ԿարևորՀասարակություն

1 տարում՝ արդեն երկու անգամ․ ընտրական օրենսգիրքը նորից է փոփոխվում

Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով՝ հերթական անգամ նախաձեռնում են փոփոխել ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը՝ գործակցելով Ընտրական համակարգերի միջազգային հաստատության՝ IFES–ի հետ։ Այս անգամ լրացումներն ու փոփոխությունները թեմատիկ ուղղվածությամբ են լինելու, այս փուլում նախատեսված քննարկումները հանրային լայն մասնակցության ապահովման համար են։ Ուշագրավ է, որ մինչ այս եւս սահմանադրական այդ օրենքում ընթացիկ փոփոխություններ են արվել, ընդ որում՝ սպասվող ընտրություններից առաջ։ Եթե փոփոխությունների հեղինակները պնդում են, որ դրանք զուտ տեխնիկական են, ապա քաղհասարակությունից սա դիտարկում են արձանագրված առաջընթացքներից  հետքայլ։  

Հայաստանը հերթական ընտրական շրջափուլում է։ Սեպտեմբերի 25-ին 8 մարզերի 18 բնակավայրերում ՏԻՄ ընտրություններ են սպասվում: Իրենց հարցերը լուծողների ընտրություններիn սպասող խոշոր քաղաքներն են Թալինը, Ալավերդին, Բերդը, Սիսիանը, Չարենցավանը, Տաշիրը։ Թեկնածուների առաջադրումն արդեն ընթացքի մեջ է՝ օգոստոսի 11–ից 21–ը։ Առաջադրումների մասին որևէ տեղեկություն ԿԸՀ պաշտոնական կայքում դեռ չկա։

Սպասվող ընտրություններն առանձնանում են նրանով, որ դրանցից առաջ արդեն մեկ անգամ՝ հունիս-հուլիսին փոփոխվեց ընտրական օրենսգիրքը՝ քվեաթերթիկների ձևից, ինքնաբացարկի ժամկետերից մինչև ավագանու առաջին նիստի անցկացում և համայնքապետի ընտրություն։ Օրինակ՝ եթե խոշորացված համայնքում ավագանին առաջին նիստը 20 օրում չի կարողանում գումարել, վարչապետը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում։ Խորհրդարանական մեծամասնությունն անգամ չթաքցրեց՝ սա արել են որպես Թալինում, Վանաձորում և այլ խնդրահարույց համայնքներում արձանագրված խնդիրներից խուսափելու ելք։ Հիմնավորում է հեղինակ Վահագն Հովակիմյանը.  

«Հիմնական խնդիրները ծագում էին այն դեպքում, երբ տվյալ ավագանիում մեծամասնություն չկար, որևէ քաղաքական ուժ չուներ 50+1, և առաջին նիստի հետ կապված տարբեր իրավիճակներ, օրենքի բացը օգտագործելու տարբեր դեպքեր եղան։ Փորձել ենք ԱԺ առաջին նստաշրջանի ինստիտուտը մոտարկելով կիրառել նաև ավագանիների դեպքում։ Ենթադրվում է, որ առավել քվե ստացած քաղաքական ուժը այդ ավագանու բնականոն գործունեության կազմակերպման հարցում պետք է առավել շահագրգիռ լինի։ Մոտեցումը դրանով է պայմանավորված»։

Այս ամենը, սակայն, պարզվում է՝ միջանկյալ փոփոխություններն էին։ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հիմնական փոփոխությունները դեռ առջևում են։ Ընտրական խնդիրների գույքագրումը արդարադատության նախարարությունը ավարտել է՝ ասում է արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը։ Հիմք են ընդունվել դիտորդական առաքելությունների բոլոր կարծիքները, որոնք եղել են 2018 և 2021 թվականների ընտրություններում՝ ասում է․

«Հավաքագրվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի և Վենետիկի հանձնաժողովի կարծիքները։ Ընդ որում, գույքագրումն իրականացվել է թեմատիկ։ Ոչ թե՝ Վենետիկի հանձնաժողովն ասել այսպես, ԵԱՀԿ–ն այսպես, իսկ դիտորդական առաքելությունը՝ այսպես։ Ուղղակի թեմա առ թեմա իրականացրել է գույքագրում։ Այսինքն՝ այնտեղ անգամ դիտորդական առաքելությունների կարծիքներում կա հակասություն՝ նույն հարցի վերաբերյալ տարբեր դիտորդական առաքելություններ տարբեր կարծիքներ են հայտնել։ Պարզապես մի փաստաթուղթ է, որը իսկապես տեխնիկական հավաքագրում է որոշ չափով, որը առկա է և որը ուղարկվել է կառավարություն։ 2021–2026 թթ կառավարության ծրագրով նախատեսվում է, եթե չեմ սխալվում, մարտին արդեն ունենալ այդ նախագիծը, որը այս գույքագրված խնդիրների հիման վրա պետք է մշակվի»։

Արդարադատության նախարարությունը Ընտրական համակարգերի միջազգային հաստատության՝ IFES–ի հետ այժմ նախաձեռնում է հանրային նոր քննարկումներ թեմատիկ ուղղություններով ՝ բարեփոխումներն ապահովելու համար։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից Վարդինե Գրիգորյանի ներկայացմամբ՝ նախորդ միջանկյալ փոփոխություններում իրենց առաջարկները հաշվի չեն առնվել, կարծում է՝ այդ փոփոխությունները հետքայլ էին ժողովրդավարությունից։ Նոր նախաձեռնություններից դեռ սպասելիքներ ունեն։

«Մենք ներկայացրել ենք փաստացի առաջարկությունները, կարող էինք նաև ամբողջական փաթեթը ներկայացնել, կարծում եմ՝ ի վիճակի կլինեինք։ Խնդիրն այն է, որ դրանք ուղղակի անտեսվել են։ Բայց հույս ունեմ, որ եթե մարտին ամեն դեպքում այլ փաթեթ ներկայացվելու է, սա նաև մեզ հիմք կտա շարունակելու քննարկել, թե արդյո՞ք հնարավոր է վիճելի հարցերը տեխափոխել ավելի աշխատանքային ռեժիմով քննարկելու մինչև մարտ ամիս»։

Այն, ինչ իշխանությունը ներկայացնում է որպես բարեփոխում կամ լավարկում, ընդդիմախոսների պնդմամբ՝ սեփական շահերին ծառայեցնելու քայլ է։ Սա վտանգավոր եզր է համարում «Թրանսփարենսի ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը։ Հիշեցնում է, որ Հայաստանի կողմից ժողովրդավարության առաջընթացը մեծապես պայմանավորված էր ազատ, անկախ  ընտրություններով ու այն գործընթացներով, որոնցով փոխվել էր ընտրական օրենսդրությունը։ Այժմ հակառակ լավարկումները վտանգավոր է համարում․

«Դրանք բոլորն, ի վերջո, պայմանավորել են երկրի իմիջը, երկրի նկատմամբ այդ վերաբերմունքը և գրանցել են այդ առաջընթացը։ Այս ոլորտի ցանկացած փոփոխության նկատմամբ մենք շատ ավելի զգայուն պետք է լինենք՝  հասկանալով, որ այս պահի դրությամբ, ցավոք, բայց դա է մեր ամենամեծ «բռնվելու» տեղը այս ժողովրդավարական առաջընթացի համատեքստում։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե ով ինչ է հասկանում լավարկում ասելով, ում մղումն է, և դա ոչ թե մեկ անձի և նույնիսկ մեկ կուսակցության մղում չպետք է լինի, ընտրական գործընթացը հատկապես։ Սա այն թեման է, որտեղ շատ կարևոր է իսկապես լայն կոնսենսուս և հանրային քննարկումներ»։  

Ընտրական օրենսգրքի սպասվող փոփոխությունները թույլ են տալիս ենթադրել, թե սեպտեմբերին ակտիվանալու է Հայաստանի ներքաղաքական կյանքը։ Բայց ընդդիմադիր կուսակցությունները դեռ չեն շտապում հրապարակել իրենց որոշումները ԸՕ փոփոխություններին կամ ընտրական գործընթացներին մասնակցելու առնչությամբ։  

Կարդացեք նաև

Back to top button