
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հայաստանում սննդի փաթեթավորման համար նախատեսված թղթի որակից այսօր դժգոհել են Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ու թղթի մասնագետ Ալեքսանդր Ստեփանյանը: Մասնագետի` շուկաներում կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ փաթեթավորվող թղթի 90 տոկոսը չի համապատասխանում սերտիֆիկացման պայմաններին, իսկ սննդի անվտանգության պետական տեսչությունը քայլեր չի ձեռնարկում խնդիրը կարգավորելու համար:
Սննդի թերությունների և անվտանգության մասին միշտ ենք խոսում, սակայն երբեք չենք խոսում այն նյութի մասին, որի հետ շփվում է սնունդը: Խոսքը սննդի փաթեթավորման մասին է, ինչը համարվում է քաղաքակիրթ առևտուր: 2012 թվականին թղթի մասնագետ Ալեքսանդր Ստեփանյանի՝ երևանյան շուկաներում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փաթեթավորվող թղթի 90 տոկոսը չի համապատասխանում սերտիֆիկացման պահանջներին: Երկու տարի առաջ ստեղծված սննդի անվտանգության պետական ծառայությունը չի կատարում իր գործառույթները, ահազանգում է Սպառողների միության նախագահը։
Ողջ աշխարհում փաթեթավորվող թղթի համար կատարվում են մեծ աշխատանքներ, սակայն Հայաստանում վիճակը 90-ական թվականներից հետո ավելի է վատացել, բարձրաձայնում է թղթի մասնագետ Ալեքսանդր Ստեփանյանը: «Եթե առաջ՝ կոմունիստական շրջանում, մենք օգտագործում էինք շշերը, ապա այսօր անցել ենք ինչ- որ ուրիշ տարաների, սակայն ոչ սննդային»,- ասում է։
Մեզ մոտ չկան թղթի բաղադրությունը հետազոտող լաբորատորիաներ։ Մեր մոտ փաթեթավորվող 100 տեսակ թղթերից ուղարկվել է Մոսկվա, որից դրական է եղել միայն 10 տոկոսը, իսկ այդ անորակ թղթերով այսօր մեզ մոտ փաթեթավորվում է հիմնականում կաթնամթերքը։ 100 տոկոսանոց սննադային մաքուր թղթից հոտ պետք է չգա, հայտարարեց մասնագետը: Հայաստանում ընդունված է՝ դրսից թերթի համար բերվող թղթի մնացորդներն օգտագործում են սննդի տակ, ընդգծեց Պողոսյանը և ավելացրեց, որ թուղթը թեև վերամշակվում է, սակայն այն սննդի հետ շփում չպետք է ունենա:
Դրա վտանգավորության մասին գիտակցում ենք, սակայն հայտարարել չենք կարող, քանի որ ուսումնասիրություններ չեն կատարվել: Թղթի մասնագետ Ալեքսանդր Ստեփանյանը բազմիցս է դիմել Սննդի անվտանգության ծառայությանը, սակայն պատասխանը եղել է՝ չանհանգստացնել իրենց:




