Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
Կառավարությունը հոկտեմբերի 23- ին ազատականացրեց Հայաստանի օդագնացության ոլորտը, ինչը «Արմավիայի» սնանկացման արդյունքն էր նաեւ։ Ի՞նչ կտա կառավարության որդեգրած «բաց երկնքի» քաղաքականությունը, արդյո՞ք բարենպաստ է մեր երկինքը միջազգային փոխադրողների համար, մրցունա՞կ կլինեն առաջարկվող նոր պայամնները ուղևորների համար: Հարցեր, որոնց պատասխաններն այսօր տվել է ՀՀ Ազգային մրցունակության հիմանդրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ում ղեկավարած աշխատանքային խումբը «McKinsey & Company» հայտնի ընկերության առաջատար մասնագետների հետ մշակել է օդային փոխադրման ռազամավրություն:
«Բաց երկնքի» քաղաքականությունը նպաստեց նոր ավիափոխադրողների ներգրավմանը` առաջացնելով հետաքրքրություն հայկական շուկայի նկատմամբ: Վերջին շրջանում նմանօրինակ գնահատականներ սկսեցին հնչել կառավարության կողմից որդեգրած քաղաքականության մասին: Ի՞նչ է իրենից ենթադրում այդ քաղաքականությունը` ցածր բյուջետային ավիափոխադրողների ներգրավում, միջազգային ավիացիայի կանոնակարգման ազատականացում, այսինքն` ոլորտում մրցակցային պայմանների ապահովում:
Պետությունը նվազագույնի է հասցնում չվերթների ուղղությունների, դրանց հաճախականության և քանակի մասին որոշումներում իր դերակատարումը։ Մինչ այս ավիափոխադրող ընկերությունների հետ համագործակցակցությունը կարգավորվել է միջկառավարական 47 համաձայնագրերով, սակայն վերջին շրջանում այդ թիվը նվազել է՝ հասնելով 17-ի: Պատճառը` ազգային ավիափոխադրողի սնանկությունն էր, ինչու չէ՝ նաև ոչ բարենպաստ պայմանները։
«Բաց երկնքի» քաղաքականության ներդրմամբ՝ ցանկացած ավիաընկերություն հնարավորություն է ունենում չվերթներ իրականացնել ցանկացած ուղղությամբ և ցանկացած հաճախականությամբ։ «McKinsey & Company» խորհրդատվական ընկերության մասնագետների և հայ փորձագետների կողմից մշակվեց «ՀՀ կայուն և մրցունակ ավիափոխադրումների իրականացման» հայեցակարգը։
Ինչպես իր խոսքում նշեց Արման Խաչատրյանը, հայեցակարգի իրականացման հետևանքով ակնկալվում են լրացուցիչ տնտեսական օգուտներ՝ ՀՆԱ- ի աճ, նոր աշխատատեղեր։ Եթե իրականում Հայաստանը, կարողանա գրավիչ պայմաններ առաջարկել միջազգային առաջատար ավիաընկերություններին, ապա «մենք ոչ միայն առավել որակյալ և մատչելի ավիածառայություններից օգտվելու հնարավորություն կունենանք, այլև բոլոր շանսերը կունենանք դառնալ տարանցիկ երկիր»,- հայտարարեց Ազգային մրցունակության հիմանդրամի գործադրի տնօրենը:
Չանդրադառնալով «Արմավիայի» սնաննկության պատճառներին՝ Արման Խաչատրյանը նշեց միայն, որ ավիփոխադրումների ոլորտը գերշահույթ չի ապահովում, բայց նոր քաղաքականության որդեգրումով, համաշխարհային ավիափոխադրողներին շահավետ պայմաններ առաջարկելով՝ ապահովվում է մրցակցություն, որի արդյունքում նոր օդային ուղղություններ են գծվելու՝ սակագնային հստակ առաջարկներով։
Սպասվում է, որ 2025 թ. Հայաստանը տարեկան կընդունի շուրջ 2 միլիոնից ավելի զբոսաշրջիկ՝ ներկայիս շուրջ 700 հազարի համեմատ: Ի դեպ՝ եվրոպական մի շարք ավիաընկերություններ 2012 թ. դադարեցրել էին չվերթները դեպի Երեւան՝ «Զվարթնոց» օդանավակայանի բարձր գների եւ ոչ ազատ օդային տարածքի պատճառով։
Հայաստանի պարագայում ակնկալվում է, որ առաջիկա 4-5 տարիների ընթացքում «բաց երկնքի» քաղաքականության ներդրման արդյունքում կունենանք ՀՆԱ- ում 300-400 մլն ԱՄՆ դոլարի աճ, 18-23 հազար նոր աշխատատեղեր (հիմնականում օդագնացության և զբոսաշրջության ոլորտներում), ուղևորների քանակի 20%-25% աճ և մոտ 10% տոմսերի գների նվազում: Կանխատեսումները կամերիկյան հայտնի «McKinsey & Company» խորհրդատվական ընկերության մասնագետներինն են։