ԿարևորՀասարակություն

Կանայք բիզնեսում ավելի թափանցիկ են, ազնիվ ու պատասխանատու. ցույց են տվել վերլուծության արդյունքները

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանի գործատուների հանրապետական միությունն այսօր  կազմակերպել էր Կանանց ձեռնարկատիրության 2-րդ ազգային կոնֆերանս «ՀՀ-ում  կանանց ձեռնարկատիրության զարգացումը» խորագրով: Կոնֆերանսում ներկայացվել են ձեռնարկատիրության ոլորտում Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից իրականացված վերլուծության արդյունքները, բացահայտել կին ձեռնարկատերերի կարիքները, ներգրավվածությունը բիզնեսում: Վերլուծության արդյունքներով՝ կանանց ներգրավածությունը բիզնեսում նախորդ տարիների համեմատ աճել է:

Կանանց պոտենցիալը մեր հանրապետությունում քիչ է օգտագործվում, կարծում է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, որի   2009 թվականին կատարած  վերլուծությունները ցույց են տվել, որ կանանց ներգրավվածությունը բիզնեսում քիչ է` մոտ 729 հոգի, իսկ այս հինգ տարիների ընթացքում փոփոխությունների, ձեռնարկատեր կանանց նկատմամբ հետաքրքրության և ուշադրության  արդյունքում նրանց թիվն այսօր հասնում է մոտ 1200-ի: ՄԵր կանանց հետաքրքրության դաշտը լայնածավալ է` դիզայն, սեղանի և հարսանյաց սրահների ձևավորում, քաղցրավենիքի արտադրություն, անշարժ գույք: Հիմնականում նրանք քիչ թիվ են կազմում արդյունաբերության և տուրիզմի  ոլորտներում, այսօր  Կանանց ձեռնարկատիրության 2-րդ ազգային կոնֆերանսի ժամանակ նշեց  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Կառույցի վերլուծությունները  ցույց են  տվել, որ մեր օրենսդրությունը կանանց և տղամարդկանց համար սահմանում է հավասար իրավունքներ: Սակայն միակ խնդիրը կրթական, առողջապահական  և այլ  ոլորտներում գործող  օրենքների գենդերային տեսանկյունից ուսումնասիրված չլինելն է: «Կանայք տարբերություն են նկատում գործատուների մոտ, նրանց  աշխատավարձը 40 տոկոսով կարող է տարբերվել տղամարդկանց նույնատիպ  աշխատանքի դիմաց վճարից: Բացի այդ՝ կանայք կարծում են, որ իրենց հանդեպ պետք է ուղղված լինեն ավելի առանձնահատուկ ծրագրեր վարկավորման, բիզնեսի խթանման, խորհրդատվությունների համար»,- ասում է Մակարյանը։

Հայաստանի գործատուների միությունը կոնֆերանսին ներկայացրել է  ձեռնարկատեր կանանց աջակցող ծրագրեր, որոնց մեջ են մտնում երաշխիքային ֆոնդերի ստեղծումը, բիզնեսը ճիշտ կառավարելու համար վարկավորման  խորհրդատվությունը: Այսինքն՝ փորձառու կին ձեռնարկատերերը կարող են իրենց փորձը  փոխանցել սկսնակ ձեռնարկատերերին: Քաղաքական կյանքում նույնպես մեր կանանց ներգրավվածությունը քիչ է: Բիզնեսում կանայք ավելի թափանցիկ են, ազնիվ ու պատասխանատու, անկեղծացավ Գագիկ Մակարյանը և ավելացրեց, որ ձեռնարկատեր կանանց առջև ծառացած անլուծելի խնդիրներից է իրենց սեփականությունն ուրիշի անվանումով գրանցելը, սակայն միության նախագահը հուսով է, որ խնդիրը ժամանակի ընթացքում կլուծվի:

Փոքր և միջին ձեռնարկությունները   Ասիական բանկի հետ համատեղ իրականցնում են  կանանց ձեռնարկատիրության զարգացման ծրագիր` նրանց գործարար գիտելիքների խորացման, խորհրդատվություն և այլ ուղղություններով: Հիմնականում ձեռնարկատեր կանանց  հուզում է այսօրվա վարկային քաղաքականությունը,  անընդհատ փոփոխությունների ենթարկվող օրենքներն ու  հարկային վարչարարությունը

Փոքր և միջին բիզնեսում մեր կանայք մրցունակ են,  կարծում է անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրեն, կանանց ֆորում հասարակական կազմակերպության նախագահ  Լիլիթ Ավետիսյանը: Վերջինիս խոսքով` ձեռնարկատեր կանանց համար խնդիրներ միշտ կան, սակայն նախորդ տարիների համեմատ վիճակն այժմ բարվոք է: Ըստ նրա` ձեռնարկատեր կանանց աջակցելու համար անհրաժեշտ են հարկային փոփոխություններ իրականացնել։

Կարդացեք նաև

Back to top button