
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հայաստանում սողանքների վերաբերյալ ուսումնասիրությունները սկսվել են վաղուց և արդյունքում հայտնաբերվել է մոտ 3500 սողանք, որից հանրապետության համար վտանգավորը 200-ն են։ Մայրաքաղաքում` հատկապես Սարի թաղի սողանքները, որոնք մեծ վնասներ են հասցրել բնակչությանը, չեն էլ անհագստացնում պատկան մարմիններին, ասում է երկրաբան Ռուբեն Յադոյանը: Նա բազմիցս է դիմել քաղաքապետարան Հրազդանի, Գետառի և Ջրվեժի ձորերի գետերի հովիտներում և դրանց շուրջ հակասողանքային միջոցառումներ իրականացնելու համար, սակայն ոչ մի պատասխան: Սա մայրաքաղաքի մի փոքր հատվածի բնութագիրն էր: Սակայն մարզերում էլ է պատկերը նույնը:
Կապան, Սիսիան, Եղեգնաձոր, Գորիս. այստեղ են գտնվում Հայաստանի ամենավտանգավոր սողանքները: Աշխարհում ամենաերկար՝ Գինեսի ռեկորդակիր Տաթևի «ՏաԹևեր» ճոպանուղին, երկրաբան Ռուբեն Յադոյանի ուսումնասիրություններով, կառուցված է սողանքային գոտում։ Ճոպանուղու, ինչպես նաև Տաթևի վանքի վերականգնողական աշխատանքները և հակասողանքային ուսումնասիրությունները երկրաբանը պարտադիր է համարում:
Նոյեմբերյան, Շամշադին. այստեղ են գտնվում ամենաշատ սողանքները, իսկ գեղատեսիլ Դիլիջանն ինչքան որ գեղեցիկ է, այնքան էլ երկրաբանական կառուցվածքի տեսանկյունից վտանգավոր է: Երկրաբանը միշտ է բարձրաձայնել, որ այնտեղ մի փոքր շենք կառուցելու դեպքում անհրաժեշտ է հակասողանքային միջոցառումներ իրականացնել, որը, ըստ նրա, չի արվում: Երկրաբան Յադոյանն ահազանգում է՝ Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցը երկար կյանք չի ունենա։
Նա բարձրաձայնում է՝ անկարելի ոչինչ չկա և աշխարհում ընդունված հակասողանքային նոր մեխանիզմներ է առաջարկում։ Առաջարկում է տարբերակներն ու պահանջում կիրառել դրանք: Թեհրանում այսօր մեծ ծավալով իրականացվում են շենքերի վերականգման աշխատանքներ, որը մեզ մոտ չի կատարվում, սակայն Ռուբեն Յադոյանը շենքերի վերազինման համար դիմել է Երեւանի քաղաքապետարան և կառավարություն, բայց թե ինչպիսին է եղել արձագանքը, անհայտ մնաց:




