
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տարեվերջյան ծրագիրը կներառի մի քանի ուշագրաֆ իրադարձություններ: Դեկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսը: Ի նշան 1988 թ. երկրաշարժի 25-ամյա տարելիցի՝ համերգը կմեկնարկի Երվանդ Երկանյանի «Միստերիա» ստեղծագործության կատարմամբ։
«Աշխարհի ամենաբարձրաճաշակ երաժիշտներից մեկը, ում երբևէ առիթ եմ ունեցել լսելու»,- այսպես է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվետական ղեկավար և դիրիժոր մաեստրո Թոփչյանը ներկայացնում աշխարհահռչակ բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսին, ում մենակատարությամբ վաղը կկայանա Պրոկոֆևի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերան:
«Ով չի հավանում այս ստեղծագործությունը, նա պարզապես հիմար է»,- այս խոսքերի հեղինակն է՝ Պրոկոֆևը: «Սա, իհարկե, ծայրահեղ կարծիք է, բայց դրանում ճշմարտություն կա: Ստեղծագործությունն իսկապես խելացի լսարանի համար է»,- ասում է Սթիվեն Իսերլիսը: Լեգենդար երաժիշտը նախորդ տարիներին Երևանում բազմիցս հանդես է եկել ֆիլհարմոնիկի հետ, ինչը նվագախմբի հանդեպ նրա բարձր գնահատականի ու ջերմ վերաբերմունքի վկայությունն է։ «Արդեն 30 տարի պարբերաբար այցելում եմ Հայաստան: Առաջին անգամ դա տեղի ունեցավ 1984 թվականին: Ի տարբերություն այն տարիների՝ այժմ Երևանում տաք ջուր կա: Սա իմ 7-րդ այցն է: Աշխարհի որ ծայրում էլ հանդես գամ, միշտ հայտնվում է ինչ որ մեկը, ով ինձ ասում է՝ ես քեզ լսել եմ Երևանում: Շատ բան եմ սիրում Հայաստանում, հատկապես ՝ խոհանոցը, բայց ամենակարևորն, իհարկե, մարդիկ են, որոնք շատ ջերմ են», ասում է։
«Համերգը երկխոսություն է, որտեղ միակողմանի զրույց չի կարող տեղի ունենալ: Արվեստագետի համար միշտ էլ չափազանց կարևոր է՝ ինչպիսի լսարանի առաջ ես հանդես գալիս: Հայաստանում ինձ հաճելի է նաև այն պատճառով, որ մաեստոր Թոփչյանն իմ լավ ընկերն է, իսկ ֆիլհարմոնիկ նվագախումբը տարեց տարի ավելի կատարյալ է դառնում»,- ասում է բրիտանացի երաժիշտը:
Նշենք, որ Արամ Խաչատրյան համերգասրահում նրա մանակցությամբ համերգը վաղը կմեկնարկի Երվանդ Երկանյանի «Միստերիա» ստեղծագործությամբ՝ ի նշան 88-ի երկրաշարժի 25-ամյա տարելիցի: Երեկոյի ծրագրում ներառված է նաև Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը։
Գերմանաբնակ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի մասնակցությամբ Հայաստանի Ֆիլհարմոնիկի դեկտեմբերի 13-ի համերգը նվիրված է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին: Դեկտեմբերյան ծրագիրը կամփոփվի հոբելյանական երեկոներով՝ նվիրված Բարսեղ Թումանյանի 55 և Հովհաննես Չեքիջյանի 85-ամյա հոբելյաններին։




