ԿարևորՀասարակություն

Ծանրալսություն ունեցող 19 վիրահատված արդեն լսելու հնարավորություն ունի

Մեկ ամիս առաջ ծանրալսություն ունեցող 19 վիրահատվածներն այսօր արդեն լսելու հնարավորություն ստացան. նրանցից 16-ը երեխաներ են։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Վերականգնողական փուլից հետո բուժման ցիկլը կամբողջանա և կոխլեար իմպլանտի վիրահատությունը կհամարվի կայացած։

Այս հաջողությունը պետություն-«Հայկական միջազգային բժշկական հիմնադրամ»-«էրեբունի» բժշկական կենտրոն գործակցության արդյունքն է։ «Երբ ականատես ենք լինում նման լուսավոր պահերի, վերագտնում ենք մեր ուժերը, առավել ոգևորվում ենք ու ավելի մեծ եռանդով աշխատում, որ կարողանանք մեր բնակչության համար ապոհովել հնարավորինս որակյալ, հասանելի և մատչելի բուժօգնություն:

Սովորաբար այնքան ենք տարված լինում մեր ծրագրերով ու աշխատանքով, որ հաճախ չենք կարողանում տեսնել ու զգալ դրանց արդյունքը, իսկ այսօր այն հազվադեպ օրերից է, որ կարողանում ենք վայելել մեր միասնական աշխատանքի բերկրանքը: Կարևորն արդյունքն է, և ևս մեկ անգամ այս փոքրիկ հրաշքն ապացուցեց, որ հնարավոր է հոգատար գործընկերների ու մարդակենտրոն ծրագրերի շնորհիվ հաղթահարել ամեն բան: Մենք հնարավորություն ստեղծեցինք բոլոր բալիկների համար անվճար վիրահատական միջոցառումներն անցնելու և մի շարք նվիրյալների շնորհիվ ծրագիրը բարեհաջող նոր փուլ է սկսել»,-նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Միայն 2018-2022թթ. պետական աջակցությամբ կատարվել է 1-4,5 տարեկան 51 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն, փոխհատուցվել են նրանց վիրահատության և մեկ տարվա վերականգնողական բուժման ծախսերը: Հայաստանում իրականացվում է նաև լսողության խանգարումներով և ծանրալսությամբ երեխաների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածինների լսողության սքրինինգ` նրանց հետագա բուժումը հնարավորինս վաղ կազմակերպելու նպատակով:

Սքրինինգի արդյունքում հայտնաբերված` լսողության տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող երեխաները վերցվում են դիսպանսերային հսկողության, նրանց մի մասը ստանում են ժամանակակից լսողական սարքեր, իսկ 4-րդ աստիճանի ծանրալսությամբ երեխաները ենթարկվում եմ ականջի խխունջի պատվաստման վիրահատության, որի արդյունքում նրանց հոգեխոսքային զարգացումը հետագայում չի տարբերվում իրենց հասակակիցներից:

Back to top button