ԿարևորՀասարակություն

Ի՞նչ են երազում գյուղում. Գեղակերտում երիտասարդական կենտրոն է հիմնվել

Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում բացվել է երիտասարդական կենտրոն, որը Խոյ համայնքի միավորված 17 գյուղերի երիտասարդների համար կդառնա ոչ ֆորմալ կրթության և հետաքրքիր ժամանցի վայր: Մտահղացումը գեղակերտցիի երիտասարդներինն է, որոնք առցանց դրամահավաքով ձեռք բերել են անհրաժեշտ գույք: Երիտասարդները բարձրաձայնելու են համայնքային խնդիրները և փնտրելու լուծումներ։  

Ժաննա Հարությունյանը Գեղակերտի ակտիվ երիտասարդներից է. նպատակ ուներ համայնքում երիտասարդական կենտրոն հիմնել: Դպրոցից հետո որոշեց՝ ժամանակն է: Գաղափարի շուրջ մի քանի երիտասարդ համախմբվեցին ու անցան գործի: Երիտասարդական կենտրոնի համակարգող Ժաննա Հարությունյան.

«Միանալով «Մարզերի երեխաները մարզերին» հասարակական կամակերպությանը և լինելով մի միջավայրում, որտեղ բոլորը մտածում են իրենց համայնքների մասին, առաջ քաշում համայնքային տարբեր խնդիրներ, ես ևս սկսեցի նկատել դրանք ու մեկ տարի առաջ նպատակ դրեցի իմ գյուղում ստեղծել երիտասարդական կենտրոն: Վերջին քննությունից հետո սկսեցինք կենտրոնի ստեղծման աշխատանքները»:

Նպատակին հասան առցանց դրամահավաքով և կարճ ժամանակում ձեռք բերեցին գույք, գրքեր, ժամանցային խաղեր: Երիտասարդական կենտրոնի բացմանն աջակցել է Խոյ խոշորացված համայնքի երիտասարդ ղեկավար Արգիշտի Մեխակյանը.

«Երիտասարդական ծրագրեր անելու և համայնքի երիտասարդական կյանքն աշխուժացնելու համար որոշեցինք մշակույթի տանը տրամադրել սենյակ, որպեսզի երիտասարդական կենտրոնը ծավալի իր գործունեությունը: Աջակցելու ենք այն ամենով, ինչով հնարավոր է: Սպասելու ենք իրենց առաջարկներին»:

Ժաննա Հարությունյանն ասում է՝ Գեղակերտի երիտասարդական կենտրոնում կազմակերպելու են ոչ ֆորմալ կրթական դասընթացներ, սկսելու են անգլերենի անվճար դասեր։ Այստեղի և հարակից համայնքների դպրոցներում գերմաներեն է և ֆրանսերեն են անցնում:

«Երիտասարդական կենտրոնը հանդիսանում է ժամանցի և կրթության միավորում, որի նպատակը Խոյ համանքի 17 բնակավայրերի երիտասարդներին համախմբելն է ու դրա միջոցով համայնքը զարգացնելը: Անկախ նրանից Գեղակերտում ենք հիմնում կենտրոնը, թե ոչ, մեր մյուս գյուղերի երիտասարդները կարող են գալ ու մասնակցել»:

Արմավիրում վերջերս երկրորդ երիտասարդական կենտրոնն է հիմնվել։ Երիտասարդների նպատակն է մարզի մյուս համայնքներում եւս ստեղծել։  Մեծամորի երիտասարդական խորհրդարանի անդամ Գեղամ Հայրապետյան.

«Մեր նպատակը Մեծամորում ապրող երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացումն է կրթական, մշակութային, սպորտային և այլ ծրագրերով»:

Բաղրամյան համայնքի երիտասարդների գլխավոր խնդիրը տրանսպորտն է: Այստեղ երիտասարդական միությունը գործում է Բաղրամյան գյուղում, որի հետ կապող տրանսպորտ չկա սակայն: Երվանդաշատից Վիգեն Խաչիկյանն ասում է՝ Բագարան, Երվանդաշատ, Վանանդ և նույն ուղղության գյուղերը զրկված են տրանսպորտից.

«Հիմնականում հավաքվում ենք Բաղրամյանի կենտրոնում՝ Բաղրամյան գյուղում: Կա տարածք, որտեղ կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ, քննարկումներ հանդիպումներ: Բաղրամյան հասնելը շատ բարդ է, մենք գումար ենք հավաքում, տրանսպորտ կանչում կամ տաքսիով գնում, քանի որ տրանսպորտ չունենք գյուղից դեպի մարզկենտրոն: Իսկ համայնքը մեզ չի կարող օգնել ամեն անգամ գնալ-գալու ծախսը տալ, բյուջեի ծախսը կմեծանա»:

Էջմիածնում էլ երիտասարդներն ավելի շատ թիրախավորել են բիզնեսը, ցանկանում են այստեղի երիտասարդական միության միջոցով երիտասարդներին պահել Էջմիածնում։

«Մենք առաջարկում ենք երիտասարդներին հորինել իրենց բիզնեսը, որի համար կազմակերպում ենք բիզնես դասընթացներ: Համայնքում երիտասարդների ժամանցային մասը կաղում է, դրա համար ինչ- որ հետաքրքիր բան ենք ուզում մտածել»:

Գեղակերտի երիտասարդական կենտրոնի կրթական ու ժամանցային ծրագրերին մասնակցելու են 12-18 տարեկանները: Կենտրոնն արդեն ունի շուրջ 60 կամավոր: Մոտիվացնող նշանաբանն է՝ ստեղծագործում, կատարելագործում, հաղորդակցում և արդյունավետություն:

Back to top button