մարսելի Ֆրանսահայ Երիտասարդաց Միության՝ JAF-ի եւ «Վազք հիշատակի համար» CPLM կազմակերպության կողմից: Մտահղացման հեղինակը՝ երաժիշտ Միքայել Վեմյանն է, JAF-ի երաժշտական դպրոցի պատասխանատուն և նվագախմբի ղեկավարը:

Ծրագրի նպատակն է Մարսելից քայլել մինչև Երևան՝ 2500կմ ոտքով կտրել-անցնելով Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանն ու Հայաստանը: Քայլարշավը, ինչպես նաև այս ճանապարհին տրվող բոլոր համերգները նվիրված են Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:

Համերգներից վերջինը տեղի է ունեցել Հռոմում՝ օգոստոսի 14-ին, Հռոմի հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցում։ Համերգին ներկա է եղել նաև դեսպանության անձնակազմը։ Իր խոսքում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը ողջունել է այս նախաձեռնությունը, շեշտավորել է արվեստի միջոցով ցեղասպանության դեմ պայքարելու և ապագա ցեղասպանությունները կանխարգելելու կարևորությունը։ Նա նաև նշել է, որ այս նախագիծը լավագույնս տեղավորվում է 2021թ. ՀՀ դեսպանության կողմից ձեռնարկված «Արվեստը հանուն կանխարգելման» արշավի շրջանակում՝ սպորտային տարրի համալրմամբ։

«Ճանապարհ՝ հիշատակի ուղի» ծրագրի շրջանակում եռյակի կողմից մի շարք համերգներ են նախատեսվում նաև Հունաստանում և Հայաստանում:

Back to top button