ԿարևորՀասարակություն

Սուրմալուի հրդեհից հետո օդը զգալիորեն աղտոտվել է․ հատկապես ո՞ր նյութի հոտն է այդպես կծու

«Սուրմալու» առևտրի կենտրոնում  պայթյունի հետևանքով Երևանի Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում օգոստոսի 14-15-ը մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի կոնցենտրացիաների նորմայի գերազանցում է գրանցվել`  1.4-4.2 և 1.5-1.6 անգամ՝ տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Առևտրի կենտրոնի հարակից շենքերի բնակիչները «Ռադիոլուր»–ին դժգոհել են՝ մշտական դարձած փոշուն պայթյունից հետո գումարվել է նաև ծանր տհաճ հոտը եւ ծուխը։ Թե հատկապես ո՞ր նյութերի հոտն է՝ մասնագետներն այս պահին դժվարանում են ասել, բայց և նկատում են՝ գուցե օրգանական այլ աղտոտիչներ լինեն։

Փոշի, տարօրինակ հոտ, գլխացավ,  աչքերի մրմուռ՝ «Սուրմալու ում» պայթյունից հետո հարակից շենքերի բնակիչները դժգոհում են այս վիճակից։ Փոշին միշտ էլ խիտ է եղել տարածքում, այժմ էականորեն ավելացել է՝ պատմում են «Ռադիոլուրին»։

«Մինչև պայթյունը օդի աղտոտվածությունն արդեն շատ-շատ բարձր էր, ահավոր էր փոշին ու կեղտը։ Պատուհանները վախենում էինք բացել, անհնար է նորմալ շնչելը։ Բայց պայթյունից հետո հատկապես երեկոյան ժամերին քամին ծուխն ու հոտը շենք է լցնում։ Պատուհանները փակենք, թե չփակենք՝ ոչ մի օգուտ չկա։ Ներսում նստած՝ այդ օդն ենք շնչում»։

Բնակիչներին ծուխն անհանգստացնում է հատկապես գիշերը, փոշին՝ ողջ օրը․

«Քանի որ շատ շոգ է, գիշերը դռները ու պատուհանները բացել էինք, բայց ծխից չէինք կարողանում քնել։ Գիշերը ժամը երեքն էր, ահավոր ծխի հոտ էր գալիս, ոնց որ հրդեհը մեր բակում լիներ»։

Հրդեհված շուկայի տարածքում աշխատողների համար դիմակը պարզապես պարտադիր է։ Տարածքում մի քանի վայրկյան կանգնելիս էլ արդեն դժվար է շնչելը, առանց մասնագիտական չափումների էլ զգացվում է, որ փոշին օդում անչափ շատ է։ Դրա քանակը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի սահմանաչափը՝ արձանագրել է Շրջակա միջավայրի նախարարությունը։ Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետ Գոհար Հակոբյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է՝ Երևանում  5 անշարժ դիտակայան ունեն, որտեղ չափում են փոշու, գետնամերձ օզոնի, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունն օդում. 

«Զանգվածային խոշոր փոշին ենք ուսումնասիրում, որը կարող է մարդկանց մոտ բազմաթիվ խնդիրներ առաջացնել՝ մաշկային հիվանդություններից մինչև սրտի ու ասթմատիկ նոպաներ։ Ազոտի երկօքսիդը նույնպես մեծ ազդեցություն կարող է ունենալ մարդկանց թոքերի վրա։ Ծծմբի երկօքսիդը նույնպես կարող է թոքերի հիվանդություններ առաջացնել» ։

«Սուրմալուում»  պայթյունի հետևանքով  Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում օգոստոսի 14-15-ը մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի կոնցենտրացիաների նորմայից գերազանցում է գրանցվել`  1.4-4.2 և 1.5-1.6 անգամ՝ տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։  Հրդեհի օրը՝ օգոստոսի 14–ի  առավոտյան ժամը 10–ից մինչև օգոստոսի 15–ը՝ 10․00, մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայությունը օդի աղտոտվածությունն է ուսումնասիրել։ Աղտոտվածություն արձանագրվել է երկու դիտակայանում ՝ Արշակունյացի  եւ Ագաթանգեղոս-Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ՝ ասում է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետ Գոհար Հակոբյանը։ Սա նշանակում է, որ այդ կայանների հարակից վարչական շրջաններում է գերազանցումը դիտվել.

«Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց 135/10 հասցեում, ունենք փոշում կոնցենտրացիայի գերազանցում սահմանային թույլատրելիից 4․2 անգամ։ Կենտրոն համայնքում՝ կրկեսի մոտ, ունենք փոշու գերազանցում թույլատրելի կոնցենտրացիայից 1․4 անգամ։ Այստեղ նաև ազոտի երկօքսիդի գերազանցում ունենք՝ 1․1 անգամ, որը ևս մտահոգիչ է»։

Արշակունյացում նաև շարժական դիտակետեր կան, որոնք որոշում են ծծմբի և ազոտի երկօքսիդի պարունակությունը։ Երեք դիտակետերում էլ արձանագրել են ազոտի  գերազանցում  1․5– 1․6 անգամ։

Թե հատկապես ինչի հոտն է այդքան ծանր, որ այդպես անհանգստացնում է շուկայի հարակից տարածքի բնակիչներին՝ Գոհար Հակոբյանը դժվարանում է ասել։ Միայն ծծմբի երկօքսիդն ունի սուր հոտ, բայց ծծմբի  սահմանված քանակը չի գերազանցվել։

Մասնագետնը նկատում է.  

«Կարող են օրգանական այլ աղտոտիչներ լինեն կամ այնպիսի աղտոտիչներ, որոնք մենք չենք որոշում։ Դրանով պայմանավորված լինի այդ հոտը»։

Սուրմալուի հրդեհի ծխի մեջ կարող են լինել նաև ծանր մետաղներ, որոնց ուսումնասիրությունը երկար ժամանակ կպահանջի։ Մասնագետն ասում է, որ աղտոտիչները դեռ կմնան ու կտարածվեն օդում  մի քանի օրից մինչև մեկ ամիս։ Այդ ընթացքում մասնագետները հորդորում են հատկապես շոգ եղանակին  այդ տարածքներում քիչ լինել։ Ըստ անհրաժշետության չմոռանալ վերցնել թոքային, սիրտ-անոթային, ալերգիկ դեղամիջոցները։ Չբացել պատուհանները հատկապես գիշերը և վաղ առավոտյան, հնարավորության դեպքում օգտագործեք օդորակման և օդի մաքրման համակարգեր,  հրդեհին մոտիկ տարածքներում տների պատուհաններին կախել խոնավ շորեր և պարբերաբար փոխել դրանք։ Ծխի  դեպքում հորդորում են դիմակ կրել։   

Back to top button