
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում արտագաղթ չկա, բայց արտագնա աշխատանքի շատերն են մեկնում։ Տեղի գյուղատնտեսությունն ու անասնապահությունն էլ ձեռնտու չէ ընտանիք կերակրելու և պահելու համար, ուստի տարիներ շարունակ գեղանիստցի, կամ, ինչպես նրանց են ճամաչում, ղոլղաթցի տղամարդիկ գարնան սկզբին մեկնում են արտագնա աշխատանքի և վերադառնում աշնան վերջին։
Երեք տասնամյակ առաջ «Հայֆիլմի» նկարահանած «Յոթ սարից այն կողմ» ֆիլմը Արթիկի շրջանի Փանիկ գյուղից դեպի Սիբիր արտագնա աշխատանքի մեկնողների մասին է: Փանիկը տարածքի միակ գյուղը չէ, որտեղից արտագնա աշխատանքի են մեկնում տղամարդիկ: Հարակից Գեղանիստում տեղի տղամարդկանց կարող ենք հանդիպել միայն ձմռան 3-4 ամիսներին: Գեղանիստ համայնքի ղեկավար Աղասի Ղազարյանը հաստատեց, որ համայնքի բնակիչները տարիներ շարունակ այդպես են հոգում ընտանիքի ապրուստը։
Գյուղում մնալն ու աշխատելը ձեռնտու չէ ոչ գյուղատնտեսությամբ, և ոչ էլ անասնապահությամբ զբաղվելով ապրուստ չեն ստեղծի։ 75- ամյա Ազիզ Ղալթաղչյանը կյանքի լավագույն տարիներն անցկացրել է ընտանիքից հեռու, տարբեր աշխատանքներ է կատարել, լուծել իր ուսերին ծանրացած դժվարին ու բարդ խնդիրը: Այժմ թոշակառու է և թվարկում է բոլոր այն խնդիրները, որոնք դժվարլուծելի են Գեղանիստում, ինչն էլ արտագնա աշխատանքի հիմքն է դրել:
Գեղանիստից ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում երիտասարդ և միջին տարիքի աշխատունակ շուրջ 200 տղամարդ։ Մշտական աշխատատեղեր գրեթե միշտ կան Ռուսաստանի Դաշնությունումում, որոնք նրանց համար ապահովում են տարիներ առաջ գյուղից արտագաղթած և այնտեղ հաստատված մի քանի համագյուղացիներ։
Չնայած դժվար ապրելակերպին՝ Գեղանիստում, որտեղ սաստիկ ձմեռ է լինում և զով ամառ, վերջին 10 տարիներին արտագաղթ չկա: 60-70 ընտանիք արտագաղթել է հանրապետության տնտեսական ճգնաժամի տարիներին: Այժմ կյանքն աստիճանաբար փոխվում է, նպաստավոր պայմաններ են ստեղծվում գյուղացիների կենցաղի բարելավման ուղղությամբ: Գյուղապետ Աղասի Ղազարյանը նշեց, որ վերջին տարիների փոփոխությունները, որոնք իրականացվել են միայն համագյուղացի բարերարների միջոցներով ու ներդրումներով` վերակառուցվել է եկեղեցին, կառուցվում է մանկապարտեզ, խմելու նոր ջրագիծ է անցկացվել, պարսպապատվել է գերեզմանատունը, Երկրորդ աշխարհամարտի և Արցախյան զոհերի հիշատակին հուշարձան են կառուցել։
Արդեն ձմեռ է և ղոլղաթցի խոպանչիներն աստիճանաբար վերադառնում են իրենց հարազատ գյուղ, հարազատ օջախներ, ձմեռն անցկացնում են տաք վառարանների մոտ, օրերը մթնացնում թղթախաղով ու նարդու քարերը շրխկացնելով: Պլանավորելով ու փակելով պահանջվող ծախսերը՝ նրանք տարեմուտը կդիմավորեն հարազատների հետ, իսկ 2 ամսից նորից դուրս կգան արտագնա աշխատանքի։




