ԿարևորՎերլուծական

Միջազգային իրավունքում ի՞նչ գործիքներ կան՝  հակազդելու Բաքվի ատելության խոսքին

Ատելության խոսքը, որպես անհանդուրժողականության և այլատյացության ամենատարածված ձևերից մեկը, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից դարձել է ընդունելի, վերածվել «նորմի» և հիմա իրական սպառնալիք է հայկական երկու պետությունների և տարածաշրջանի համար։

Սեփական ազգի ինքնությունը կերտելու և մոգոնելու ճանապարհին Ադրբեջանը  հայատյացությունը դարձրել է պետական քաղաքականության մաս, իսկ չկարգավորված հակամարտության պայմաններում հայերի նկատմամբ անհանդուրժողականությունը Բաքվի իշխանություններն  օգտագործում են որպես քաղաքական կատեգորիա և սեփական ժողովրդին մոլորեցնելու ազդեցիկ գործիք:

Այս համատեքստում միջազգային իրավունքում ի՞նչ գործիքներ կան՝ հակազդելու ատելության խոսքին, ի՞նչ գործուն քայլեր պետք է ձեռնարկեն Հայաստանն ու Արցախը միջազգային իրավունքի մեխանիզմներն աշխատեցնելու համար։

Հարցերի պատասխանները Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ հարցազրույցում։

Այլատյացությունը՝  միջազգային իրավունքի առարկա և հայատյացությունը՝  քաղաքական կատեգորիա

«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, մի պետության, որտեղ քնած հային սպանելը համարվում է հերոսություն, Արցախը պետք է լինի պետություն` ինքնուրույն, թե Հայաստանի Հանրապետության կազմում՝ սա արդեն հարցի մյուս կողմն է»,- ասում է Դանիելյանը՝ անդրադառնալով այլատյացության նկատմամբ միջազգային կառույցների լռությանը։

«Ադրբեջանը, չմիանալով միջազգային որոշ պայմանագրերի, ըստ էության փորձել է կանխել Բաքվի համար հնարավոր բացասական հետևանքները.  խոսքը նաև «Հռոմի քրեական դատավարության ստատուսի» մասին է։  Բաքվի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը և հանցագործ մյուս դրսևորումներն են նաև հանգեցրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական, պատերազմական գործողություններին։ Ագրեսոր երկրի դպրոցական դասագրքերում ադրբեջանցի աշակերտներին հրամցվում է, թե «Ադրբեջան» արհեստական եզրույթը հայերն են հորինել` «ադրբեջանցիներին» թուրքական աշխարհից բաժանելու համար, և իբրև հայերը յուրացրել են «ադրբեջանական» կրոնն ու այբուբենը»,- ասում է իրավագետը։    

Back to top button