ԿարևորՀասարակություն

Երեխային պետք է կերակրել կրծքով. օրենքը խրախուսում է, միֆ-խորհուրդները՝ խանգարում

Հայաստանում մինչև 6 ամսակայն երեխաների 45%-ն է բացառապես կրծքի կաթով կերակրվում։ 2010-ին ցուցանիշը 10%-ով պակաս էր։ Ոլորտի ներկայացուցիչները աճը դրական, բայց ոչ բավարար են համարում։ Օրենքը, առողջապահության նախարարությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խրախուսում են բացառապես կրծքով կերակրումը մինչև 6 ամսականը, սակայն միֆ-խորհուրդները երբեմն հակառակ ազդեցությունն են ունենում։ Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթվա շրջանակում մասնագետները ներկայացնում են կեղծ միֆերը և հորդորում ծնողներին՝ հակացուցումների բացակայության դեպքում պարտադիր իրացնել երեխայի կրծքով կերակրման իրավունքը։

«Եթե երեխայիդ կրծքով կերակրում ես, մածուն մի կեր, կաթդ կմերվի», «Մեջքի վրա պառկել չի կարելի, կաթը հետ կգնա», «Գարեջուր խմիր, որ կաթդ շատանա»․ սրանք միֆեր են և չեն համապատասխանում իրականությանը։ Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը այսպիսի պնդումներ  շատ է լսել, մտահոգ է, որ հատկապես առաջնածին մայրիկները երբեմն նման խորհուրդները որպես բացարձակ ճշմարտություն են ընդունում․

«Ծննդաբերությունից անմիջապես հետո ասում են՝ կրծքիդ կաթը բավարար չէ, չի հերիքում, երեխան չի ստանում, եկեք անցնենք այլ միջոցների։ Բայց առաջին 2 օրերին ոչ ոք առատ կաթ չի ունենում։ Այդ օրերին լինում է կաթնախեժը, որը բավականին խիտ է, սննդարար է, պարունակում է բոլոր անհրաժեշտ նյութերը։ Փոքրիկի ստամոքսը մոտավորապես բալի չափ է, կաթնախեժի պարունակությունը լրիվ բավական է»։

Սա առաջին փորձությունն է։ Հատկապես, երբ նման «ախտորոշում» տալիս է որևէ բուժաշխատող, արհեստական կերերին անցնելու հավանականությունն ավելի մեծ է դառնում։ Սակայն Լիլիթ Ավետիսյանը հիշեցնում է՝ կյանքի առաջին 6 ամիսներին երեխան պետք է սնվի բացառապես մայրական կաթով և ընդունի վիտամին D, եթե հակացուցումներ չկան։ Նման միֆերի դեմ պայքարելու, ծնողներին կրծքով կերակրելու մասին գիտելիքահեն տեղեկատվություն փոխանցելու և երեխայի՝ առողջ սնվելու իրավունքը երաշխավորելու նպատակով աշխարհում օգոստոսի 1-7-ը նշվում է որպես երեխաների կրծքով կերակրման համաշխարհային շաբաթ․

«Մոտ 45 տոկոս դեպքերում մեզ մոտ մինչև 6 ամսական երեխաները բացառապես սնվում են կրծքով։ 2010 թվականին այդ թիվը կազմում էր 35 տոկոս»։

Աճն ակնհայտ է, բայց բավարար չէ՝ ասում է Լիլիթ Ավետիսյանը։ 45 տոկոսը կավելանա, եթե մեծանա իրազեկվածության մակարդակը և կինն իմանա՝ միֆերին պետք չէ վստահել, դժվարություններն էլ կարճաժամկետ են։ Վերջիններից մեկին կերակրող մայրերը հաճախ  բախվում են երեխայի ծնունդից 2-3 ամիս անց․

«Այդպիսի փուլ կա, երբ սովորաբար մայրիկները հուսահատվում են և անցնում են այլ մանկական սննդի, դա  2-3 ամսականն է։ Երեխան սկսում է աճել, զարգանալ, նյարդաբանական զարգացումն է մեծ տեմպով աճում, երեխան ուշադրություն է դարձնում ամեն ինչին՝ ձային, շարժմանը և այլն, շեղվում է կրծքից։ Երեխայի աճն այնքան է արագանում, որ կրծքի կաթը չի հասցնում այդ տեմպերով, բայց դա ընդամենը փորձության փուլերից մեկն է, որ պետք է մայրը և երեխան միասին հաղթահարեն»։

Հայաստանի Հանրապետությունը կրծքով կերակրումը խրախուսում է օրենքի ուժով․ «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի նպատակն է պաշտպանել կրծքով կերակրումը` որպես օպտիմալ և այլընտրանք չունեցող միջոց։ Օրենքի համարձայն՝ աշխատավայրերում, քրեակատարողական հիմնարկներում, առողջապահական կազմակերպություններում և այլ հասարակական վայրերում մայրը պետք է ունենա կերակրելու պայմաններ։ Սակայն մինչև օրենքի պահանջներին հասնելը   առողջապահության նախարարությունն ու ԱՀԿ-ն խրախուսում են, միֆ- խորհուրդները հակառակ ազդեցությունն են գործում։

«Տաքության ժամանակ չի կարելի կերակրել, կվարակվի», «Ամռան շոգին կաթը կրծքում թթվում է», «Կերակրելուց որ ջուր խմես, կաթը կջրիկանա»․ Լիլիթ Ավետիսյանի խոսքով, սակայն, կաթը խթանելու միակ ապացուցված տարբերակը հաճախ կերակրումն ու շատ հեղուկի օգտագործումն է․

«Տարբերություն են նշում՝ մեկի կրծքի կաթը լավն է, մյուսինը վատն է։ Նման բան չկա։ Ընդ որում՝ կրծքի կաթն այնքան հետաքրքիր կառուցվածք ունի, որ երեխայի պահանջներից կախված կարող է փոխվել։ Ամռան ամիսներին, օրինակ, նոսրանում է՝ բավարարելով նաև երեխայի ծարավը»։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նաև հիշեցնում է՝ կրծքով կերակրումը 28 տոկոսով կրճատում է կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը, նվազեցնում հետծննդաբերական սթրեսը։ Բոլոր դրական կետերը նշելուն զուգահեռ ոլորտի ներակայացուցիչները մշտապես հիշեցնում են՝ մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների գովազդը և խրախուսման այլ ձևերն արգելվում են: Իսկ հավելյալ սննդի գովազդը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ զուգահեռաբար խրախուսում է բացառապես կրծքով կերակրումը կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում և շարունակական կերակրումը մինչև երկու տարեկան հասակը:

Back to top button